Քադաֆին պատերազմում է «Վիագրա»¬ով


ՄԱԿ¬ում ԱՄՆ¬ի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն Անվտանգության խորհրդի նիստում լիբիական զորքերի դեմ ելնելու ևս մեկ պատճառ է հնչեցրել: Նա հայտարարել է, որ Մուամմար Քադաֆին իր զինվորներին «Վիագրա»¬ի հաբեր է բաժանում, որպեսզի նրանք հեշտորեն բռնաբարեն կանանց (տեղեկացրել է ամերիկյան Foreign Policy¬ն): Ռայսն այս մասին բարձրաձայնել է փակ նիստի ժամանակ, որի ընթացքում Անվտանգության խորհրդի որոշ անդամներ մեղադրել են Արևմուտքից հովանավորվող կոալիցիային` որ նա ապստամբների կողմն անցնելով, նպաստում է Լիբիայում քաղաքացիական պատերազմի թեժացմանը: Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և այլ երկրներ անհանգստացած են, որ ՆԱՏՕ¬ի աջակցությունը վայելող ռազմական կոալիցիան գերազանցել է իր մանդատի սահմանները. իսկ այդ մանդատը նախատեսում է խաղաղ բնակչության պաշտպանություն: Ռայսն ընդգծել է, որ Լիբիայի հակամարտությունը սովորական քաղաքացիական պատերազմ անվանելն անհեթեթ է, որովհետև, ըստ նրա` ընդդիմությունը զենք է վերցրել միայն այն ժամանակ, երբ Քադաֆիի զինվորները կրակ են բացել խաղաղ ցուցարարների դեմ: Նա նաև վկայակոչել է մզկիթների գնդակոծումը, երեխաների գնդակահարությունները և «զինվորներին «Վիագրա» տալը, որպեսզի նրանց համար հեշտ լինի բռնաբարելը»: ՄԱԿ¬ի ներկայացուցիչները պնդել են, որ Ռայսն իր ասածների համար որևէ ապացույց չի ներկայացրել: Ի դեպ, նրանից 1-2 օր առաջ Քադաֆիի հասցեին նույն մեղադրանքը հնչեցրել էր նաև բրիտանական Daily Mail¬ը: Իրավապաշտպանների հավաստմամբ` այդ մեղադրանքներն առաջին անգամ հրապարակավ հնչել են անցած ամիս, երբ Աջդաբիի բժիշկ Սուլեյման Ռեֆադին «Ալ¬Ջազիրա» հեռուստաալիքով հայտարարել է, որ Քադաֆիի ռազմիկներին «Վիագրա» և պահպանակներ են բաժանում. - Ես տեսել եմ «Վիագրան», ես տեսել եմ պահպանակները, ¬պնդել է Ռեֆադին: