1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Վերջին հանրահավաքից հետո Լևոն Տեր¬Պետրոսյանը կարող է հավակնել աշխարհի ամենալավատես մարդը համարվելու տիտղոսին: Ակնհայտորեն առաջին Նախագահը որոշել է իր ավանդական, սովորական, ընդարձակ ելույթների ոճը փոխարինել հայտարարություններով, որոնք բավական զվարճալի առաջարկներ են պարունակում: Ըստ երևույթին, բանասեր միտինգավորը շատ է հեռու մաթեմատիկայից և պարզ թվաբանական գործողություններ կատարելու փոխարեն պարզապես մտացածին թվեր է կրակում: Ընդ որում, Լ.Տ-Պ-ն, իշխանություններից պահանջելով, առաջարկում է այնպիսի խնդիրներ լուծել ու կարգավորել, որոնց խայտառակ հիմքերը հենց իր պաշտոնավարման տարիներին դրվեցին: Այսպես, վերջին միտինգահավաքին նվազագույն աշխատավարձի երանելի չափը հասցվեց 200 դոլարի, գործազրկության նպաստը` 100¬ի, միջին կենսաթոշակը` 112 ամերիկյան արժույթի: Առաջարկն այս միմիայն կարելի է ողջունել: Մանավանդ որ` հազիվ թե գտնվի մեկը, ով անկեղծ սրտով չմիանա նշված թվերի վերջնամասում ևս մի զրո հավելելու տարբերակին: Բայց մեր ժամանակների ամենալավատես հռետորը (ինչպես միշտ` տեսականից գործնականի չանցնող) հաշվել է ու եզրակացրել, որ երբ անհնարինի սահմանները մի փոքր էլ գերազանցվեն, ապա նույնիսկ միտինգավորների շրջանում նման առաջարկները սուլոցներով կընդունվեն: Ուստիև, տրամաբանության սահմաններից մինչև վերջ չշեղվելով` նա առաջարկում է նաև մարտի 1¬ին զոհվածների ընտանիքներին ուղիղ 1 միլիոն դոլար հատկացնել… Այն, որ նման հայտարարությունը դժվարությամբ սպիացած վերքն է նորից փորփրում` առաջին Նախագահը գիտակցաբար շրջանցում է: Սակայն երեք տարի անց ողբերգությունը կրկին շահարկելով` նա դեմ չէ` իր ղեկավարած շարժման հիմնական մղիչը դարձած մեծագույն խայտառակությունից էլի մեկ անգամ քաղաքական շահույթ ստանալ: Հաջորդ միտինգահավաքին այս մոտեցումներն, իհարկե, մոռացված կլինեն, բայց փաստն այն է, որ հարթակային երազների ու իրականության միտումնավոր զուգակցումն է մնացել միայն` որպես զանգվածներին «գայթակղելու» խայծ: