ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՆՈՐ ՓՈՐՁԱՔԱՐ


Ամեն ընտրություն նման է նախորդին, բայց այս մայիսի 31-ը գոնե մեկ առումով առանձնանալու է: Երևանն առաջին անգամ է քաղաքապետ ընտրելու: Այն, որ մայրաքաղաքը միշտ էլ «յուղոտ պատառ» է համարվել` ում-ում, բայց քաղաքական ուժերին կարիք չկա համոզել: Ուստիև լիովին սպասելի էր, որ երբևէ թաղապետերի պաշտոնների համար ողջ ներուժով կռիվ տվող հայրենի կուսակցությունները, նախքան ընտրական գործընթացների ժամանակացույցի հրապարակումը, արդեն պետք է հավուր պատշաճի դիրքավորված լինեին: Այսօր, մի փոքր ընդհանրացնելով, կարելի է ասել, թե ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանում կորցնել քաղաքապետի աթոռը կամ ավելի ճիշտ` այդ պաշտոնին տիրանալու շանսը: Համենայն դեպս, միայն այն հանգամանքը, որ երկրի հիմնական քաղաքական կուսակցությունները արդեն իսկ մայիսյան ընտրություններին մասնակցելու վերաբերյալ նախնական հայտարարություններ են հնչեցնում, առաջիկա ամիսներին նախանշվող ակտիվ ընտրական գործընթացներն այլևս տեսանելի կարելի է համարել: Այս ամենի ֆոնին լիովին անհասկանալի է Հայ Ազգային Կոնգրեսի համեստ «չեմուչումը»: Այն ո՞ր քաղաքական ուժն էր հրապարակները գիշեր ու զօր «օկուպացված» պահում ու նոր ընտրություններ պահանջում… Հետևաբար անհասկանալի է, թե կոնգրեսականներն ինչու են այդքան երկար ծանրութեթև անում իրենց մասնակցության հարցը: Եթե մայիսի 31-ին ընտրատեղամասերի փակվելուց հետո պարզվի, որ ընդդիմությունը դարձյալ երկրորդ կամ այս անգամ ասենք երրորդ տեղում է, ապա Երևանի քաղաքապետարանում ՀԱԿ-ի ունենալիք ավագանիների պատկառելի թվակազմը Լ. Տեր-Պետրոսյանի կողմից ու անդամների գրեթե հարյուրտոկոսանոց փոխհատուցում կլինի Կոնգրեսում ընդգրկված կուսակցություններին` մեկ տարի առաջ իրեն անձնվիրաբար ու մինչև վերջ սատարած լինելու դիմաց: Հանգամանք, որը նախ և առաջ հենց Լ. Տեր-Պետրոսյանին է անհրաժեշտ. ոչ միայն, ինչպես ասում են, պարտքի տակ չմնալու, այլ նաև Կոնգրեսի հռչակումից հետո առաջին իսկ ընտրական «առիթի» դեպքում հաջողություն արձանագրելու, իշխանությունից մաս ունենալու առումով: Եթե մեկ տարի առաջ Նախագահի պարտված թեկնածուն նույն քաղաքապետարանի շրջակայքը հեղափոխական հրաբխի ժայթքման շիկացած օջախի վերածեց, ապա, իրերին ու իրադարձություններին մեկ տարվա հեռավորությունից ավելի սթափ հայացքով նայելու դեպքում, կարելի է նաև պայքարի բոլորովին այլ ուղղություն ծրագրել ու նախանշել: Այսպես, կարելի է ամփոփելով արձանագրել, որ ոչ թե քաղաքապետարանի պատերի տակ կռիվ տալով, այլ ընտրական գործընթացներին ուղղակիորեն մասնակցելով, առաջիկա քվեարկությունը կարելի է դարձնել դեպի իշխանության տանող սանդղահարթակի առաջին աստիճանը, որտեղից նույն այդ անմատչելի դարձած իշխանության բուրգի գագաթը հաստատ ավելի լավ ու ավելի մոտ է երևում: Սա` տեսականորեն և առաջիկայի համար: Իսկ հետհանրահավաքային երկու-երեք շաբաթները Կոնգրեսը կարող է նաև ավելի նպատակային օգտագործել: Այս քաղաքական ուժի ցուցակը Ս. Դեմիրճյանի կողմից գլխավորելու վերաբերյալ խոսակցությունները որքան հավանական, նույնքան էլ տրամաբանական են: Եթե առաջին Նախագահը, ինչպես վերևում նշեցինք, ձեռքի հետ նաև «փոխհատուցման» խնդիր է լուծելու (ասել է թե` ՀԱԿ-ի ցուցակը չպետք է ՀՀՇ անդամ գլխավորի), ապա ամենահարմար քաղաքապետացուն, թերևս, բնիկ երևանցի Ստեփան Դեմիրճյանն է: Արարատցի Արամ Զ. Սարգսյանը կարծես` չի էլ կարող ընդգրկվել ՀԱԿ-ի առաջադրելիք թեկնածուների կազմում, իսկ Կոնգրեսը ներկայացնող մյուս քաղաքական ուժերն էլ կարող են գոհանալ ավագանու անդամներ ունենալով: Նման` ըստ ամենայնի լավագույն սցենարի իրականացմանը, սակայն, կարող են մի շարք այլ հանգամանքներ խանգարել: «Ժառանգությունը», որը շատ ավելի շուտ էր հայտարարել քաղաքապետի ընտրություններին առանձին մասնակցելու մասին, հիմա ՀԱԿ-ին միանալու տարբերակն է նաև քննարկում: Այս միավորումն, անշուշտ, կարող է կայանալ, եթե Կոնգրեսն ընդունի իրեն առաջադրվելիք խիստ կոնկրետ նախապայմանները: Բացի այդ, ՀԱԿ-ում ընդգրկված այսպես կոչված մարդ-կուսակցություններն են վերջին օրերին ակտիվություն ցուցաբերում` ուղղակիորեն ակնարկելով ցուցակը գլխավորելու իրենց ակնկալիքների մասին: Այնպես որ, ինչպես ասում են` ամեն ինչ դեռ առջևում է, և հայրենի ընդդիմությանը նորից ներքին հակասություններ հարթելու ժամանակներ են սպասվում: