Հայ երգի «դասականները»


Դարեր շարունակ ձուլման վտանգի առաջ կանգնած, պատմական տարբեր բավիղներում մաքառած հայ ազգը կերտել է ազգային մշակույթի իր ուրույն ձեռագիրը: Եվ մշակութային այն հարուստ ժառանգությունը, որը մեր նախնիները հղկել և հասցրել են մեզ, պարտավորեցնում է բոլորիս` նույն հաշվենկատությամբ և խնամքով փոխանցել սերունդներին: Մշակույթն ազգային այն արժեքն է, որը ժամանակի ընթացքում թարմացվում, նորոգվում է, բայց պահպանում է իր նկարագիրն ու էությունը: Սակայն, երբ այդ թարմացումը արվում է պատահական մարդկանց կողմից` արդեն դառնում է ձևախեղում: Հայ ազգային երաժշտությունն այսօր ակնհայտորեն ենթարկվում է արաբա-թուրքական պղտոր ազդեցություններին: Ցավոք, հայ հասարակության մի ստվար հատված խրախուսում է օտարածին այդ աղավաղումները և դառնում դրա սպառողը: Ավելին, որոշ` այսպես կոչված շոուբիզնեսմեններ էլ, տաղտկալի իրենց կլկլոցներով են ճաշակ փչացնում: Այս ամենն ամփոփված է մի աղբանոցում, որը եթե նույնիսկ «շոուբիզնես» կոչենք, ապա կարելի է «թարգմանել»` «խեղկատակություն և փող աշխատելու մոլուցք»: Ամենաողբալին այն է, որ այդ դաշտն օրեցօր համալրվում է թերուս «աստղերով» ու չգիտես թե էլ ինչ երկնաքարերով, որոնք անգամ հեռավոր աղերսներ չունեն երաժշտության հետ: Իրենց աստղ հորջորջող հայ երգիչ-երգչուհիները բնորոշ մի առանձնահատկություն ունեն. անտեղյակ են, թե իրականում ի՞նչ է երգ կոչված արվեստը, չգիտեն կամ չեն կարողանում նույնիսկ կատարյալ մեղեդին նորմալ հնչեցնել: Այսինքն, չունեն ձայնային տվյալներ կամ լսողություն: Ուրեմն ի՞նչը կամ ովքե՞ր են նրանց ներշնչել բեմ ելնել` միայն իրենց է հայտնի: Իսկ երաժշտություն որոնող հասարակությունն ակամա ունկնդիրն է դառնում այն ծամածռությունների, որոնք եթերներ են նետվում: Խոսքի ազատությունը նաև ձայնի ազատություն է, բայց միակողմանի լինել չի´ կարող: Ամեն խոտան ներկայացնելու իրավունքից օգտվողներն իրականում բռնանում են ունկնդրի` բարձրորակ երաժշտություն լսելու իրավունքի վրա: Ի վերջո, այս ուղղությամբ մտահոգվողներ չկա՞ն, արդյոք:

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ