Հայից այն կողմ ուրիշ ազգություն չկա ինձ համար


Արտաշես ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. դերասան Բեմի վրա և հեռուստաէկրանին, թերևս, ամենադժվարն ու ամենամեծ վարպետություն պահանջողը բացասական կերպար մարմնավորելն է և անգամ այդ կերպարում սիրված լինելը: Արտաշես Ալեքսանյանն այն անհատներից է, ում հաջողվել է հասնել դրան: Ժամանակակից հայկական կինոարվեստում ոչ այնքան հաճախ հանդիպող բացառիկ համոզիչ խաղի, ձայնի հարուստ երանգավորման ու մեծ նվիրումի շնորհիվ նրա մարմնավորած կերպարները դառնում են ավելի կենդանի ու շոշափելի, ավելի իրական: Հեռուստասերիալներից բոլորին քաջ ծանոթ բացասական կերպարներ մարմնավորող «դաժան» հերոսն իրական կյանքում խիստ մարդկային, սրտաբաց ու հաճելի զրուցակից է: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Առհասարակ, ամենադժվարը կյանքում մարդ մնալն է: Կարևոր չէ, թե ինչ հագուստ կկրես, ի՞նչ աթոռի կնստես: Կյանքի ոչ մի իրավիճակում մարդը չպետք է կորցնի վերահսկողությունն ինքն իր նկատմամբ, չպետք է դառնա գազան, շահամոլ, որկրամոլ… այլ մնա իր մեծության մեջ, մնա մարդ` իր հայրենիքը, ընտանիքը սիրող և հանուն նրանց կյանքը չխնայող: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ: - Երբեք չեմ մտածել այս հարցի շուրջ: Չէի ցանկանա լինել որևէ այլ ազգի ներկայացուցիչ: Հայից այն կամ ուրիշ ազգություն չկա ինձ համար: Հայը բարձրակետն է… Բայց իսկական, ճշմարիտ հայը, ոչ թե հայերեն խոսողը: Ամեն սև բան Օթելլո չէ, ամեն հայերեն խոսող հայ չէ: Հայի տեսակը… Իսկական հայը պետք է առաջին հերթին սիրի իր հայրենիքը, չդավաճանի իր ազգին, պետությանը, իր սրբություններին: Աշխարհում ամենագարշելին դավաճանությունն է: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Գաղտնիքները չեն բացահայտում: Եթե գաղտնիք է, թող այդպես էլ մնա: Չասված բաներ շատ կան: Հույս ունեմ, որ դեռ բեմից ու էկրանից կհասցնեմ ասել… - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ամենամեծ առեղծվածը կինն է… Առանց մեկնաբանությունների: - Որևէ զավեշտելի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Մի քանի տարի առաջ աշխատում էի և´ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, և´ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, և´ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում. նաև սերիալում էի նկարահանվում և Մանկավարժական համալսարանում դասախոսում էի: Երեկոյան երկու ներկայացում ունեի: Երկուսն էլ ժամը 7¬ին: «Արա Գեղեցիկ» ներկայացման առաջին գործողության մեջ Նինոսի կերպարն էի մարմնավորում, իսկ Սունդուկյանում` «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման երկրորդ գործողության մեջ` Շերիֆ փաշային: Գնացի համալսարան, հետո` փորձի, ապա մասնակցեցի սերիալի նկարահանմանը: Սերիալի գրիմով Նինոս խաղացի, հետո Նինոսի մորուքին ավելացավ նաև Շերիֆի մորուքը… Երկրորդ գործության ավարտից հետո որոշեցի գնալ Պարոնյան, որպեսզի այնտեղ խոնարհվեմ: Ժամանակը շատ քիչ էր: Մտածեցի, որ արագ գնալու դեպքում միգուցե կհասնեմ: Երբ արդեն հասել էի Շահումյանի արձանի մոտ, նայեցի ժամացույցին, զգացի, որ չեմ հասցնի, արձանի մոտ խոնարհվեցի ու գնացի: - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Մանկությանս երազանքն այսօր իրականություն է դարձել: Անդավաճան հասա երազանքիս: Հիշում եմ` 4¬րդ դասարանի երեխա էի, ասֆալտի վրա նստած` լացում էի: Հարցրեցին պատճառը, ավելի սաստկացրի լացս… Ուզում էի դերասան դառնալ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ