ԵԼՔ` ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՄԲ


Երկխոսության արդեն իսկ կիսաբացված դուռը Կոնգրեսի ապրիլվերջյան հանրահավաքն առանձնացրել էր բոլոր նախորդներից: ՀԱԿ ընտրազանգվածն այդ անգամ ոչ միայն անարգել կերպով Ազատության հրապարակում լսեց իր բանախոսներին, այլ նաև լիարժեք դարձան նրանց հույսերը` առաջիկա շաբաթներին մարտի 1¬ի առիթով ձերբակալվածներին իրենց շարքերում տեսնելու: Այս ամենն, իհարկե, հրաշալի կարող է թվալ ու միգուցե այդպես է... Երեք տարի իշխանությանն ուղղված արմատական ների կոչերը ոչ միայն իրականանում են, այլ արդեն իշխանություն¬ընդդիմություն ձեռքսեղմման բավական տեսանելի հեռանկարներ են ուրվագծվում: Արմատացող այս միտումը ներքաղաքական կայունության առումով ընդհանուր զարգացումներից, իհարկե, ամենագնահատելին է: ՀԱԿ¬ն էլ կարծեք թե շահեկան վիճակում կարող է հայտնվել` թեկուզև երեք տարվա փակուղուց դուրս գալու առումով ու իբրև իշխանությանը կառուցողականորեն քննադատող և համագործակցության պատրաստ միավոր առաջիկա ընտրություններին մասնակցելով: Լ. Տեր¬Պետրոսյանի նախաձեռնությունը, սակայն, ցանկալի ընդունելություն չի գտնում: Ուշագրավ է, որ նման իրավիճակն ինչ¬որ առումով սպասելի էր: Այսօր ավելի լավ է երևում, որ Լևոն Տեր¬Պետրոսյանը նախորդող տարիներին ընդամենն այդ պայքարի խորհրդանիշի էր վերածվել, ու նրա վերջին ելույթը, որում կետ առ կետ ներկայացվեց ՀԱԿ¬ի առաջիկա անելիքները, ըստ էության սառը ջուր է լցրել նորահայտ անհնազանդների մշտաբորբոք տրամադրություններին: Դժվար չէ նկատել, որ առաջին Նախագահի ելույթները մեկնաբանելու ու «վերծանելու» մշտական սովորույթն այս հանրահավաքից հետո շրջանցեցին Կոնգրեսը ներկայացնող մարդ¬կուսակցությունները և հենց ՀՀՇ վերնախավը: Իհարկե, նման մոտեցումը կարող է նաև սպասողականությամբ պայմանավորված լինել, բայց եթե նույնիսկ արտահայտվելու հարցում արմատականներն առայժմ հապաղում են, ապա պարզից էլ պարզ է, որ նրանց երկար չի հաջողվելու համբերել: Շարքերն արդեն իսկ սկսել են ընդվզել, և «ներքևից» բարձրացող ոչ այնքան մեղմ ալիքի ազդեցությունը շատ շուտով բավական տարածական է դառնալու: Այս առումով հանրահավաքի օրը նստացույցի պատրաստվող ակտիվիստներին ցրելու հաջողված փորձը Կոնգրեսի համար թանկ է արժենալու: Բոլոր դեպքերում վստահաբար կարելի է ասել, որ շահելիքն ու կորցնելիքը ծանրութեթև անելու հնարավորություն Լ. Տեր¬Պետրոսյանը հաստատ ունեցել է, և այս պարագայում երկխոսությանը նախապատվություն տալն ուղիղ երեք տարվա գործընթացների վերլուծության, ինչպես նաև ակնհայտ ու անխուսափելի փակուղին շրջանցելու միջոց է: Կորցնելիքն էլ հավանաբար հաշվարկվել է և, համենայն դեպս, ավելի ծանր է կշռել երկխոսության նժարը: