Հա՞ որ...


 

Թերթերի հավաքածուներից մեկն աչքի անցկացնելիս ուշադրությունս գրավեց «Ծիծաղելին լուրջի հետ» խորագրի տակ զետեղված «Թույլ սեռը» յոթտողանոց այս տեղեկատվությունը. «Նրանք, ովքեր կարծում են, թե բրիտանական պառլամենտի անդամները փայլուն են տիրապետում հռետորական արվեստին, խորապես սխալվում են: Զառամյալ լորդ Ջոն Մագդոնալդը Լորդերի պալատում գտնված իր 38 տարիների ընթացքում չէր արտասանել ոչ մի ճառ: Վերջերս նա որոշեց վերջապես երևալ պառլամենտական ամբոխում: Բարձրացավ ամբիոն, բաց արեց բերանը և ... նորից նստեց տեղը: Հուզմունքից նա մոռացել էր իր ճառի տեքստը»:

Նրանց «Ծիծաղի և լուրջի» խնդիրը մի կողմ` մտքովս անցավ մեր խորհրդարանի առանձին անդամների «փակբերանությունը»: Եվ ի՞նչ. փոխանակ ինքս անուններ և փաստեր հավաքելու-համակարգելու, որոշեցի սույն ռեպլիկով դիմել բազմահազար ընթերցողներիս` հետևյալ առաջարկությամբ.

- Եկեք յուրաքանչյուրս ասենք, թե մեր կարծիքով, ո՞վ կամ ովքե՞ր են մեր խորհրդարանի ամենաերկարակյաց ու նաև` ամենալռակյաց, ամենահուզված և ամենամոռացկոտ անդամները: Եվ, եթե նեղություն չէ` ինչո՞վ է պայմանավորված նրանց այդչափ «համեստությունը». հռետորական արվեստին (ժողովրդական լեզվով ասած` գրել-կարդալուն) չտիրապետելո՞ւ պատճառով, թե՞ ավելորդ գլխացավանքի մեջ չընկնելու մտահոգությամբ: Կամ գուցե «լռութունը ոսկի է» կարգախոսի տրամաբանությամբ

լուռ ու մունջ ոսկի՞ են դիզում:

Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ