ԱՐՏԱՀԵՐԹԸ ԴԵՌ ՀԱՂԹԱՆԱԿ ՉԷ´


Չգիտես` ի՞նչ տրամաբանությամբ ընդդիմությունը ներքաղաքական զարգացումներին շարունակում է նայել որպես վառոդով լի տակառի: Ու, չգիտես ինչո՞ւ` արմատականներին հաճախ է թվում, թե այդ «տակառն» ուր-որ է պայթելու է... Սակայն հակառակ թվացյալ պայթյունավտանգությունն ահագնացնելու նրանց ջանքերին, կյանքն իրականում հանդարտ ու խաղաղ հունով է ընթանում: Արտահերթ ընտրությունների ուրվականը երբեք հանգիստ չի տվել հայրենի արմատականներին, ինչն էլ մշտառկա լարվածություն առաջացնելով` անկանխատեսելի է դարձնում նրանց պահվածքը` հաճախ հենց իրենց ծիծաղելի իրավիճակներում դնելով: Դիցուք, դժվար է հիշել, թե նրանք քանի անգամ հայտարարած կլինեն արտահերթ ընտրությունների անխուսափելիության մասին և նույնիսկ կոնկրետ ժամկետներ նշելով` քանիցս իրենք իրենց հերքած, հակասած կլինեն: Եթե նրանց բոլոր հանրահավաք¬երթերի գերնպատակը դրսի ֆինանսներից չզրկվելն է, ապա հընթացս նաև արտահերթի անխուսափելիության հավաստիքներով իրենց հետևորդներին երջանկացնելն է… Հետո կասեն, թե չստացվեց` հավատացնելով, որ արտահերթի հավանականությունը նորից ու այս անգամ արդեն հաստատ ու վերջնականապես է մեծացել: Իհարկե, ցանկացած երկրի ցանկացած ընդդիմություն միշտ էլ ունի իշխանության հրաժարականը պահանջելու իրավունք: Այլ հարց է, որ նշված իրավունքը քաղաքական զարգացումների հիմնական գործառույթ դարձնելուց առաջ մի փոքր ավելի իրատես է պետք լինել: Ի վերջո, ընդդիմադիրների երազած ժամանակներին քիչ է մնացել. նրանք չեն հասցնի աչքները փակել ու բացել, և ահա նորից մեր հանրապետությունը հերթական համապետական ընտրությունների առաջ կհայտնվի: Բայց արի ու տես, որ հենց այս պահին, երեկ, նախորդ օրը, հաջորդող շաբաթներին նրանք նորից արտահերթի մասին են խոսում... Հաճախ նույնիսկ կարող է թվալ, թե արտահերթ ընտրություն կոչվածը մեր ընդիմությունը հաղթանակի հետ է շփոթում, քանի որ (և ի վերջո) հաջողության հասնելու կարևորությունը հաստատ ավելին է, քան զուտ մարզական հետաքրքրասիրությամբ այդ քվեարկությանը մասնակցելը: Իսկ շտապողականությունն ի վնաս արմատականների նորանոր կորուստներ է արձանագրում: Տվյալ դեպքում և հատկապես` արդեն իսկ խարխլված հեղինակության: