Գորբաչովը պատմության դատաստանի առաջ


ԽՍՀՄ գերեզմանափոր Միխայիլ Գորբաչովը մեծ հանդիսությամբ նշեց իր ծննդյան 80-ամյա հոբելյանը: Լոնդոնում, «Գորբաչովի հիմնադրամի» նախաձեռնությամբ, որի նախագահն այժմ նրա դուստրն է, սպիտակարյունությամբ տառապող երեխաների օգտին բարեգործական հանգանակություն կատարվեց: Ենթադրվում էր, թե կհավաքվի 5 միլիոն եվրոյի կարգի գումար, որը կուղղվի ոչ միայն Ռուսաստանի, այլև մոլորակի ուրիշ երկրներում այդ դաժան հիվանդությունից տառապող երեխաներին բուժելու նպատակին: Կենդանության օրոք այդ կարգի հիվանդ երեխաներին բարեգործական օգնություն ցույց տալու գործն ստանձնել էր ԽՍՀՄ երբեմնի 1-ին տիկինը` Ռաիսա Մաքսիմով նան: Եթե հարցնեին, թե ինքը` Գորբաչովը, ի՞նչ հետք է թողել (կամ թողնելու) իր երկրի, ինչպես նաև համաշխարհային պատմության մեջ, երևի բոլորն անվարան կպատասխանեին` միայն մի դրական հետք. նա շարունակե˜ց իր հանգուցյալ կնոջ սկսած բարեգործական առաքելությունը: Ուրիշ… ոչի˜նչ: Մի մարդու համար, ով ժամանակին եղել է աշխարհի գերտերություններից մեկի բացարձակ տիրակալը, կարծում եմ, այս գնահատականն... ամենասպանիչն է: Միխայիլ Գորբաչովին այսօր էլ Արևմուտքում ընդունում են որպես երբեմնի խորհրդային ժողովուրդներին «վերակառուցում, հրապարակայնություն, խոսքի ազատություն» պարգևած մարդ: Նրան համարում են պետական գործիչ, ով մոլորակը փրկեց սառը պատերազմի սարսափներից, նպաստեց Գերմանիայի խաղաղ վերամիավորմանը (ինչի համար գերմանացիները նրան այսօր էլ մեծարում են որպես թիվ 1 գերմանացի), նախապատրաստեց երբեմնի ԽՍՀՄ` «չարիքի կայսրության» փլուզումը: Մինչդեռ երբեմնի խորհրդային քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը նզովքով է տալիս Գորբաչովի անունը: Բելառուս բանաստեղծ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր Բորիս Օլեյնիկը տարիներ առաջ նրան անվանում էր «խավարի իշխան»: Ուրիշները համարում են հանցագործ, ով տասնապատիկ կամ հարյուրապատիկ էժան գնով ուղղակի վաճառեց հայրենիքը, թքեց այն սրբազան արյան վրա, որ Հայրենական մեծ պատերազմում թափել էին միլիոնավոր խորհրդային մարդիկ` պաշտպանելով երկրի ազատությունն ու անկախությունը ֆաշիզմի դեմ մղված ծանր ու օրհասական պայքարում: Ճի՞շտ է, որ Գորբաչովը մի քանի, կարծեմ` ընդամենը 3 միլիարդ դոլարի կաշառք էր ստացել ԽՍՀՄ-ը փլուզելու դիմաց` միայն Աստծուն է հայտնի: Բայց կաշառքով, թե առանց կաշառքի` Գորբաչովն իր արկածախնդրությամբ, անկամությամբ, իր վախկոտությամբ, անհեռատեսությամբ, կարծրամտությամբ, չաչանակությամբ և մեծ տերության ղեկավարին անվայել այլ անձնական որակներով իսկապես քիչ բան չարեց, որ խորհրդային կայսրության հոգեվարքն արագանար: Օրերս մոսկովյան հեռուստատեսության 1-ին ծրագրի եթերում մասնակցելով Վլադիմիր Պոզների հեղինակային հաղորդմանը, Գորբաչովը հետին թվով ԽՍՀՄ փլուզման մեղքը փորձում էր բարդել Բորիս Ելցինի ուսերին. - Ելցինն արկածախնդիր մարդ էր,¬ ասում էր նա,- մինչև վերջին պահը քաղբյուրոյում չէր ուզում կողմ քվեարկել ԽՍՀՄ-ը պահպանելու հարցադրմամբ համաժողովր դական հանրաքվե անցկացնելու որոշմանը... Իսկ երբ հանրաքվեն կայացավ և ժողովրդի 70 տոկոսից ավելին արտահայտվեց միասնական պետությունը պահպանելու օգտին, առաջինն ինքը եղավ, որ իբրև ՌԽՖՍՀ նախագահ հայտնվեց Վիլնյուսում և հրապարակավ պաշտպանեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու նրանց որոշումը... Ինքնին չափազանց տգեղ էր, որ Գորբաչովը եթերում բամբասում է արդեն կյանքից հեռացած մարդուն, ով իրեն չի կարող պատասխանել: Բայց եթե նա մինչև հիմա էլ չի հասկացել, թե այն պետությունը, որը կարող էր քայքայել մեկ մարդ (ի´նքը, թե՞ Ելցինը` էական չէ), ապա երիցս արժանի էր փլուզվելու: Իսկ չհասկանալը կամ չհասկացող ներկայանալը չափազանց հատկանշական է Գորբաչովի սահմանափակ մտածողության համար: Է´լ ավելի ծիծաղելի է նրա այն պնդումը, թե ինքը իզուր լսեց Կոսիգինին (ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահին) և ռազմա-արդյունաբերական համալիրին ուղղված 105 միլիարդ դոլարից մի 15-16 միլիարդը չուղղեց արտասահմանից լայն սպառման ապրանքներ ու սննդամթերք գնելու և դրանցով խանութները լցնելու նպատակին: Իբր, եթե Կոսիգինին չլսեր և ապրանքային սովի մատնված խորհրդային ժողովրդին դրանցով քիչ թե շատ բավարարեր` երկրի պաշտպանունակության մակարդակը չէր տուժի, և պետությունն էլ...չէ˜ր փլուզվի: Ողբամ քեզ, երկիր, եթե քո ղեկավարների մակարդակն այսքան... ողորմելի˜ էր: Նրանք չէին գիտակցում և, ավա˜ղ, մինչև հիմա էլ չեն հասկացել, որ մեծագույն մի ամոթ էր, երբ տիեզերքը նվաճող պետության մեջ տեղական արտադրության որակյալ ապրանք գործնականում չկար... Խոսելով իր ղեկավարած տարիներին երկրում իրականացվող ազգային քաղաքականության մասին, Գորբաչովն այս անգամ...մեղքը բարդում է Լենինի ու Ստալինի վրա: Իբր, նրանք են երկրի վարչատարածքային բաժանումը կատարել ազգային հիմքի վրա. - Դա մի սխալ էր, որը հանդիսացավ ԽՍՀՄ փլուզման գլխավոր պատճառներից մեկը,¬ իբր վերլուծում է նա: Ի դեպ, էքսնախագահը չմոռացավ հիշատակել Լեռնային Ղարաբաղը, որի մղած ազգային¬ազատագրական պայքարն Ադրբեջանի գերիշխանության դեմ, նա արդեն չի անվանում «վերակառուցման թիկունքին հասցված դանակի հարված»` ինչպես ասում էր առաջ: Մինչդեռ հենց ինքն էր, որ վախեցավ քաղաքական գնահատական տալ սումգայիթյան եղեռնագործությանը, մարզը հանել Ադրբեջանի ենթակայությունից և միացնել Հայաստանին: 1988-ի հունիսի 18-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստում, ուր քննարկվում էր ԼՂԻՄ-ի հարցը, այդպիսի առաջարկներ նույնպես կային: Եթե Գորբաչովը քաղաքական կամք ու հեռատեսություն ունենար, ապա սումգայիթյան ոճրագործությունից հետո Ադրբեջանի ամոթահար ղեկավարությանը հեշտ էր լռեցնել: Սակայն Գորբաչովը, որ նիստն անվանապես նախագահող Ռաֆիկ Նիշանովից ուղղակի խլել և իր ձեռքն էր վերցրել օրենսդիր մարմնի Նախագահության փաստացի ղեկավարումը, շարունակում էր բարբաջել «ԽՍՀՄ ժողովուրդների լենինյան եղբայրության, սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով մեր մարդկանց դաստիարակելու, Սումգայիթի ետնախորշերում ապրող, ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիների սոցիալ-կենցաղային պահանջմունքների անհապաղ բավարարման» և այս կարգի այլ հիմարությունների մասին: Չխորշելով բազմանշանակ տոնով սպառնալ, թե «մի´ մոռացեք, որ Ադրբեջանում ապրում են կես միլիոն հայեր»: Այդ նիստի որոշմամբ ոչ թե պետբանկի Ատեփանակերտի բաժանմունքին, այլ Ադրբեջանի կենտրոնական բանկին փոխանցվեց լրացուցիչ մոտ կես միլիարդ ռուբլի` իբր թե «Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական անհետաձգելի խնդիրներ լուծելու, մարզի հայ բնակչության համար կուլտուր-կենցաղային օբյեկտներ, հայկական դպրոցներ, կուլտուրայի տներ ու ակումբներ կառուցելու, հայկական բնակավայրերը գազաֆիկացնելու և ասֆալտապատելու համար»: Իսկ Բաքուն այդ գումարներն ստանալով` ուղղեց Ղարաբաղի ու Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստությանը: Ավելին, անիծյալ Գորբաչովն անամոթաբար շրջանցեց Սումգայիթում ցեղասպանված հայերին մարդկային ու նյութական կորուստների դիմաց փոխհատուցում տալու խնդիրը: Որովհետև այն ժամանակ նա չհամարձակվեց բարձրաձայնել, որ Լենինն ու Ստալինը անարդա˜ր պետություն էին կառուցել: Քաջությունը չբավարարեց ասելու, որ Խորհրդային պետության մեջ ցեղասպանության տիպիկ դրսևորում էր տեղի ունեցել` ադրբեջանցիները գազանաբար հոշոտել էին հայերին` սոսկ ազգային պատկանելության համար: Իր 80-ամյակի նախաշեմին Գորբաչովի աչքերը, վերջապես, բացվե՞լ են: Նա արդեն փրփրաերախ ամբաստանում է Խորհրդային պետության հիմնադիրներին, անթաքույց ակնարկելով, որ պետության կառուցման հիմքում ազգային հարցը ամենասկզբից դրված է եղել որպես ահավոր ուժի ական: Վաղ թե ուշ այդ ականը պիտի պայթեր և պայթեց... - Ղարաբաղի հարցը հո նոր չէ՞ր,- հիմա է ասում Գորբաչովը,- դա բազմիցս բարձրացվել էր թե´ Հայրենական պատերազմից առաջ, թե´ հետո... Ուզում է ասել, թե խորհրդային ղեկավարների մեջ միայն ի՞նքը չի եղել կույր ու խուլ: Այս դեպքում նա ճիշտ է: Մինչև 1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, վերջին անգամ` 1977-ին (ԽՍՀՄ սահմանադրության ընդունման առիթով), Լենինի ու Ստալինի կոնցեպտուալ սխալը կարող էր ուղղել Լեոնիդ Բրեժնևը: Նրան նույնպես Արցախյան հարցը արդարացի լուծելու խնդրանքով տասնյակ-հազարավոր ստորագրություններով համախոսականներ էին ուղարկվել թե´ մարզից, թե´ Հայաստանից: Բայց մի՞թե պարտադիր էր, որ Գորբաչովը հետևեր Բրեժնևի տխմար օրինակին: Մանավանդ, եթե արդեն արյուն էր հեղվում: Բայց Գորբաչովն այդ արյան հոտը չէր առնում: Քիչ է կույր ու խուլ էր, դեռ... հոտառությունն էլ էր կորցրել: Ամեն դեպքում, նա պատմության դատաստանի առաջ կկանգնի որպես… Հայ դատի ենիչերի:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ