«ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ»


 

Ամեն առավոտ մեր բակում դրված երկու մեծ աղբամանների մոտ հայտնվում են երկու հոգի` հնամաշ ու կեղտոտված շորերով կանայք, յուրօրինակ հանդիսավորությամբ հանում են պայուսակներից ձեռնոցները, հագնում ու մխրճվելով աղբամանների մեջ` սկսում իրենց «աշխատանքը»: Նախ «տեսակավորում» են իրենց գտածոները, տեղավորում տարբեր պայուսակների մեջ, ապա հեռանում: Մոտ երկու ժամ անց արդեն նույն այս աղբամանների մոտ հայտնվում են երկու տղամարդ, կատարում գրեթե նույն գործողություններն ու հեռանում: Այսպես` ամեն օր:

Նրանք, ինչպես ասում են մեր բակում, այս աղբամանների «տերերն» են: Ասում են` քաղաքում բոլոր աղբամաններն էլ հիմա բաժանված են, ամեն մեկն իր տերն ունի, ամեն մեկի պարունակությունը պատկանում է կոնկրետ անձանց: Ասում են նաև, որ կան մարդիկ, ովքեր վերահսկում են աղբամանները, բաժանում նոր հայտնված «տերերի» միջև, նրանցից որոշակի գումար վերցնում նման ծառայություն մատուցելու համար… Երբ առաջին անգամ լսեցի այս ամսին` սոսկում ապրեցի, ուզեցի չհավատալ լսածիս: Սակայն շատերը նույնը պնդեցին, ու ես համոզվեցի, որ մեզանում մի նոր «սոցիալական ոլորտ» էլ է հայտնվել. աղբամաններն են «սեփականաշնորհվել»` ապահովելով ոմանց գոյությունը…

Հիմա ոչ ոք հետաքրքրությամբ կամ զարմանքով չի նայում աղբամանները քրքրող մարդկանց, նրանք մեր կյանքի անբաժանելի մասն են դարձել, երևանյան պատկերների բաղկացուցիչներից: Ասում են, որ «աղբամանների օլիգարխների» շարքում կան նաև նախկին մտավորականներ, մանկավարժներ…

Դե իհարկե, հո հարուստներ կամ նախկին պատգամավորներ չեն կարող լինել: Աղբամանների «կերակրատաշտի» մոտ հայտնվել են այն մարդիկ, ովքեր կորցրել են ապրելու լավատեսությունը, ովքեր զրկվել են ապրուստի միջոցներից: Ամեն տարի մենք հայտարարում ենք աղքատության դեմ պայքարի նոր ծրագրերի ու մեթոդների մասին: Ամեն տարի հպարտությամբ ասում ենք, որ Հայաստանում աղքատությունը նվազում է: Մինչդեռ աղբամանների մոտ անընդհատ ավելացող մարդկանց նայելով` կարելի է վստահորեն ասել, որ աղքատների թիվը չի կրճատվում, այլ օրավուր աճում է: Ներդրվող սոցիալական ծրագրերը փաստորեն ոչ միշտ են արդյունավետ, ոչ միշտ են օգտակար:

Աղքատության դեմ պայքարի համար պետք են խորքային, սակայն ոչ երբեք իրավիճակային լուծումներ: Ավելի ճիշտ` հարկավոր է համակողմանի սոցիալական քաղաքականություն: Աղքատացած ընտանիքներին հարկավոր է ոչ միայն խորհրդանշական նպաստներ տալ, այլև ստեղծել աշխատանքի պայմաններ, պայմանագրեր կնքել գործատուների հետ` նրանց տարաբնույթ աշխատանքներում ներգրավելու համար: Ավելին, հարկավոր է ստեղծել սոցիալապես անապահովներին սպասարկող խանութներ, որտեղ կարելի կլինի իրականացնել զեղչային և երաշխիքային առևտուր: Միայն այս դեպքում նաև հնարավոր կլինի մեղմել աղքատության ահագնացող ընթացքը: Միայն այսպես կարելի կլինի մոռացության մատնել մեր քաղաքի պատկերն աղավաղող «աղբամանների օլիգարխների» սրտաճմլիկ երթը: