ՎԱՂԸ ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ Է


 

Մայիսի 5-ը հայտարարված է լռության օր: Այսինքն, այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է, ինչը նշանակում է, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն ու մեծամասնականով ներկայացված թեկնածուները կփորձեն մի վերջին անգամ շփվել ընտրողների հետ, ներկայացնել իրենց ծրագրերն ու խոստումները:

Հայաստանյան ներկա ընտրությունները որոշ քաղաքագետներ որակում են նախորդների շարունակություն, նույն սցենարների կրկնություն, մինչդեռ ոմանք էլ հակված են պնդելու, որ 2012-ի ընտրությունները տարբերվում են բոլոր նախորդներից իրենց անակնկալներով, «ոչ ստանդարտ» հայտածումներով: Առավելապես շատերի ուշադրությունը սևեռված է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին, ներքին ու արտաքին ինտրիգներին, որոնք արդեն մի քանի ամիս շատերի քննարկումների առարկա են դարձել: Վերլուծաբանների մի խումբ էլ առանձնացնում է մեծամասնականի խնդիրները` նշելով, որ աստիճանաբար տեղի են ունենում որակական անկումներ, պատգամավորության թեկնածուներ են առաջադրվում հիմնականում ոչ քաղաքական գործիչներ` առավելապես առաջ մղելով բիզնես աշխարհի ներկայացուցիչներին, որոնց համար խորհրդարանը վերածվում է յուրատեսակ «տանիքի»:

Մի վերջին անգամ մենք էլ քննարկենք այս պահին ստեղծված իրավիճակը, որով էլ կպայմանավորվեն առաջիկա ընտրություններում սպասվող զարգացումները:

Ակնհայտ է, որ ՀՀԿ և ԲՀԿ-ականները` կոալիցիոն գործընկերների միջև տեղի են ունեցել լուրջ գործընթացներ, որոնք ամեն կերպ փորձում էին հատկապես այն երևութականությունը ստեղծել, որ որևէ հակադրություն չկա, թե կուսակցությունը շարունակում է առաջնորդվել կոալիցիոն համաձայնություններով` ժամանակ առ ժամանակ փորձելով նաև ինքնուրույն լինել: Սակայն հենց այս «ժամանակ առ ժամանակի» մեջ էլ պահված է հիմնական ինտրիգը: Այո´, Գագիկ Ծառուկյանը շարունակում էր դեռ մինչև վերջերս պնդել, թե որևէ խնդիր չկա իր կուսակցության և ՀՀԿ-ի միջև, թե պատրաստվում է 2013-ի նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին: Մինչդեռ, շատերի համար անսպասելի, այս կուսակցություն եկավ Վարդան Օսկանյանը, ինչը նշանակում է, որ կուսակցության թիկունքին պահված թելադրող ուժ կա: Իսկ այդ ուժը, ինչպես արդեն տեսնում ենք, Ռոբերտ Քոչարյանն է, ով շատ երկար ժամանակ հեռու մնալով իշխանությունից և քաղաքական գործընթացներից, հանկարծ հիշեցնել տվեց իր մասին: Ակնհայտ է, որ Քոչարյանը կամենում է 2013-ին վերադառնալ իշխանություն: Անգամ, եթե ոչ իր անմիջական, ապա որևէ դրածո գործչի տեսքով, որի դերի ամենահավանական և նախընտրելի թեկնածուն Վարդան Օսկանյանն է: Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է նորից ողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքերում, ուստի նա խորհրդարանական ընտրությունները համարում է գլխավոր փորձ: Իհարկե, ԲՀԿ բոլոր գործիչները հերքում են Ռոբերտ Քոչարյանի գործոնի ներկայությունը, սակայն բոլոր իրադարձությունները հուշում են, որ ԲՀԿ-ՀՀԿ նկատելի հակամարտության մեջ հենց Քոչարյանն է դարձել «գլխավոր դիրիժորը»: ԲՀԿ-ն հիմա ձգտում է ձայների մեծամասնության, այսինքն` իշխանության մեջ սեփական դերի բարձրացման: Այս ուժն ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա ձևավորել կառավարություն կամ էլ ակնկալվող կոալիցիայում լինել թելադրող` լուծելով ԱԺ նախագահի և տեղակալների հարցը: Բնականաբար, ստանալով ձայների մեծամասնությունը` ԲՀԿ-ն կարող է իրենը համարել նաև վարչապետի պաշտոնը: Այսինքն, յուրատեսակ հեղաշրջում` ընտրությունների ճանապարհով: Այս ամենն էլ նախադրյալներ կստեղծեն, որպեսզի 2013-ին Քոչարյանը դառնա նախագահ կամ էլ «նյութականանա» Վարդան Օսկանյանի մեջ: Քոչարյանն, իհարկե, գիտե, որ կարող է չարժանանալ հանրության աջակցությանն ու համակրանքին, ուստի նա մնում է «ստվերում»:

Ցավոք, մենք չունենք հստակ արտահայտված վիճակագրական տվյալներ, ամեն անգամ խեղաթյուրված են ներկայացվում սոցհարցումները, ուստի չենք կարող հստակորեն ասել, թե ձայների ինչպիսի քանակ է ակնկալվում ԲՀԿ-ի համար, սակայն անմերժելի է, որ նա ֆավորիտներից մեկն է, և մի շարք ընտրատարածքներում կարող է ստանալ բացահայտ մեծամասնությունը:

Ընտրությունների անակնկալներից կարելի է համարել այն, որ ԲՀԿ-ն ներքին ալյանս է ձևավորել ՀԱԿ-ի հետ: Թվում էր, որ դեռ մինչև վերջերս Գագիկ Ծառուկյանին քննադատող քաղաքական միավորումը չպետք է գնար նրա հետ համագործակցության, սակայն ՀԱԿ-ը, չունենալով հզոր լծակներ, այսօր միայն մի խնդիր ունի` ամեն կերպ պայքարել ՀՀԿ-ի դեմ և նրան հեռացնել իր առաջատար դիրքերից:

Վաղը լռության օր է: Վաղը ոչ ոք իրավունք չունի հրապարակային հայտարարություններ անել, մեկնաբանություններ ներկայացնել: Իհարկե, դեռ կուլիսային հանդիպումներ ու քննարկումներ, վերջին ստուգումներ կլինեն, բայց դրանք շատ ավելի «տեխնիկական» բնույթի քայլեր կլինեն: Ուրեմն, մայիսի 6-ին սպասենք, որը կարող է իսկապես վճռորոշ օր է լինելու:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ