ԶԱՐԿ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ


 

Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, 2011 թվականին օֆշորային գոտիներում գրանցված տարբեր ընկերություններ կատարել են շուրջ 32 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի հանքարդյունաբերության մեջ: Իհարկե, 32 միլիոն դոլարը չնչին գումար է, սակայն այստեղ խնդիրը բնավ էլ գումարի չափը չէ:

Ուշագրավ է, որ այս ներդրողները գլխավորապես հայաստանյան պաշտոնյաներ են, ովքեր միշտ ձգտում են թաքնվել տարբեր մարդկանց անունների թիկունքում` այսպես լուծելով իրենց բիզնես խնդիրները: Բացի այդ, զարգացած տեխնոլոգիաների, այսպես կոչված «սիլիկոնային հովտի» տեսլականները ոչնչացնելով` ոմանք Հայաստանը վերածում են ընդամենը հանքահանման գոտու` մտածելով միայն ու միայն սեփական շահերի մասին:

Հայաստանում գրանցված է 400-ից ավելի հանք և բոլորը պատկանում են մասնավոր ընկերությունների: Հայտնի է, որ հումքային արդյունաբերությունը կոչված է ապահովելու մեծ եկամուտներ, մեծացնելու բյուջեի մուտքային մասը` այսպես հզորացնելով պետության ֆինանսական հենարանները: Հայաստանում հակառակն է կատարվում. որքան շատ են հանքերը, այնքան քիչ են պետության եկամուտները: Սա տնտեսագիտական պարադոքս է, որի գաղտնիքները միայն սեփականատերերն ու հարկային մարմինները գիտեն: Մեր ամենահպանցիկ դիտարկումներն իսկ ցույց են տվել, որ հանքերի եկամուտների ընդամենը մի չնչին մասն է գտնվում հարկային վերահսկողության ներքո, մինչդեռ «առյուծի բաժինը» ստվերային դաշտում է: Եվ հենց հարկային մարմիններն էլ չեն կարողանում արդյունավետ դարձնել հարկահանությունը: Պատճառն ավելի քան հստակ է. հանքերը գլխավորապես պատկանում են պաշտոնյաների և պատգամավորների, ովքեր էլ կարողանում են «տանիք» դառնալ ու խույս տալ հարկային պարտավորություններից: Կարելի էր հուսալ, որ Բնապահպանության նախարարությունն այստեղ պիտի կանգներ հարկայինի կողքին, նպաստեր հարկերից համապատասխան եկամուտների գանձմանը: Սակայն հենց այս նախարարությունն է նպաստում անօրինականությունների ամրապնդմանը` իր անգործությամբ սատարելով հանքահանությամբ զբաղվողներին:

Մի կարևոր խնդիր ևս դառնում է մեր մտահոգության առարկան: Հայաստանը գտնվում է ակտիվ երկրաշարժային գոտում, իսկ սա նշանակում է, որ ընդերքի շահագործումը պետք է լինի չափազանց զգուշավոր, հաշվի պիտի առնվեն տեկտոնական շերտերը, երկրաշարժային ռիսկերը: Բայց այս հանգամանքն էլ անուշադրության է մատնված, քանի որ ոմանց շահերը վեր են դասվում երկրի ու պետության շահերից: Մենք անընդհատ խոսում ենք գիտության և արտադրության սերտակցման մասին: Ուրեմն, արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Գիտությունների ակադեմիայի համապատասխան ինստիտուտներն ու մի շարք գերատեսչություններ` Բնապահպանության, Էկոնոմիկայի նախարարությունները համատեղ քննարկեն հանքահանության հեռանկարները, օգուտներն ու վնասները և գիտական հիմնավոր հայացք ձևավորեն այս ոլորտի մասին: Այսպես նաև հնարավոր կլինի վերահսկել երկրաշարժերի դեմ պայքարի միջոցառումները, երկիրը փրկել հնարավոր վտանգներից: