Լրագրողներին վստահում են

3-ը ապրիլի 2012թ. Երևան Մաշտոցի պողոտա-Սարյան փող.


 

Խորհրդարանական ընտրությունները նախորդներից կտարբերվեն և այն առումով, որ ընտրացուցակներում ընդգրկված են նաև բազմաթիվ լրագրողներ:

Հետաքրքիր է մեր քաղաքացիների վերաբերմունքն այս առնչությամբ: Տեսնո՞ւմ են արդյոք լրագրողներին օրենսդիր դաշտում:

Թամարա ՇԱՀՎԵՐԴՅԱՆ,  չի աշխատում, 60 տ.

- Նույնիսկ շատ դրական եմ վերաբերվում այդ իրողությանը: Որովհետև վերջապես նորմալ ու գրագետ մարդիկ են մտնելու Խորհրդարան: Եվ կարող են հարցեր բարձրացնել. այնպիսի հարցեր, որոնք իսկապես մտահոգում են ժողովրդին: Իսկ լրագրողի փորձը թույլ է տալիս ավելին իմանալ այդ հոգսերի ու մտահոգությունների մասին: Լավ կլինի, եթե իհարկե ճիշտ, արդար ընտրություններ անցկացվեն, որին երբեք չեմ հավատացել: Ես իրենց տեսնում եմ քաղաքականության մեջ: Եթե մարդը` այս դեպքում կոնկրետ լրագրողը հասել է այն աստիճանի, որ իրեն առաջարկել են մասնակցել ընտրություններին, նշանակում է նա իսկապես արժանիքներ ունի:

Սուսաննա ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ, հեռուստամեկնաբան, 25 տ.

-Անկեղծ ասած` դրական եմ տրամադրված: Որովհետև գաղտնիք չէ, որ լրագրողները տեղեկացված են բոլոր ոլորտներից: Նրանց ներկայությունը խորհրդարանում իր դրական ազդեցությունն անշուշտ ունենալու է` թե´ կարծիք հայտնելու, թե´ ընդհանրապես բոլոր առումներով: Այսինքն` լրագրողներին տեսնում եմ օրինաստեղծ դաշտում:

Սարգիս ԿՈՋՈՅԱՆ, գործարար, 55 տ.

- Վերաբերմունքս դրական է: Տեսնում եմ նրանց քաղաքական դաշտում: Սակայն կարծում եմ, որ ոչ բոլորը կարող են իրենց ճիշտ դրսևորել: Վախկոտ լրագրողն այս ոլորտում երբեք հաջողության չի հասնի: Իսկ համարձակությունը գործի կեսն է:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

- Շատ լավ է: Որքան շատ լինեն լրագրողները խորհրդարանում, այնքան ավելի լավ: Ակտիվ են, ճարպիկ, կողմնորոշվող և շատ բան կարող են փոխել: Մի պայմանով միայն` եթե չկաշառվեն:

Սոնա ԲԱԼԱՅԱՆ, պատմաբան, 24 տ.

- Ճիշտն ասած` այնքան էլ համամիտ չեմ այն կարծիքի հետ, որ խորհրդարանը լրագրողների տեղն է: Ու ընդհանրապես քաղաքական դաշտում չեմ տեսնում նրանց: Միգուցե լրագրողներն ավելի կողմնորոշվող են, ավելի ակտիվ, բայց որպես քաղգործիչներ չեմ պատկերացնում նրանց: Այսինքն` կան այնպիսի հատկություններ, որոնք բացակայում են լրագրողների մոտ: Հարկ եղած դեպքում անհրաժեշտ ճիշտ որոշումներ կայացնելիս լրագրողը երևի կողմնակալ կլինի: Իհարկե խոսքս ոչ բոլորին է վերաբերում, բայց ընդհանուր տպավորությունն այդպիսին է: Քաղաքական իրավիճակի մասին լուրջ վերլուծություններ անելու համար համապատասխան խորքային գիտելիքներ և կրթություն է անհրաժեշտ: Օրենսդիր դաշտում աշխատողը պետք է տիրապետի այնպիսի գիտելիքների, որ աչքի առաջ միշտ ունենա անցյալի սխալները, վրիպումները, խուսափի դրանցից, ուղղորդվի այն չափանիշներով, որոնք ժամանակին հաջողություն են բերել մեզ:

ԼՈՒՍԻՆԵ

- Կարծում եմ` ճիշտ է լրագրողների մասնակցությունը: Որքան տեղյակ եմ, բացի լրագրողներից նաև դասախոսներ, այլ մասնագիտությունների տեր մարդիկ էլ կան: Մասնագիտությունը չեմ կարևորում, այլ սրտացավությունը: Իսկ լրագրողները գնահատելի որակներ ունեն, որոնք անշուշտ դրական ազդեցություն կթողնեն: Չեմ կարծում, որ գլոբալ որևէ խնդիր կկարողանան լուծել, բայց ինչ-ինչ հարցերի, խնդիրների շուտափույթ վերհանմանը կարող են նպաստել: Իսկ դա արդեն իսկ մեծ օգնություն է:

ՍԻՐԱՆՈՒՇ, դերասանուհի, 18 տ.

- Ճիշտն ասած տեղյակ չէի, բայց եթե նպատակ ունեն որևէ բան անել ժողովրդի, մեր երկրի համար, եթե կարող են օգտակար լինել` ինչո՞ւ ոչ: Ես ամենևին դեմ չեմ: Ավելին, իրենց ակտիվությամբ, շփումներով միգուցե ավելի մեծ հաջողության հասնեն: Բացի դրանից, նրանք իրենց պրակտիկայի ընթացքում ավելի շատ են առնչվել ժողովրդի հետ և ավելի լավ գիտեն հոգսերը: Եթե արդար են, եթե կարտահայտեն այն, ինչ իսկապես կա, ինչո՞ւ ոչ: Հատուկ մասնագիտություն չկա պատգամավոր դառնալու համար: Եթե մարդն ունի հնարավորություններ, հեռանկարներ, ինչո՞ւ նրան հնարավորություն չտալ:

Արմինե ԳԱԼՍՏՅԱՆ, 35 տ.

- Կարծիքս դրական է: Այն առումով, որ լրագրողներն ավելի տեղեկացված են, և դա անշուշտ կնպաստի նրանց գործունեության արդյունավետությանը:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

- Նորմալ եմ վերաբերվում: Եթե կընդառաջեն մեզ, կմտածեն ժողովրդի մասին, դեմ չեմ:

Ռիտա ԵՐՎԱՆԴՅԱՆ, 54 տ

- Ով էլ լինի, մեզ համար միևնույն է, միայն թե մտածեն ժողովրդի մասին: Իսկ լրագրողներն ավելի տեղեկացված են, ավելի կողմնորոշվող ու ճարպիկ են: Եվ ամենակարևորը` նրանք ավելի լավ գիտեն մեր խնդիրների մասին և հարկ եղած դեպքում կբարձրաձայնեն:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ