ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՂՄ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ


 

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեծ շուքով անցան հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 115 և հայ գրատպության 500-ամյակներին նվիրված հանդիսությունները, որոնց նախաձեռնողը «Ծաղիկ» գրական-գեղարվեստական հանդեսն էր, իսկ համահովանավորները` ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու Լիբանանում ՀՀ դեսպանատունը: Այս հանդիսություններին որպես գլխավոր բանախոսներ, մասնակցում էին բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար, «Ավանգարդ» թերթի աշխատակից Լևոն Մութաֆյանը:

Հանդիսությունների շրջանակում, որպես բացառիկ իրողություն, Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանն ընդունեց Հայաստանից մեկնած մտավորականներին:

- Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Լիբանանի նախագահն ընդունում է հայաստանցի արվեստագետների և մտավորականների: Ուստի, մենք կարևորում ենք այս փաստը և այն համարում ինչպես Հայաստանի, այնպես էլ լիբանանահայ համայնքի հանդեպ իշխանությունների ունեցած ջերմ վերաբերմունքի արտահայտություն,- ընդգծել է Լիբանանի պետական երեսփոխան Շանթ Չինչինյանը, ով հանդիպման ժամանակ ստանձնել էր նաև թարգմանչի պարտականությունները:

Հանդիպման ժամանակ նախագահ Սլեյմանը հետաքրքրվել է հայ մշակույթի և գրականության ներկա վիճակով: Ինչպես Լևոն Մութաֆյանը, այնպես էլ Նորայր Ադալյանը նախագահին պատմել են այն դրական տեղաշարժերի մասին, որոնք այսօր գրանցվել են մեր մշակութային իրականության մեջ: Լևոն Մութաֆյանը նախագահի ուշադրությունը սևեռել է հայ-լիբանանյան մշակութային առնչություններին և մասնավորաբար խոսել բեյրութահայ մշակութային ու հատկապես թատերական կյանքում առկա մեծ ներուժի մասին: Նա Լիբանանի նախագահին խնդրել է որոշակի ուշադրություն դարձնել ինչպես լիբանանահայ ազգային թատերախմբերին, այնպես էլ նրանց նշանավոր ու վաստակած դեմքերին:

Նախագահ Միշել Սլեյմանը, համաձայնելով Լ. Մութաֆյանի արտահայտած այն մտքի հետ, որ հայերն այստեղ ոչ թե հյուրեր են, այլ երկրի իրական տերեր, հաճույքով անդրադարձել է իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Երևանում կայացած հանդիպմանը: Նաև տեղեկացրել է, որ իր հրավերով աշնանը ՀՀ նախա- գահն է այցելելու Բեյրութ: Իսկ սա նշանակում է, որ երկու պետությունների միջև սկիզբ առած երկխոսությունը կշարունակվի և նոր զարգացումներ կունենա:

Հանդիպման ավարտին Լ. Մութաֆյանը Լիբանանի նախագահին է հանձնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նվերը` «Անի 1050» գիրքը, իսկ Ն. Ադալյանը նվիրել է իր «Սև քառակուսի կարմիր անապատում» վեպը, որը նվիրված է Ցեղասպանությանը: Նախագահը ցանկություն է հայտնել այդ վեպը կարդալ ֆրանսերենով կամ անգլերենով:

Դժվար չէ պատկերացնել, թե Լիբանանի նախագահի կազմակերպած ընդունելությունը որքան կարող էր ոգևորել բեյրութահայ համայնքին, նրա մտավորականությանը.

- Մենք շատ բարձր ենք գնահատում այս ընդունելությունը, ուրախանում ենք և հպարտանում: Այն նոր լիցք է հաղորդում մեզ և ներշնչում, որ հայերի ունեցած դերը Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում բարձր է գնահատվում իշխանությունների կողմից,- ասել է «Ծաղիկ» հանդեսի խմբագրապետ Ասպետ Ռուբինյանը: