Համացանցային և վիրտուալ ծուղակներ


 

(Սկիզբը` «Ավանգարդ-հրատապ»-ի թիվ 17-ում)

Սոցիալական ցանցերը միլիոնավոր մարդկանց հնարավորություն են ընձեռում շփվել միմյանց հետ, ծանոթություններ հաստատել, իսկ հոգեբանները պնդում են, որ սոցիալական ցանցերը թաքնված վտանգ են պարունակում դրանցից օգտվողների ֆիզիկական ու հոգեկան առողջության համար: Սոցիալական ցանցերի երևույթն ուսումնասիրողների կողմից նման պնդման հիմքերից մեկն, օրինակ, հետևյալն է` www.odnoklΖssniki.ru և www.vkontΖkte.ru կայքերում, այսպես ասած, անմիջական շփման մեջ գտնվելու ամենակարճ ժամանակը երեք ժամն է, իսկ անընդմեջ օնլայն ռեժիմում անցկացված առավելագույն ժամանակը եղել է երեսուն ժամ: Սա արդեն փաստում է սոցիալական ցանցերից կախվածության մասին: Սոցիալական ցանցերում շփումը, լինելով գրաքննությունից դուրս միջավայր, կարող է բացասաբար ազդել նույնիսկ չափահաս մարդկանց հոգեվիճակի վրա, մինչդեռ օգտվողների մի հսկայական բանակ անչափահասներ են:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի բնորոշմամբ` ինտերնետային կախվածությունը կարող է, ի վերջո, հոգեկան հաշմանդամության հասցնել մարդուն` նրան զրկելով իրական կյանքում դրսևորվելու կարողությունից:

Սոցիալական ցանցերից օգտվողը կարող է ստանալ անսահմանափակ, ոչ մեկի կողմից չվերահսկվող տեղեկություն: Ամենավտանգավորը ինտիմ ծառայությունների առաջարկներն ու պոռնոգրաֆիայի գովազդն են, ու եթե հաշվի առնենք, որ սոցիալական ցանցերից օգտվողների մեջ շատ են դպրոցական տարիքի երեխաները, ապա պարզ կդառնա, թե նման տեղեկատվությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ նրանց ներաշխարհի վրա: Միաժամանակ, սոցիալական ցանցերից օգտվողների էջերը հաճախ են ենթարկվում հարձակման. ինչ-որ մեկի լուսանկարների տեղադրում ոչ քաղաքակիրթ ցանցերում, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկությունների ապօրինի տարածում, վիրավորանք, զրպարտություն և այլն:

Հետևապես` այս հրապարակումը նաև նախազգուշացում է բոլոր այն դյուրահավատներին, ովքեր կարող են դառնալ վիրտուալ զգացմունքների գերին: Հիշեք, որ այս վիրտուալ աշխարհում, ինչպես իրական կյանքում, ցանկացած գործընթաց կարող է օգտագործվել հանցավոր տարրերի կողմից` հանցավոր նպատակներով: Ոստիկանությունը նաև զգուշաց- նում է քաղաքակրթության նվաճումը` ինտերնետը, մարդու դեմ ուղղողներին և նորանոր դյուրահավատ մարդկանց համար ծուղակներ լարողներին. բոլոր ապօրինի և հանցավոր արարքները վաղ թե ուշ բացահայտվում են: Պետք չէ մոռանալ, որ բարձր տեխնոլոգիաներն այսօր մուտք են գործել նաև ոստիկանություն: Եվ կիբեռհանցագործության դեմ մղվող պայքարում վերջին շրջանում միայն հաղթանակներ են արձանագրվում: