Հրաշքների են հավատում


Հայտնի ճշմարտություն է` առողջությունը մեծամասամբ կախված է սննդի որակից: Այս տեսանկյունից կարևորագույն դեր են խաղում սանիտարահիգիենիկ այն պայմանները, որոնցում պատրաստվում կամ էլ իրացվում է տվյալ սննդատեսակը: Իսկ մաքրության չափանիշների խախտումները առավել բնորոշ է արևելյան փողոցային առևտրին, որից մեր ազգը կարծես թե մտադիր չէ հրաժարվել: Թեև որոշ սուպերմարկետների առկայությունը թվացնում էր, թե քաղաքակիրթ առևտրի շեմին ենք մոտենում, սակայն գետնանցումների և այլ էժանագին սննդօբյեկտ ները շարունակում են դժվարանցանելի դարձնել մայթերը: Եվ զարմանալին այն է` հասարակության ինչ-որ մի մասի համար իրոք գրավիչ է խառնափնթոր առևտուրը, և քաղաքային իշխանությունները մի տեսակ դեռ չեն կողմնորոշվել այդ թերությունը հաղթահարելու գործելաոճում: Վերոգրյալ երևույթները պարզաբանող Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Կարեն Գևորգյանի հավաստմամբ` այդ պայքարում կարևոր դերակատարություն ունեն նաև լրատվամիջոցների հետևողական անդրադարձումները: Բայց սոսկ հրապարակումներով առևտրի մակարդակը չի բարելավվի: Առավել ևս, երբ հենց ոլորտի պատասխանատուներն են անտեսում լրագրողների ու մյուս երևանցիների մտահոգությունը: Դիցուք, նրանցից ոչ մեկը չի՞ նկատում, որ Ագաթանգեղոս փողոցում տեղակայված սննդօբյեկտները գործում են նույնիսկ այդ վայրում իրականացվող մեծածավալ ճանապարհաշինութ յան պարագայում. Ղարսի խորովածն ու մնացյալ սննդատեսակները աղ ու պղպեղից բացի շինարարական փոշիով էլ են համեմվում: Լավատեղյակ լինելով հիշյալ հաստատությունների մասին` վարչության պետն իրազեկում է. - Մի օր առգրավեցինք սարքերը` մեծ աղմուկով, որովհետև դրսում էին դրել: Հետո բոլորը եկան ինձ մոտ. հրավիրեցի խորհրդակցության, և բոլորից պարտավորագիր ենք վերցրել. ներսում իրավունք ունեն այդ գործունեությունը ծավալել, որովհետև ներսում առկա են ջրի խողովակներ և չափանիշները պահպանվում են: Եթե ներսում է, նրանք սանէպիդկայանի համապատասխան թղթերն ունեն: Դիպուկ է ասված` ԹՂԹԵՐԸ: Անհավատալի է, բայց պարզվում է` ավտոերթևեկությունից ու շինարարությունից առաջացած փոշին կարող է գիտակցել և չհամարձակվել առնվազն 1 մ2 մակերես ունեցող բաց փեղկից ներս թափանցել, քանզի դա դեմ է օրենքին: Բացի այդ` մի՞թե այդտեղի ճենճերահոտը, որից ակամա փակվում է ախորժակդ, կարող է ենթադրել տալ, թե այդ սննդարտադրության կետերը սանիտարական չափանիշների հետ ինչ-որ առնչություն ունեն: Համակարծիք լինելով մեր դիտարկման հետ` Կարեն Գևորգյանը հավելում է. - Դուք ճիշտ եք: Այդ հարցով այժմ պետք է գյուղնախարարության համապատասխան տեսչությունը գա, և ներսի ճենճի հոտն էլ քաշի, չափը իմանա, արգելի և տույժի ենթարկի` անկախ այդ համապատասխան փաստաթղթերն ունենալուց: Դա դեռևս բավարար չէ: Եթե հակասանիտարական վիճակ է, և պատից կախված սանէպիդկայանի մեկ հատ թուղթ ունեն, դա նորմալ չէ: Ցավը նրանումն է, որ ստուգումների մասին օրենքով էլ այս համապատասխան տեսչությունները տարին մեկ անգամ են ծրագրավորում և շրջում այդ հաստատություններում: Որն էլ համարում եմ սխալ: Այդ առաջարկությունն էլ ենք արել, որպեսզի օրենքի մեջ փոփոխություններ կատարվեն: Սննդամթերքի պարագայում` չի° կարելի տարին մեկ անգամով բավարարվել: Բացի այդ, քաղաքացիներն էլ պետք է չօգտվեն այդպիսի ծառայություններից, և նրանք էլ կամաց-կամաց կհամակերպվեն այլ աշխատանք իրականացնելու մտքի հետ: Քաղաքացու զգոնությանն ապավինող այս տրամաբանությամբ եթե դատենք, փաստորեն, փողոցում ամեն ինչ էլ կարող են վաճառել` ընդհուպ մինչև թմրանյութ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ