ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ


 

ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ամեն կերպ «ջրում» էր խոսակցությունները Գյումրիում տեղի ունեցած «ռազբորկայի» մասին: Ավելին, պատգամավորն ու ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը հավաստիացնում էր, թե ինքը չի ճանաչում կռվի բռնվածներին, նրանք որևէ կապ չունեն իր հետ:

Սակայն իրազեկ աղբյուրները պնդում են, որ օրերս խուզարկություն է կատարվել պատգամավորի տանը, իսկ «ռազբորկայի» կազմակերպիչների մեջ հիշատակվում է նաև պատգամավորի հոր` քրեական հեղինակություն հանդիսացող «Մստոյի Կամոյի» անունը:

Այս «ռազբորկան» վկայությունն է այն կանխատեսման, որ Գյումրիում խաղաղ չեն անցնելու ընտրությունները: Իսկ ընտրատարածքում, որտեղ առաջադրված է Մարտուն Գրիգորյանը, առավել թեժ պայքար է ակնկալվում: Դեռևս 2008-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ Մարտուն Գրիգորյանի հայրն ու հորեղբայրները պատրաստ էին ամեն գնով նրան քաղաքապետ դարձնել` եթե չլինեին իրավապահների միջամտությունները: Իսկ հիմա նրանք որևէ բանի առջև կանգ չեն առնի, որովհետև կորցնելու շատ բան կունենան...

Գյումրեցիները տագնապով են խոսում առաջիկա ընտրությունների մասին, իսկ համապատասխան ընտրատարածքի բնակիչներին արդեն սարսափ է պատել, որովհետև հայտարարություններ են հնչել, որ Մարտուն Գրիգորյանին ձայն չտվողները հետագայում լուրջ խնդիրներ են ունենալու: