Ավելի օրինաչափ, քան զարմանալի ՀԱՅ ԲԵՄԻ ԱՍՈՐԻ ԴԵՐԱՍԱՆԸ


ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ ՌԱԶՄԻԿ ԽՈՍՐՈԵՎԻՆ հյուրընկալելով «Ավանգարդ»-ի հյուրասրահում, մենք որոշեցինք խախտել ավանդույթը` ներկայացնելով ոչ թե նրա հետ զրույցը, որը հետաքրքիր էր և ուշագրավ, այլ ձևավորելով դերասանի դիմանկարը, որն ինքնատիպ շատ գծեր է պարունակում:Ռազմիկ Խոսրոևը հայ թատրոնում աշխատող միակ ասորի դերասանն է. արվեստագետ, ով իր մայրենիի փոխարեն` բեմից ու էկրանից հայեցի հայերենն է հնչեցնում` դառնալով մեր լեզվի նախանձախնդիրներից մեկը: Դեռ դպրոցում սովորելու տարիներին էլ առանձնակի սեր ուներ հայոց լեզվի նկատմամբ, այդ պատճառով էլ նա խոսում է կիրթ, մեր լեզվի հարստությունները դարձնելով իր մտքերի հենքը: Գուցե ասորական ընտանիքում ընդունված չէր վերաբերմունքը թատրոնի հանդեպ, բայց Ռազմիկ Խոսրոևը կարծես դուրս եկավ ընտանեկան ավանդույթների և պատկերացումների շրջագծերից և դպրոցն ավարտելուց հետո դիմեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ստուդիա` աշակերտելով Վարդան Աճեմյանին ու Մհեր Մկրտչյանին: Հայ մեծագույն բեմադրիչն ի սկզբանե սիրեց մեծ ու արտահայտիչ աչքերով Ռազմիկին, նրա մեջ տեսավ տաղանդի առկայծումը: Ստուդիան ավարտելուց հետո պատանին հրավիրվեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոն: Այստեղ երիտասարդ բեմադրիչ Վահե Շահվերդյանն արդեն իր ստեղծագործական ճանապարհն էր սկսել` ցանկանալով ստեղծել մի նոր տիպի թատրոն: Ռազմիկ Խոսրոևը դարձավ բեմադրիչի համախոհներից մեկը, հավատաց նրան` այսպես ծնունդ տալով ստեղծագործական մեծ բարեկամությանը, որը շարունակվում է մոտ 40 տարի: Վանաձորի թատրոնում Ռազմիկ Խոսրոևն աշխատեց 25 տարի, այստեղ նա ստեղծեց իր կենսագրության բաղկացուցիչ մասը կազմող մի շարք բեմատիպարներ, որոնք հարստացրեցին Աբելյանի անվան թատրոնի պատմությունը: Դերասանի խոշորագույն ձեռքբերումը Ռիչարդ Երկրորդի դերակատարումն էր` որպես շեքսպիրյան ավանդույթների հարստացման նոր արտահայտություն: Հայ թատրոնում նա առաջին դերասանն էր, ով խաղում էր այս բարդագույն դերը, բեմ բերում ողբերգական գրոտեսկի արտահայտչաձևը, հակադրվում Շեքսպիր խաղալու շատ ավանդույթ ների: Ռազմիկի այս դերակատարումն արժանացավ համընդհանուր ընդունելության. աշխարհի մի շարք բեմերում դերասանը ներկայացրեց իր հերոսին` արժանանալով ամենաբարձր գնահատականների: - Դերասանը հասնում է շեքսպիրյան պոետիկային շատ բնորոշ ողբերգական և խարակտերային երանգների միասնության: Ռիչարդ-Խոսրոևի կերպարում կա բացառիկ կենդանի մի գիծ, որը թույլ է տալիս կռահել, թե նա ինչխպիսի մարդ է, ինչպես է ապրում և գործում ոչ միայն պատմության, այլև կենսական բարդ պայմաններում: Նրանում ամեն ինչ շաղախված է լույսով ու ստվերով, նրա հնչերանգները լի են անակնկալներով: Նրա դեմքը գեղեցիկ է` ժամանակակից առումով, միաժամանակ և կանոնակարգված ու դասականորեն քանդակային: Նրա շարժումները ճկուն են ու դինամիկ, նրա Ռիչարդն ամբողջովին շարժում է,- գրել է ռուս ճանաչված թատերական քննադատ Նինա Վելեխովան: Ռիչարդը միակ դերը չէր, որ դերասանին մեծ ճանաչում բերեց: Վանաձորում նա խաղաց մոտ չորս տասնյակ դեր: 40 կենսագրություն միավորվեց նրա ստեղծագոր ծությանը` առանձնացնելով նաև Մարութխանյանին` Շիրվանզադեի «Քաոս» վեպի շահվերդյանական բեմական հետաքրքիր ընթերցման մեջ: Վանաձորում շեշտվեցին դերասանի ստեղծագործական նախասիրությունները, արտահայտչաձևերը, հիմնական ուշադրությունը սևեռվեց հոգեբանական գրոտեսկին, ինչն էլ դերասանի համար ոճական և արտահայտչական սկզբունք դարձավ: 1996-ին Ռազմիկ Խոսրոևը վերադարձավ Սունդուկյանի անվան թատրոն: Եկավ Վահե Շահվերդյանի հետ և կարճ ժամանակ անց դարձավ մեր ազգային ակադեմիա կանի առաջատարներից մեկը: Այստեղ դերասանը տասից ավելի կերպարներ մարմնավորեց, որոնցից նրա կենսագրության մեջ առանձնացան ու ընդգծվեցին Մարմելադովը (Ֆ. Դոստոևսկի` «Ոճիր և պատիժ»), Համտունը (Մուրացան` «Ռուզան»), Սաղաթելը (Ա. Շիրվանզադե` «Պատվի համար»), այլ դերեր, որոնք ազգային տիպական բնավորութ յան ցայտուն արտահայտությունն էին: Բեմում ստեղծված հերոսներին զուգորդվեցին նաև էկրանային հերոսները. մոտ տասը հեռուստանովելում է նկարահանվել դերասանը` դառնալով ամենասիրված դերասաններից մեկը մեզանում: Դերասանական գործունեությունը չխանգարեց, որպեսզի ստեղծի ասորիներին նվիրված փաստագրական ֆիլմ, որի արժեքը մեծ է մեզանում… Այստեղ նաև խոսվում է ասորիների ցեղասպանության մասին` այսպես ամբողջական բնութագիրը ստեղծելով ցեղասպանդների պատմության: Ասորիների ցեղասպանությանն է նվիրված Ռազմիկ Խոսրոևի դստեր` այսօր միջազգային ճանաչում ունեցող գիտնական Անահիտ Խոսրոևայի հիմնարար աշխատությունը: Հայ թատրոնի ասորի դերասանը… Հետաքրքիր է ու նաև` ավելի շատ օրինաչափ, քան զարմանալի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ