ԼՂ մասնակցության հարցը` նախագահների մակարդակով


ԼՂ-ի բանակցային սեղանի շուրջ վերադարձը կախված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից` երեկ հայտարարել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Նրա խոսքով, միջնորդները մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը վաղ թե ուշ պետք է միանա խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին: «Եվ ինչքան շուտ դա լինի, այնքան լավ: Հուսով ենք, որ մի օր Ղարաբաղը կընդգրկվի բանակցային գործընթացում, բայց թե երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել: Դա կախված չէ համանախագահներից», -ասել է նա` հիշեցնելով, որ Ղարաբաղը եղել է բանակցային կողմ, և նրա մասնակցությունն այդ գործընթացին կասեցվել է ոչ համանախագահների նախաձեռնությամբ: Ֆրանսիացի միջնորդի խոսքով` Ղարաբաղի վերադարձը կախված է կողմերից: Իսկ Յուրի Մերզլյակովը հիշեցրել է, որ սկզբում բանակցությունների ձևաչափն այլ էր: -Երբ բանակցությունները սկսվեցին ներկա ձևաչափով, մենք զգացինք, որ գործընթացը շատ ազդակներ էր ստանում բարձր մակարադակի հանդիպումներից, քան այն ժամանակ երբ Ղարաբաղն էր ներկայացնում իր դիրքորոշումը: Այդ ժամանակ արդյունքը քիչ էր: Ղարաբաղի մասնակցության հարցը պետք է լուծվի այլ մակարդակով, պետք է լինի նախագահների համաձայնությունը, հակառակ դեպքում մենք ոչինչ անել չենք կարող,-հայտարարել է նա: