Պատմում են զինակիցները Վազգենը մեր թիկունքն էր


Մավրիկ ՍԱՐԳՍՅԱՆ Ծնվել է 1950 թ. օգոստոսի 25-ին, ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Գիշի գյուղում: 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխ.մաթ. ֆակուլտետը, աշխատանքի անցել Մարտունու միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարանում որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ: Հետագայում նշանակվել է պրոֆտեխուսումնարանի տնօրեն, աշխատել մինչև 1992 թ.: 1992 թ. հունվարին նրան է վստահվել Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունները, ապա նշանակվել է հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, այնուհետև ՊՊԿ-ի` Մարտունու շրջանի լիազոր ներկայացուցիչ: 1995 թ. առայսօր Մարտունու արհեստագործական ուսումնարանի տնօրենն է: Ամուսնացած է, ունի դուստր և որդի: - 1992 թ. փետրվարի սկզբին Հադրութից Ստեփանակերտ գնացող «Կամազ» ավտոմեքենայով Երևանից ժամանած ջոկատի հետ Մարտունի եկավ սփյուռքահայ Մոնթե Մելքոնյանը կամ ինչպես ինքը ներկայացավ` Ավոն: Հենց սկզբից շատ տպավորիչ էր նրա նպատակասլաց համառությունը: Որպես փորձառու զինվոր նա իր հետ բերել էր տվյալ պահի համար ամենաանհրաժեշտը` փամփուշտ ներ: Ընկերները սխալմամբ «Կամազից» փամփուշտի փոխարեն աղի տոպրակներ էին իջեցրել: Ավոն սաստիկ զայրացել էր` ինչպե¯ս սխալվեցիք: Անմիջապես կապվեց Ստեփանակերտի շտաբի տղաների հետ: Տեսնել Էր պետք, թե ինչ անզիջում համառությամբ էր խոսում: Մինչև հաստատ չհամոզվեց, որ վաղը փամփուշտները կստանա, չհանդարտվեց: Այդ օրը շտաբի աշխատանքները ներկայացնելիս Ավոն մեզ պարզեց մի սովորական, ճմռթված թղթի կտոր: Այնտեղ գրված էր. «Մոնթե Մելքոնյանն ուղարկվում է Մարտունու շրջան` ազատ գործողությունների համար: Օժանդակե°ք նրան: Վազգեն Սարգսյան»: Հպարտությամբ կրկնեց. - Վազգեն Սարգսյանի կողմեն ուղարկված է: Սկզբում իր նկարագիրը մեզ անսովոր էր, չէինք ընկալում: Որոշ ժամանակ անց հասկացանք` այն անհատն է, այն շատ քչերից մեկը, ով գիտակցում է մեր պայքարի ամբողջ լրջությունը: Ակնհայտ էր, որ վաղուց էր նախապատրաստվել իր ժողովրդի կորցրած հողերի ազատագրման պայքարին, ամբողջ էությունը, միտքը նպատակաուղղված էին այդ խնդրին, որի հաղթանակի համար պատրաստ էր զոհաբերելու կյանքը: Որպես նվիրյալ մարտիկ, հրամանատար` իր բացառիկ հատկանիշներից մեկն այն էր, որ սակավապետ էր, քչով գոհացող և միշտ հետևում էր, որ զինվորներն ու սպաները նույն սնունդն ստանային: Զինվորը պետք է տեսնի` սպան ուտում է այն, ինչ-որ` ինքը Մի անգամ ճաշարանի վարիչն ինձ ասաց. - Երկար ժամանակ է, որ Ավոն չի ճաշել, ուզում եմ լրացուցիչ բաժին դնել սեղանին: Ավոն եկավ ճաշարան ու անմիջապես նկատեց ավել երկու ձուն և դիմեց ճաշարանի վարիչին. - Թանկագին (այդպես էր այդ կնոջ անունը), շուտ վերցրո°ւ ինչը որ ավելորդ է: Իր գործողությունները միշտ համաձայնեցնում էր Վազգենի հետ: Թե° սպա, թե° զինվոր, կռվի ընթացքում Վազգենի շունչը, զորակցությունը միշտ զգացել ենք: Նա մեր թիկունքն էր, ամենամեծ ծառայությունը մատուցեց Արցախյան պատերազմին, այդ առումով առաջին դեմքն էր Հայաստանում: Կազմակերպչական մեծ տաղանդ ուներ: Խնդիրներ էր առաջադրում, որոնք իրագործելու միջոցներ չկային, բայց ինքը ճիշտ էր զգում պահի կարևորությունը և մեծ պատասխանատվությամբ վերաբերվում դրան, ամեն հնար գործադրում էր անհրաժեշտն ապահովելու համար: Այլ ճանապարհ չէր տեսնում: Մեծ հավատով էր լցված, և այդ հավատը օգնեց մեզ: Արցախում` այդ նույնը կատարում էր Սամվել Բաբայանը: Երկուսի ջանքերի շնորհիվ է, որ պատերազմում հաջողության հասանք: Մի դրվագ շատ խորն է տպավորվել հոգուս մեջ. հիշելիս սիրտս լցվում է: 1992 թ. փետրվարի 4-ին Վազգենը եկել էր Մարտունի` Ավոյին հրամանատար նշանակելու: Ճաշարանում եղած լավ բաները դրել էինք սեղանին` նրան հյուրասիրելու համար: Երբ մտանք ճաշարան, փորձառու զինվորներից Ժիրայր Ազիզյանը բողոքեց. - Ինչո՞ւ մեր սեղանին չկա այն, ինչ կա մյուս սեղաններին: Նա չգիտեր` ո°վ է հյուրը և այդպես խոսեց Ավոյի սկզբունքի համաձայն` սպան ու զինվորը պետք է սնվեն նույն կերպ: Զինվորի խոսքերից ազդված` Վազգենը համարյա չմոտեցավ սեղանին: Վատ էր զգում, որ իրեն հյուրասիրելու համար ջանացել ենք: Զրկանքների այդ ծանր շրջանն այլևս անցյալ է: Սպարապետի մեծ վաստակի շնորհիվ է, որ կայացավ հայոց բանակը: Այսօր մեր զինվորն ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով: Թող է°լ ավելի հզորանա մեր բանակը, որ մեր հայրենիքի սահմանները լինեն անառիկ: Այդ էր Վազգեն Սպարապետի մեծ երազանքը, որի իրականացման համար չխնայեց ոչինչ:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ