Չմիջնորդավորված կապ` բոլոր խոստումների փոխարեն


Լրագրողական անդաստանում իր ուրույն ձեռագիրը հաստատած Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԻ մուտքը քաղաքականություն` անցումային որոնումներ չունեցավ: Ինքնածանուցող տարուբերում ների փոխարեն` նա ի սկզբանե ճշտել էր իր հակումներն ու անելիքը: Անշուշտ, լրագրողական փորձով ձեռք բերած արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակությունն ու, ամենակարևորը` պատասխանատվությունը լավագույն ուղեկիցներն են քաղաքական դաշտում: - Քաղգործչի, պատգամավորի համար չպետք է ամեն ինչ սկսվի ու ավարտվի ընտրարշավներով: Ամենօրյա աշխատանք է պետք. ընտրողը քեզ հավատալով ձայն է տալիս. այդ հավա°տը պետք է արդարացնել: Ինքներդ էլ համոզվեցիք` իրենց ներկայացուցիչներին նրանք միշտ են ուզում տեսնել: Չեմ սիրում առանձնահատուկ շեշտադրումներ անել, բայց ԲՀԿ, թերևս, հայաստանյան իրականության մեջ սկզբից ևեթ զբաղեցրեց իր տեղը, որը կարծես դատարկ էր. ժողովրդի հետ կապը ոչ թե հինգ տարին մեկ է, այն էլ` սոսկ խոստումների տեսքով, այլ ամենօրյա է ու գործնական: Եվ դա կուսակցության նախագահի սկզբունքն ու պահանջն է: Կարծում եմ, որ ավելի պետք է սերտացվի կապը ժողովրդի հետ, և մենք ունե°նք ծրագիր: Քանի որ մեր հյուսիսային մարզերում ավելի շատ են սոցիալապես անապահով խավերը, հենց այդ մարզերից էլ սկսելու ենք առաջիկայում: «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ նախարարները խորհրդարանական մեր խմբակցության ակտիվի հետ կշրջեն բոլոր մարզերում, համայնքներում` ժողովրդի ձայնը լսելու, չմիջնորդավորված կենդանի կապ ստեղծելու մարդկանց հետ: Ընդ որում` ոչ միայն մեր կուսանդամների ու համակիրների. մեզ համար էական չեն քաղաքական նախասիրությունները: Ժողովրդին տարազատելը չէ մեր նպատակը, այլ նրանց խնդիրները հնարավորինս լուծելը, ինչի արդյունքում միայն կարելի է բարգավաճ Հայաստան կերտել,- ասում է Ն. Զոհրաբյանը: Այս պարագայում, իհարկե, նախընտրական երդումների կարիք չեն ունենա նման սկզբունք որդեգրած գործիչները: - Արդյո՞ք ԲՀԿ համամասնական ցուցակով մանդատ ստացած բոլոր պատգամավորներն են հավատարիմ այդ սկզբունքին,- հարցնում եմ զրուցակցուհուս: - Ասել, թե 26 հոգուց բաղկացած մեր խմբակցությունում բոլորի աշխատանքի արդյունավետությունը գոհացնում է` անկեղծ չի լինի: Ռեսուրսը կա°. այն օգտագործելու ճիշտ ձևը պետք է գտնել, ու դա էլ չի ուշանա: Պատգամավորը սոսկ կոճակ սեղմող չպետք է դառնա: Եթե առաջինը ինքներս չնկատենք մեր թերությունները և չխոսենք դրանց մասին, մեր աշխատանքը դառնում է իմիտացիա, ինչի արդյունքում տուժում են ժողովուրդը, երկիրը: Հիմնախնդիրը լուծելի է դառնում, երբ նկատում և բարձրաձայնում ես սեփական թերացումներդ: Այս մասին պետք է մտածեն մեր բոլոր գործընկերները: Իր գործնականությամբ վաղուց է ճանաչված «Գարուն» կարի արտադրական միավորման տնօրեն Գոհար ԵՆՈՔՅԱՆԸ: Նրա անհատականության և ջանքերի շնորհիվ հինավուրց ձեռնարկությունը չփլուզվեց: Հին կարգերի փլուզումից հետո նա չշվարեց ափնիբերան և առաջիններից մեկն էր, որ արտադրանքի իրացման շուկա գտավ արտերկրում: ԲՀԿ-ին անդամագրվելով` նա ոչ թե տանիք էր որոնում, այլ իր նպաստը բերելու հնարավորությունն էր տեսնում: Կուսակցությունում էլ իրե°ն հավատացի°ն. ՀՀ ԱԺ պատգամավոր է, ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ: - Նպատակս մեկն է` տարիներիս փորձով նպաստել մեր երկրի կայացմանը, պայքարել, որպեսզի լուծելի դառնան մեր առաջընթացին խանգարող հարցերը: Յուրաքանչյուրս իր տեղում եթե չզլանա իր շրջապատի մասին մտածել, արդյունքը ավելի արագ ու նկատելի կլինի: Չեմ կարող թաքցնել ուրախությունս, որ մինչև տարեվերջ մեր միավորումը 600 աշխատող կունենա: Այսինքն` 600 ընտանիք այլևս չի մտածի օտար ափերում ապրուստ հայթայթել: Պետք է ամեն ինչ անենք, որ աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի մարդիկ չհեռանան մեր երկրից:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ