ՍՈՎՈՐԱԿԱՆ ՑԻՆԻԶՄ


 

Կարող ենք չզարմանալ մի օր, երբ իմանանք, որ, ասենք, Օպերայի և բալետի թատրոնը տրամադրվել է որևէ գործարարի` այստեղ տոնավաճառ կազմակերպելու համար: Կարող եք չառարկել, որովհետև մենք ականատեսը դարձանք, թե ինչպես «Այրարատ» կինոթատրոնը տոնավաճառի վերածվեց: Խանութ-տոնավաճառի վերածվեց նաև «Հայաստան» կինոթատրոնը: Դե մի օր էլ օպերային թատրոնն ու ֆիլհարմոնիան էլ կարող են տրամադրվել տոնավաճառների սեփականատերերի: Քանի որ կարևորը փողն է: Իսկ մշակույթի հերն էլ անիծած...

Ժամանակներ առաջ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը վերածվել էր մարզահանդեսի ցուցադրավայրի: Այդ փաստը կարծես չանհանգստացրեց արվեստի մարդկանց, որևէ մեկին չհուզեց: Գուցե շատերը տեղյակ էլ չեղան կատարվածի մասին, որովհետև մեր նշանավորագույն թատրոնն ասես դուրս է մղվել շատերի գիտակցությունից: Կատարվածը ոմանք անգամ արդարացրեցին` պատճառաբանելով, թե ծանր տնտեսական վիճակում հայտնված թատրոնին փող էր պետք:

Բայց մենք այլ կարծիք ունեինք:

Այդ գուցե արտաքուստ անմեղ թվացող իրադարձությունը կարող էր նախադեպ դառնալ, կարող էր «կանաչ լույս» վառել նմանատիպ միջոցառումների առջև: Եվ չէինք սխալվում:

Հիմա էլ տեղեկացանք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում կազմակերպվելու է «Համահայկական էքսպո 2012» ցուցահանդեսը, որտեղ պետք է ներկայացվեն Հայաստանում գործող բազմաթիվ ընկերությունների արտադրատեսակները: Համերգասրահում, ինչպես ենթադրում ենք, ցուցադրվելու է այն ամենը, ինչն արտադրվում է մեր երկրում: Այդ թվում նաև` սննդամթերք: Ուրեմն, երշիկներ, պանիրներ... Պատկերացնո՞ւմ եք, մշակույթի օջախում, որտեղ հնչում են Բեթհովենի, Մոցարտի, Խաչատրյանի, Հայդնի, համաշխարհային երաժշտական մշակույթի մյուս երևելիների ստեղծագործությունները, մարդիկ շրջելու են` վայելելով երշիկը, ուտելով պանիրն ու կարագը, գուցեև հայաստանյան լճակներում աճեցվող ձկնային խորովածը...

«Արամ Խաչատրյան» դահլիճի տնօրինությունը պայմանագիր է կնքել ցուցահանդեսը կազմակերպող ընկերության հետ, որը հայտնել է, թե սննդամթերք չի ցուցադրելու: Բայց զարմանալ կարելի է տնօրինության միամտության վրա. եթե հայաստանյան արտադրանքի ցուցահանդես է, ուրեմն ինչպե՞ս կարող է սննդամթերք չլինել:

Բայց հիմա կարևորն այն չէ, թե ինչ են ցուցադրելու: Հիմա մեզ մտահոգում է մեկ այլ խնդիր: Մինչև ե՞րբ պետք է մեզ մոտ ոմանք առաջնորդվեն ամեն ինչ խառնշտելու, նյութական վիճակը վահան դարձնելու ճանապարհով: Համերգային սրահը պիտի ծառայի բացառապես համերգային նպատակներին, մշակութային միջոցառումներին: Ուրիշ մեկ այլ միջոցառում չպետք է տեղ գտնի նմանատիպ սրահներում: Փառք Աստծո, Հայաստանում դեռ կան համապատասխան սրահներ ու տարածքներ, որտեղ կարելի է ցուցադրություններ կազմակերպել: Նմանատիպ ցուցադրությունների կազմակերպման ավանդույթ է ձևավորվել Կառավարության նիստերի նախկին դահլիճում, «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրի ճեմասրահում, կարելի է նաև օգտագործել որևէ մարզադահլիճ: Ինչո՞ւ հատկապես այն շենքը, որի մի մասում Օպերայի և բալետի թատրոնն է, մյուս մասում` «Արամ Խաչատրյան» համերգասրահը: Իհարկե, կազմակերպիչները ցանկանում են քաղաքի կենտրոնում լինել, ինչպես ասում են` «պրեստիժ» շենքում: Եվ առևտրականի հոգեբանությամբ առաջնորդվելով` նրանք արհամարհում և ոչնչացնում են արվեստը, մշակույթը: Նրանց մեղադրելով, ուզում ենք նաև մեղադրանք ներկայացնել բոլոր նրանց, ովքեր համերգասրահների դռները բացում են նման նախաձեռնությունների առջև: Այդ մարդիկ հավանաբար աչքի լույսի պես են պահում իրենց սեփական բնակարանները, երևի թույլ չեն տալիս մի սենյակում մյուսի կահույքից ինչ-որ մաս դնել, բայց ահա իրենց վստահված մշակութային օջախներում կարող են անել ամեն ինչ: Մշակույթի նախարարը մոտ հինգ տարի առաջ թատրոնների և համերգասրահների տնօրեններին կոչ արեց ամեն ինչ անել` արտաբյուջետային միջոցներ ձեռք բերելու համար: Նա կարևորեց շենքերի վարձակալության սկզբունքը, սակայն հազիվ թե ասեր` ամեն ինչ արեք` մշակույթը ոտնակոխ անելու համար:

Աշխարհի ոչ մի երկրում չեք տեսնի նման անթույլատրելի վոլյունտարականություն, նման անհանդուրժելի վերաբերմունք մշակույթի հանդեպ: Մեզ մոտ կտեսնեք: Կտեսնեք, որովհետև հաճախ էլ մշակույթի օջախները ղեկավարում են պատահական մարդիկ, մշակույթի արժեքն ու բովանդակությունը չընկալող անձինք: Նրանց համար միևնույն է, թե ինչպես և ինչ ճանապարհով են ձևավորվում արտաբյուջետային միջոցները: Կարևորը փողն է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ