Մերկացեք. թեկուզ` թանգարանում


 

Սիդնեյի ժամանակակից արվեստի թանգարանը որոշել է դռները բացել` բացառապես մերկ այցելուների առջև:

Ավստրալիայում ամենաշատ այցելուներն ունեցող ու ամենահեղինակավոր թանգարաններից այս մեկը կամենում է տեղի բնակչությանը և զբոսաշրջիկներին մերձեցնել արվեստին` ցուցադրելով, որ լավագույն կտավներում պատկերված կերպարների և սովորական մարդկանց միջև ոչ մի տարբերություն չկա: Ընդ որում, նշանավոր նկարիչներն ու հովանավորները ծրագրել են հաջորդ ամիս իրականացնել այդ ծրագիրը և մտադիր են 6 անգամ մերկասերներ ընդունել: Եվ, իհարկե, գովազդային բոլոր միջոցներով բոլոր ցանկացողներին հրավիրում են մասնակցել կենդանի արարած-արվեստ զուգորդմանը: Բնականաբար` մերկանդամ:

Կազմակերպիչներն ընդգծում են, որ իրենց այս մտահղացումը տարիքային խիստ սահմանափակում ունի և կկայանա միմիայն գիշերային ժամերին:

Առաջին «ցուցադրությունը» տեղի կունենա ապրիլի 28-ին:

- Սիդնեյը սիրում է մերկ մարդկանց: Մեզ մոտ շատ են մերկասերները (նուդիստ),- պարծեցել է ծրագրի պատասխանատու Ռեյչել Քենթը:

Արվեստն, ասում են` զոհեր է պահանջում: Բնականի ու գեղարվեստի այս համադրությունում, հետաքրքիր է, ո՞ր կողմն է լինելու գեղեցկածին զոհը` անհագուստ բնորդնե՞րը, թե՞ նրանց դիտող այցելուները: