ԵՐԵՎԻ ԱՄԱՉՈՒՄ Է


 

Հանրությանը «Բենզին Ռուբո» մականունով հայտնի Ռուբեն Մասումյանը պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 12 ընտրատարածքում: Առաջադրողն էլ նրա հարազատ «Օրինաց երկիր» կուսակցությունն է: Սակայն ԲՀԿ-ից վռնդված և Գագիկ Ծառուկյանի հետ անձնական հաշիվներ ունեցող թեկնածուն իր նախընտրական պաստառներում չի նշում, որ ՕԵԿ անդամ է: Ոմանք ասում են, թե բազմաթիվ կուսակցությունների անդամ եղած այս մարդը հիմա ամաչում է նշել իր նոր կուսակցության անունը, որպեսզի ընտրողները հանկարծ չհիշեն նրա բազմակուսակցական անցյալը: Իսկ ոմանք էլ պնդում են, թե «Մասումը» ամաչում է հատկապես այն բանի համար, որ ներկայացված է «Օրինաց երկրի» կողմից: Ամաչում է, սակայն այս մարդու համար կարևորը պատգամավոր լինելն է: Կուսակցականությունը, երևի, առաջնային չէ:

Ցավոք, մեր թեկնածուների շարքում քիչ չեն նրանք, ովքեր հանուն պատգամավորական մանդատի` պատրաստ են իրենց հարազատ մորն էլ ուրանալ: Ու հենց սրանք են վաղն օրենքներ գրելու, «հանրության շահերը պաշտպանելու»: Իսկ ամենամեծ ցավն այն է, որ ընտրողներն էլ, այս մարդկանցից վերցնելով ընտրակաշառքներ, ձայն են տալիս նրանց: Մինչդեռ Արթուր Բաղդասարյանը Քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք կատարելու դրդմամբ, կոչ է անում մարդկանց` վերցնել կաշառք, բայց ձայն չտալ տվողներին…