Օրենքից իրենց վեր դասողները կպատժվեն


 

Լավագույնս գիտակցելով առաջիկա օրերին կայանալիք համապետական ընտրությունների դերն ու կարևորությունը` ՀՀ ոստիկանությունը պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել հասարակական կարգուկանոնի, ընտրությունների պատշաճ իրականացման և բնականոն ընթացքի ապահովման իր առաքելությունը: Հենց այս նպատակների իրագործմանն են միտված Ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբի կողմից իրականացվող լայնածավալ աշխատանքները: Հերթական նիստից հետո արդեն իրականացված աշխատանքների արդյունքները ներկայացվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչներին` փորձելով նաև հարցուպատասխանի միջոցով էլ ավելի հստակեցնել առաջիկա աշխատանքների ուղղությունները:

Ոստիկանության խնդիրներն առավել քան հստակ են: 41 ընտրահանձնաժողովներում և 1975 ընտրատեղամասերում ծառայություն են անցկացնելու 9000 ոստիկաններ: Հիշեցնենք նաև, որ այսօրվանից օպերատիվ շտաբը գործում է շուրջօրյա: Անշուշտ, համագործակցությունն է´լ ավելի կնպաստի աշխատանքների արդյունավետությանը: Յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած բնույթի խախտում նկատելու դեպքում կարող է զանգահարել բազմուղի թեժ գծին, ինչպես նաև հերթապահ մասի մշտական հեռախոսահամարին:

Արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը պահանջ է ու նաև բոլորիս ցանկությունը: Ինչպես ոստիկանության պետի առաջին տեղակալ, օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության գեներալ- մայոր Հունան ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ հավաստիացրեց.

-Ոստիկանությունն արդար, թափանցիկ, որակյալ համապետական ընտրությունների անցկացումը համարում է բոլոր պետական և հասարակական ինստիտուտների, յուրաքանչյուր քաղաքացու պատվի գործը, և որդեգրած քաղաքականությանը հավատարիմ` ողջ ծավալով ու հրապարակավ իրականացնելու է օրենքով իրեն վերապահված պարտականությունները:

Նա հանգամանորեն ներկայացրեց այս փուլում կատարված աշխատանքների հակիրճ ամփոփումը.

- Նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 34 դեպք: Այդ թվում, որպես ստուգման ենթակա տեղեկություն` նախապատրաստվել է 3 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, իսկ որպես հանցագործության մասին հաղորդում դիտված 8 նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, դրանցից 3-ը հանցագործության դեպքի, իսկ 5-ը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: 21 նյութեր գտնվում են նախապատրաստման ընթացքում: Մեկ դեպքով դիմողին տրվել է տեղեկատվություն, քանի որ այն որպես հանցագործության մասին հաղորդում չի դիտվել:

27.03.2012-ից 01.95. 2012-ը ընթացքում Ոստիկանությունում ստացվել և մշակվել է ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ 6411 տեղեկատվություն: Որոնցից շուրջ 1072-ը` ընտրական շտաբներից, 100-ը` տարբեր ՀԿ-ներից, 671-ը` մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից, ինչպես նաև առանձին քաղաքացիներից, ԶԼՄ-ներից, էլեկտրոնային կայքէջերից:

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ- մայոր Արթուր ՕՍԻԿՅԱՆԻ ներկայացմամբ.

- Ստացված տեղեկատվություններից 3592-ը ստացվել է ոստիկանության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2819-ը` տարբեր անձանցից: Հիշյալ անճշտություններից 5668-ը վերաբերել են ընտրողների ռեգիստրում առկա մահացած անձանց, 413-ը` հաշվառված, սակայն ընտրացուցակներում չընդգրկված անձանց, 175 _ը` հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակներում ընդգրկված անձանց, և շուրջ 155-ը վերաբերել են անհատական առանձին տվյալներին` մասնավորապես կրկնվող անունների և սխալ հասցեների հետ կապված տեղեկություններն են:

Հիրավի, կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որի մասին փաստում է նաև հետևյալ վիճակագրությունը. հերքվել են` մահացած անձանց մասին 3795 տեղեկություններից 1883-ը, հաշվառված, սակայն ընտրացուցակներում չընդգրկված բոլոր 413 դեպքերը: 175 հաշվառում չունեցող, սակայն ընտրացուցակներում ընդգրկված անձանց տեղեկություններից միայն 5-ն է հաստատվել: Իսկ սխալ հասցեների և անհատական տվյալների մասին 155 տեղեկություններից` միայն 18-ը:

- Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ այս ընթացքում զուտ անճշտություն միայն 23 դեպքով է եղել,- հավաստիացնում է Ա. Օսիկյանը:

Վերջին շրջանում մամուլով մի շարք դեպքեր շահարկվեցին` մասնավորապես ընտրացուցակներում առկա կրկնվող անունների հետ կապված. առանձին դեպքերում մեղադրանքներ հնչեցին ոստիկանության հասցեին: Այս առումով ևս Ա. Օսիկյանի մեկնաբանությունները սպառիչ էին` վավերացված տեսանյութերով: Անդրադարձ կատարվեց հատկապես վերջերս Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Արմեն Վահագնի Պողոսյան կամ Պողասյան-ի տվյալներով միտումնավոր մուտքագրվել է 2 անձնագիր: Սակայն ոստիկանության արդյունավետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ տվյալ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Անձն առաջին անգամ անձնագրավորվել է 1995-ին, ապա վրիպակը շտկվել է: Ստացված յուրաքանչյուր տեղեկություն մանրակրկիտ վերլուծության է ենթարկվել: Ընդհանուր առմամբ հերքվել են կրկնվող անձանց մասին տեղեկությունները. 111 զույգ` 222 քաղաքացիներ ունեն միևնույն անուն, ազգանուն, հայրանունը, ծնվել են միևնույն օրը: Շուրջ 53 հազար անձանց դեպքում ծննդյան ամիս- ամսաթվի փոխարեն նշված է 00, քանի որ նախնական փաստաթղթերը չեն պահպանվել:

Այնուամենայնիվ, անճշտություններ առկա են ընտրացուցակներում, իսկ առանձին ուժեր ջանք չեն խնայում և անընդհատ տարփողում են դրանք: Իսկ ո՞ր ժամանակաշրջանից են այդ անճշտությունները, արդյո՞ք ամենաակտիվ շահարկողները դրանում չունեն իրենց մեղքի բաժինը: «Ավանգարդի» հարցին պատասխանեց ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը.

- Ընտրողների ռեգիստրը որպես այդպիսին` ձևավորվել է 2005-2006 թթ օրենսդրական փոփոխությունների հիման վրա, սկսել է գործել 2007-2008 թթ-ից: Սա առաջին համապետական ընտրությունն է, որ Անձնագրային և վիզաների վարչությունը որպես լիազոր մարմին այս համակարգով է կազմակերպում վարումը: Իսկ ինչ վերաբերում է անճշտությունների ժամանակագրությանը, ապա ակնհայտ է` կան թերություններ, որոնք նախկինում են թույլ տրվել և կան նաև ներկայումս թույլ տրված թերություններ: Սակայն այն աշխատանքը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարել ենք և այս ռեժիմով, շտկվել են բոլոր թերությունները: Հաջորդ համապետական ընտրություների ժամանակ, ես նկատի ունեմ նախագահական ընտրությունները, կունենանք ավելի կատարյալ ընտրողների ռեգիստր: Իսկ վարչարարությունը` ընտրողների ռեգիստրի վարման ուղղությամբ ավելի արդյունավետ կլինի:

Հանդիպման ավարտին գեներալ-մայոր Հունան Պողոսյանը կրկին հավաստիացրեց.

- Ոստիկանության դիրքորոշումը հետևյալն է. Ընտրությունները տոն են, և ոստիկանությունն ամեն ինչ անելու է, որ ՀՀ քաղաքացիներն ընտրության օրը տոնական տրամադրություն ունենան: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն իրենց օրենքից վեր դասել, թվացյալ արտոնություններից օգտվել, խիստ կպատժվեն:

- Մեր նախատեսած բոլոր գործողությունները և միջոցառումներն իրականացված են կամ իրականացման փուլում են,- փաստում է ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ` ներկայացնելով կազմակերպչական բնույթի և միջազգային դիտորդների գործունեությանը վերաբերող մանրամասներ.

- Օպերատիվ շտաբն իր ամենօրյա գործունեությունը ծավալում է համաձայն Ոստիկանության պետի հրամանի: Կուտակված ամբողջ տեղեկատվությունը վերլուծվում է և ընդունվում են դրանց համապատասխան որոշումներ:

Արդեն իսկ իրականացված է հասարակական կարգի և անվտանգության ապահովման միջոցառումների պլանով նախատեսված առաջին փուլը: Նախընտրական միջոցառումներն արդեն կատարված են: Աշխատանքների մի մասը կիրականացվի մայիսի 5-7-ը: Շտաբը գործելու է շուրջօրյա:

Գործում է բազմուղի թեժ գիծը, որի հեռախոսահամարն են` 54-69-12 և 54-69-14: Դրանից զատ` աշխատում են նաև մեր հերթապահ մասի մշտական հեռախոսագծերը` 58-75-00 և 58-03-10: Ցանկացած քաղաքացի կարող է ընտրությունների ժամանակ ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները և հաղորդագրություն կամ տեղեկատվություն տրամադրել: Միջազգային կազմակերպությունների դիտորդական առաքելության համար գործում են հատուկ հեռախոսային գծեր` 54-46-48 և 56-12-37 հեռախոսահամարներով:

Կուզենայի նաև տեղեկացնել, որ հանդիպումներ ենք ունեցել ինչպես ԱՊՀ, այնպես էլ ԵԱՀԿ և ԺՄԻԳ կազմակերպությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Լուծվել են բոլոր հուզող հարցերը. դրանք հիմնականում կապված են ոստիկանական մարմիններին տեղերում իրազեկելու հետ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ