ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ ՆՎԻՐՈՒՄ


Զարմանալի ու անբացատրելի զգացում է հավատ կոչվածը: Հավատ` մարդու, հայրենյաց գալիքի հանդեպ, որ նվիրում դարձած ցողվեց Արցախ աշխարհի ազատագրման ճանապարհին: Այդ հավատով էր նա նայում աշխարհին, թշնամուն անգամ… Հավատավոր էությա՞ն, թե՞ ներքին անմեկին հմայքի համար այնպես սիրում էին նրան ընկերներն ու բոլոր ճանաչողները: ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հունիսի 5-ին նա կդառնար 39 տարեկան: Ավաղ… չբոլորեց իր 25 գարունը և գնաց միախառնվելու հող հայրենիին, որի համար չէր խնայել ամենաթանկը` կյանքը: Սովորել է Երևանի N 169 միջնակարգ դպրոցում, աչքի ընկել գերազանց վարքով ու բարձր առաջադիմությամբ: Նրա տարերքը սպորտն էր. ծանրամարտում ունեցած հաջողությունների համար պարգևատրվել է բազմաթիվ մրցանակներով, արժանացել ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման: 1987-ին զորակչովել է բանակ: Ծառայության ընթացքում աչքի է ընկել աշխատասիրությամբ ու լրջմտությամբ, համարվել բարձր ինքնատիրապետում ունեցող կազմակերպիչ: Զինվորական ղեկավարությունը, ըստ արժանվույն գնահատելով Արթուրի մարդկային հատկանիշներն ու կազմակերպչական ունակությունները, նրան վստահում է դասակի հրամանատարի պատասխանատու պաշտոնը: Ի դեպ, զինվորական ծառայությունից ևս Արթուրը վերադառնում է` մրցանակների ու պարգևների արժանացած: 1990-ին աշխատանքի է անցնում Շահումյանի ՆԳ բաժնում և որպես ծառայության ակտիվ մասնակից` պարգևատրվում ՆԳ նախարարի կողմից: 1992-93 թթ. ակտիվ մասնակցություն է ունենում Գորիսի, Լաչինի միջանցքի և այլ շրջանների մարտական գործողություններին: 1993 թ. ընդունվում է ՀՀ ՆԳՆ Միլիցիայի բարձրագույն դպրոց: 1994-ի հունվարին կամավոր մեկնում է Ֆիզուլու շրջան, և մասնակցելով Հորադիզի թեժ մարտերին, հունվարի 21-ին զոհվում է` հերոսաբար… …Դատարկ էջերը խոսուն չեն լինում, բայց էջեր էլ կան, որ սպիտակ են մնում ապրած օրերը գնահատելու համար: Որպես ապրած մի կենսագրության` այդպիսի չգրված էջերը նաև ընդհատված սլացք են, հավերժության խորհրդավոր լռություն: Այդպես խոսում, անձնուրաց նվիրումի պատմություն է պատմում Արթուրի ուսանողական ստուգման գրքույկը: Ճիշտ է, չհասցրեց գնահատական ստանալ, բայց հայրենիքը նրան գերազանցության վկայագիր պարգևեց: Պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Մարտական ծառայության» համար մեդալներով, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: ԵԿՄ վարչության կողմից արժանացել է պատվավոր երկրապահի կոչման: Ի դեպ, կրտսեր եղբայրը` Գրիգորը, ևս Արթուրի հետքերով ավարտել է ՆԳՆ Միլիցիայի դպրոցը` ծառայության անցնելով ոստիկանության համակարգում: Գոհար մայրն ամեն անգամ սրտի մորմոքով ու երկյուղածությամբ համբուրում է նրանից մնացած մասունքները, շուրթերը լռելյայն սիրո խոսքեր են մրմնջում, իսկ արտասուքի մոլորված կաթիլները ճանապարհ են որոնում… Հասմիկ քույրը մտովի խոսում է նրա հետ. - Սիրելի Արթուր, քեզ այնպես եմ կարոտել և այնպես կուզեի, որ այս ամենը երազ լիներ: Մենք հինգն էինք, Արթուր: Դու գնացիր, բացակայում ես, բայց ֆիզիկապես միայն, քանզի դու ապրող ճշմարտություն ես, որ ապրեցնում է մեզ: Համազգեստը քեզ համար պատիվ էր, և դու այն կրում էիր հպարտությամբ` արթմնի պահելով հայի ազատագրական ոգին: Ես քեզ միշտ նմանեցնում էի ինչ-որ հերոսի ու չէի գտնում` ո՞ւմ… Հետո հասկացա, որ բոլոր հերոսները բնավորության մի ընդհանուր գիծ ունեն` անձնազոհություն: Եղբա°յրս, դու և քո նմանները հարստացրիք մեր ազգային ազատագրական պայքարի էջը… …Կյանքի չգրված էջերը խոսուն չեն լինում, բայց լինում է և այնպես, որ այդ էջերը պատմում են ինքնանվիրումի ու հավատավոր մի կենսագրության ընդհատված սլացքի մասին:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ