Կարծրատիպեր Հիլարի Քլինթոնի ուղեղում


Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը, տիկին Հիլարի Քլինթոնի ստորագրությամբ, հրապարակեց 2008 թվականի իր ամենամյա զեկույցը…աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ազատության, արդարության և Աստված գիտե, թե էլ ինչերի մասին: Ինքնըստինքյան զայրացուցիչ ու վիրավորական է, որ որևէ երկրի արտաքին գերատեսչություն ինքն իրեն իրավունք է վերապահում նման կարգի մի զեկույց հրապարակել…այլ երկրների մասին: Այն էլ` չափազանց սուր ու կողմնակալ դատողություններով, անառարկելի տոնով: Մի հարցնող լինի` այդ ո՞վ է ձեզ…դատավոր կարգել, այլոց գնահատականներ տալու լիազորություններ վերապահել: Պետքարտուղարությունը միջազգային կառու՞յց է, ՄԱԿ-ից կամ որևէ այլ միջազգային ատյանից այլոց գնահատական ներ տալու մանդա՞տ է ստացել, ի՞նչ է: Դեռ հարց է, թե մյուս երկրների արտգործնախարարությունները, եթե իրենց թույլ տային նման կարգի մի լկտիություն, ի՞նչ գնահատականներ կտային նույն Միացյալ Նահանգներին, բուն Նահանգներում մարդու իրավունքների, ազատությունների պաշտպանության աստիճանին, ժողովրդավարության, ազատության և արդարության մակարդակին: Մեր ժողովրդական խոսքն ասում է` «ականջդ կտրիր, ետևդ դիր, մի տես, թե ուրիշները քո մասին ի՞նչ են խոսում, նոր այլոց բամբասիր»: Բայց այս կարգի ժողովրդական իմաստությունները, ինչպես երևում է, ամերիկյան իրարահաջորդ վարչակազմերի բարձրաստիճան պաշտոնատարների ուղեղներին հասու չեն: Նրանք իրենք իրենց հռչակել են ամբողջ մնացյալ աշխարհին «խելք սովորեցնելու» իրավունքից օգտվողներ, կարծես թե այդ իրավունքն ստացել են Տեր Աստծուց, և ամեն տարի նույն պրակտիկան… կիրառո¯ւմ են: Ահա, այս անգամ էլ ի¯նչ մաղձ ասես` թափել են Հայաստանի և նրա ներկա իշխանությունների գլխին: Իբր` տեսեք, թե մենք ձեր մասին ի¯նչ ենք մտածում: Խոսքի ազատություն է, ի՞նչ կա որ: Այդպես մտածում են, այդպես էլ բարձրաձայնում: Օգտվելով խոսքի ազատության նույն իրավունքից, ԱՄՆ Պետքարտուղարության հիշյալ տարեկան զեկույցի մասին մեր ընթերցողներին կուզենայի ներկայացնել մի քանի դիտարկում: 1-ին` զեկույցում հայաստանյան իրականությունը այնքան թանձր ու սև գույներով է ներկայացված, որ ակամայից տպավորություն է առաջանում, թե ամերիկյան Պետդեպարտամենտը մինչև հիմա էլ ուշքի չի եկել անցյալ տարի մեր երկրում իր հրահրմամբ նոր «գունավոր հեղափոխություն» իրականացնելու ձախողված փորձից: Ամենայն հավանականությամբ, մոլեգնորեն իշխանության ձգտող մեր ընդդիմադիրների առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այնպիսի շռայլ խոստումներ էր տվել ԱՄՆ-ի ղեկավարությանը, բնականաբար` ի վնաս մեր ազգային ու պետական շահերի, որ Վաշինգտոնում նույնիսկ վարչակազմի փոփոխությունից հետո չափազանց ափսոսում են, թե ինչու՞ Երևանի Բաղրամյան 19 հասցեի նախագահական պալատում Լևոն Տեր-Պետրոսյանին կրկին բազմած տեսնելու իրենց երազանքը չի իրականացել: Ակնհայտորեն, Սերժ Սարգսյանից միջազգային ասպարեզում իրենց ձեռնտու ինչ-ինչ զիջումներ կորզելու Վաշինգտոնի հույսերը պատրանքային են, դրա համար էլ Հայաստանի այսօրվա Նախագահը մնում է ԱՄՆ Պետքարտուղարության աչքի փուշը: Այլ խոսքով` ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի անբարյացակամությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ, ինչն արտահայտվեց այն բանում, որ Բուշը միակն էր աշխարհի բոլոր լիդերների մեջ, ով այդպես էլ չշնորհավորեց Հայաստանի Նախագահի հաղթանակը անցյալ տարվա ընտրություններում, նախկին Պետքարտուղար, տիկնախառը «օրիորդ» Քոնդոլիզա Ռայսից փոխանցվել է…տիկին Հիլարի Քլինթոնին: 2-րդ` կարելի էր ներողամիտ լինել Հայաստանի իրականությունը այդքան սև գույներով ներկայացնելու ամերիկյան Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցի հանդեպ, եթե նրանում արտահայտված հիասթափությունը, կողմնակալությունն ու մաղձը չտարածվեր առնվազն…արցախահայության վրա: Որ դա այդպես է` երևում է խնդրո առարկա զեկույցում Արցախի և արցախահայության մասին հետևյալ ձևակերպումից. «Էթնիկ ծայրահեղականները Հայաստանի աջակցությամբ գրավել են Ադրբեջանի մարզ Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից 7 շրջանները…»: Եվ այս զառանցանքի տակ իր ստորագրությունը դրած տիկին Պետքարտուղարը համարձակվում է հանդես գալ…Հայաստանի ու հայ ժողովրդի «բարեկամի» քղամիդով: Թող Աստված մեզ փրկի այս կարգի «բարեկամից», իսկ թշնամիների հախից ինքներս կգանք: Արի ու մի հարցրու` այդ ո՞վ է ձեր գլուխը մտցրել, թե Լեռնային Ղարաբաղը…«Ադրբեջանի մարզ» է, տիկին Պետքարտուղար: Արցախը երբեմնի Խորհրդային Միության գոյության տարիներին բռնությամբ Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ մտցված «մարզ» է, հարգելիս: Եթե չգիտեք` դա ձեզ պատիվ չի բերում: Եթե գիտեք և, այնուամենայնիվ, հանդես եք գալիս երբեմնի խորհրդային անարդար ժառանգությունը անփոփոխ պահպանելու դիրքերից, էլ ի՞նչ ժողովրդավար եք դուք, ազատության, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնիշխանության իրավունքի ի՞նչ պաշտպան եք: 3-րդ` ինչպե՞ս եք համարձակվում «էթնիկ ծայրահեղականներ» կոչել մի ամբողջ ժողովրդի, տիկին Քլինթոն, ով կենաց-մահու պայքար է մղել ադրբեջանական բռնակալության դեմ, ջախջախել է իրեն ոչնչացնելու և իր բնիկ հայրենիքից վտարելու կույր մոլուցքով արցախահայության վրա հրով ու սրով հարձակված ազերիական ոհմակները, նվաճել է սեփական հող-հայրենիքում ազատ ու ինքնիշխան ապրելու իր անկապտելի իրավունքը: Բաքվի մեծապետական շովինիստների բութ գլուխները չի մտնում, որ արցախահայությանն այլևս անհնար է բռնի ուժով վերաենթարկեցնել իրենց: Ձե՞ր գլուխն էլ չի մտնում: Թե՞ ադրբեջանական նավթի բույրից ձեր գլուխն էլ է պտտվել և կարծում եք, թե պետությունների տարածքային ամբողջականության պահպանման դոգմատիկ ըմբռնումը մատի փաթաթան դարձնելով` կկարողանք դրան ստորադասել միջազգային իրավունքի մյուս հավասարարժեք նորմը` ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքը: Դուք, գոնե ձեր կոնգրեսական լինելու տարիներին, մշտապես սատարել եք 1915-1922 թվականներին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից պետականորեն ճանաչելու և դատապարտելու ազնիվ նախաձեռնությունները: Մենք անկեղծորեն շնորհակալ ենք ձեզ` դրա համար: Սակայն ի՞նչ է ստացվում: Անցյալի ցեղասպանությունը դատապարտում եք, իսկ ներկայի ցեղասպանության վրա ա՞չք փակում: Մի՞թե կարծում եք` արցախահայությունը երբևէ թույլ կտա, որ իրեն այսօր բնաջնջեն, որպեսզի վաղը դուք և ձեզ նմանները…դարձյալ հայ ժողովրդի ցավը հասկացողի կեցվածքով մեզ բարեկա¯մ ձևանաք և նոր բանաձևեր ներկայացնեք ամերիկյան Կոնգրեսին` այս անգամ Ադրբեջանում արցախահայության հնարավոր ցեաղասպանությունը դատապարտելու մասին: Իսկ եթե մինչև հիմա չեք հասկացել, որ արցախահայությունը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում անվտանգ ապագա չի կարող ունենալ, հապա էլ ինչպե՞ս եք հավակնում այս մոլորակում ամենուրեք ազատություն, արդարություն, ժողովրդավարություն սերմանողի դերակատարություն ստանձնել… Ձեր ուղեղում վաղո¯ւց հնացած կարծրատիպեր կան, հարգելի տիկին Քլինթոն: Եվ որքան շուտ ձերբազատվեք այդ կարծրատիպերից` այնքան ավելի արժանի կդառնաք միջազգային քաղաքականության ասպարեզում կարևոր դերակատարություն իրականացնելու ձեր բարձր պաշտոնին: Ինչը և սրտանց բարեմաղթում եմ ձեզ…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ