ԻՆՉ ԷՐ «ՓՆՏՐՈՒՄ» ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ


Գյուղնախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած իր հերթական այցը բացատրել էր այսպես. ծանոթանալ գյուղացու վիճակին, սրտաբաց զրույց վարել: Սրտաբաց զրույցն այնքան էլ չի ստացվել, որովհետև գյուղացիները կարտոֆիլի որակյալ սերմացու ու բուժանյութեր են ուզել, իսկ Սերգո Կարապետյանն էլ սևեռվել է շաքարի գործարանի համար հումք արտադրելու խնդրին` առաջարկելով մարզի Ազատան գյուղի բնակիչներին զբաղվել շաքարի ճակնդեղի արտադրությամբ: Ինքը` նախարարն էլ, խոստացել է գալ ու մասնակցել մթերման աշխատանքներին: Կարծես թե վատ տեսարան չի ստացվի. գյուղնախարարը ճակնդեղ հավաքող կանանց շրջապատում` արևահար դեմքով: Եթե հանկարծ տրամադրությունն էլ լավ լինի` ազատանցի կանանց հետ կերգի...Հովվերգական պատկեր կլինի: Սակայն հովվերգությունը թողնելով գալիք օրերին` պարզապես հարցնենք, թե այդ ո՞ր երկրում է նախարարը հանդես գալիս մասնավոր ընկերության միջնորդի դերում` դույզն-իսկ խոսակցություն չբացելով այն սակագների մասին, որոնք առաջադրում է շաքարի գործարանի սեփականատերը: Իսկ սեփականատերը հաստատել է մեկ կիլոգրամ ճակնդեղի համար… 35 դրամ: Սա, իհարկե, ծաղրի նման մի բան է, որի առջև աչք փակելով` նախարարը խոսել է գյուղատնտեսության գերակայությունների մասին… Նախարարի` Շիրակի մարզում գտնվելու ժամանակ էլ, լուծարվել է Սննդի անվտանգության և անասնաբուժության մարզային կենտրոնը: Այս լուծարման մասին նախարարն, անշուշտ, տեղյակ էր, որովհետև որոշումը կայացրել է կառավարությունը, իսկ կառավարության նիստի ժամանակ էլ Սերգո Կարապետյանը չի փորձել հանդես գալ ի պաշտպանություն կենտրոնի, կարևորել նրա դերն ու նշանակությունը: Ըստ որոշ մասնագետների` լուծարման պատճառներն այն են, որ կենտրոնն իրեն չի արդարացրել, աշխատանքների մեջ թերացումներ են եղել: Ստացվում է, որ թերությունները վերացնելու և կենտրոնի գործառույթներն առավել ընդգրկուն դարձնելու փոխարեն` կառավարությունը որոշել է գնալ շատ հեշտ ճանապարհով` լուծարելով այն: Մարզի գլխավոր անասնաբույժն ասել է, թե լուծարումը կառուցվածքային փոփոխությունների հետևանք է: Իսկ մենք կառավարության որոշման մեջ չգտանք նշում կառուցվածքային փոփոխությունների մասին: Ըստ նույն անասնաբույժի` կենտրոնը սպասարկել է միայն գյուղական համայնքների բնակիչներին` տրամադրելով տեղեկանքներ` նպաստի համակարգում ընդգրկվելու համար: Օրինական հարց է առաջանում. իսկ ինչու՞ պետության կողմից լիազորված մարմինը` Շիրակի մարզպետարանը, համապատասխան վերահսկողություն չի իրականացրել, չի հետևել կենտրոնի աշխատանք ներին, չի պարտադրել աշխատել նաև քաղաքային բնակչության շահերի պաշտպանության համար` հետևելով սննդի անվտանգությանը: Տարիներ շարունակ Շիրակի մարզի լրատվամիջոցներն անդրադարձել են կենտրոնի խնդիրներին, ներկայացրել այն անմխիթար վիճակը, որը տիրել է այստեղ, սակայն մարզպետարանի աշխատակազմի գյուղվարչությունն ու նրա պետ Մովսես Մանուկյանը որևէ քայլ չեն ձեռնարկել, չեն փորձել Գյուղնախարարության ուշադրությունը հրավիրել կենտրոնին, գոնե տարրական պայմաններ ստեղծել գործունեությունն ապահովելու համար: Դրա փոխարեն` հիմա նույն վարչության պետը ցավով է ասում, որ անհայտ ու անորոշ վիճակ է ստեղծվել, ոչ ոք չգիտի, թե որ կառույցն է իրականացնելու Սննդի անվտանգության և անասնաբուժության այլևս լուծարված մարզային կենտրոնի գործառույթները: Շիրակի մարզում այժմ ընթանում է անասնագլխաքանակի հաշվառում, ութ հիվանդությունների դեմ պատվաստումների ծրագիր պիտի իրականացվի, իսկ ահա հենց Ազատան գյուղի գլխավոր անասնաբույժ Սամվել Մկրտչյանը ազատվել է աշխատանքից. նա շուրջ 5 ամիս աշխատավարձ չի ստացել: Չնայած ազատված լինելուն` գյուղում պարտադրում են նրան անասունների պատվաստում կատարել… Ի պատասխան այն հարցին, թե` այսուհետև ի՞նչ կառույց է զբաղվելու նախկին կենտրոնի գործառույթներով, գյուղնախարարն ասել է` ժամանակի խնդիր է… «Ինքնատիպ» վիճակ է ստացվում. երկրի ղեկավարը պահանջում է դեմքով շրջվել դեպի գյուղը, գյուղատնտեսության փրկության ծրագրեր իրականացնել, գյուղնախարարն է հաճախ հանդիպումներ ունենում հողի աշխատավորի հետ, բայց, միևնույն պահին, շարունակում են գյուղին անհրաժեշտ կառույցների ավերումներն ու անորոշության հաստատումը: Եթե կենտրոնի փոխարեն նոր կառույց չէր ստեղծվելու, եթե այլընտրանքային լուծումներ չէին առաջադրվելու` ինչու՞ են ավերում ստեղծվածը և գյուղացուն կանգնեցնում նոր խնդիրների առջև: Ո՞ւմ հայտնի չէ, որ կենտրոնի բացակայությամբ, անասնաբույժներին աշխատանքից ազատելով` իշխանությունները նպաստում են անասնագլխաքանակի անկմանը, հիվանդությունների տարածմանը… Օրեր առաջ ստեղծագործական գործուղման էի մեկնում Լեռնային Ղարաբաղ: Ողջ ճանապարհին դեպի Իրան ուղևորվող հսկա բեռնատարներն էին, որոնց թափքերը լի էին մանր եղջերավոր անասուններով: Եթե մենք չենք կարողանում պահել ու հետևել անասունների առողջությանը, ապա ավելի լավ է վաճառել ուրիշին` այսպիսով վերացնելով մայրական հոտը… Տխուր տրամաբանություն է, սակայն այսպիսին է իրավիճակը, որի առջև աչք են փակում գյուղատնտեսության պատասխանատուներն ու կառավարությունը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ