Ծիածանային գունեղության հավակնությամբ


«Հայաստանի ազգությունների էստրադային ծիածան» երիտասարդական փառատոն հնչեղ անվամբ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ՀՀ նախագահին կից Ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ Իրինա ՍԱԳՐԱԴՈՎԱՅԻ դրամաշնորհային ծրագիրը Հայաստանում բնակվող տարազգի երիտասարդությանը մշակույթի զորեղ միջնորդությամբ մտերմացնելու առաջնահերթ նպատակն էր հետապնդում£ Հայկական էստրադայի ճանաչված երգիչներ Հասմիկ Կարապետյանի, Վիլեն Հովսեփյանի, Արփինե Մացակյանի, Հայկ Կասպարովի, Վահրամ Պետրոսյանի, Նարե Գևորգյանի, Արսեն Գրիգորյանի և Անահիտ Շահբազյանի մեջընդմիջվող կատարումներով փորձ է արվում պատշաճ արվեստամերձ հենքի վրա ներկայացնելու 11 այլ ազգերից սերող շնորհալիների ինքնագործ երգարվեստը£ ՀՀ վարչապետի և մշակույթի նախարարի պատվելի ներկայությունը ի սկզբանե բարենպաստ հող է ապահովում կատարողական ողջ ներուժով հանդես գալու համար£ Համերգավարման բարեկրթությանն անվարժ Նարինեն և Լևոնը, անհարկի փութեռանդությամբ, ջանում են տոնականություն հաղորդել իրարահաջորդ ելույթներին`սցենարի կատակախառն միջարկումները իրենց, իբր, անբռնազբոսիկ երկխոսություններով մատուցելով£ Մասնակիցների ազգային պատկանելությանը համարժեք փոփոխվում է Նարինեի հանդերձանքը£ Ձայնագրված երաժշտական նվագակցության ընդհանուր աղմուկի միալար ուժգնությամբ հաճախ անլսելիության աստիճան խլանում է ելույթ ունեցողների ձայնը, անըմբռնելի են դառնում երգերի բառերը£ Դեռ լավ է, որ երգերից շատերին վաղուց են ծանոթ ունկնդիրները£ Ոմանք նույնիսկ ձայնակցում են ինքնաբուխ: Ակնհայտ է դառնում այս համերգային ծրագիրն ամբողջացնող բեմական հավաքական փորձի բացակայությունը£ Օֆելյա Պավլովայի հնչեցրած «Նինվե» ասորական երգին հաջորդած ծրագրային ստեղծագործություններից իրենց կոլորիտով առանձնանում են Համիկ Թամոյանի` եզդիական «Հեյ Նարե»¬ն, Անահիտ Յուխանյանի` հունական «Անամնիսիս»¬ը, Մոնիկա Շահվերդյանի` ուկրաինական «Սոխակի երգը» և Գայանե Մանուկյանի` «Չերվոնա Րուտա»¬ն, Թամիլա և Գոհար Սարոևաների` քրդական «Հոյ նար»¬ը …Ամենատպավորիչը Էմանուելի հնչեղ մեներգով թատերայնացված վրացական «Նախե»¬ն էր` «Էներջի» պարախմբի պլաստիկ վարպետությամբ£ Սագրադովայի որդու` մոտ 20 երգի հեղինակ S.H.A.K.U.R.¬ի դուետը Նարինեի հետ տարբեր լեզուներով խոսող մարդկանց չկապակցված զրույցի էր նման. յուրաքանչյուրն, ասես, միայն իրենով էր տարված£ Համերգի ընթացքի գերակտիվ աշխուժացումից, մի քանի ելույթներից հոգնաբեկ Նարինե Դովթալյանը ակամա վաղաժամ վերջակետում է երաժշտական ծիածանային գունեղության հավակնությամբ մեկնարկած համերգը£ Հանդիսատեսի ելքը, որոշ հապաղումով, կասեցնում է Լևոնը: Բայց... «Կարմիր, կապույտ, ծիրանագույն…» հատուկ գրված ավարտական երգին, վկայագրերով ու խորհրդանշական նուռ¬հուշանվերներով պարգևատրված մասնակիցների միաձայն կատարմամբ, անհաղորդակից են մնում սրահից հեռացած բարձրաստիճան ունկնդիրները£ Ներողամտորեն ընդունելով այս նախագծի կազմակերպչական անհարթությունները` հույս եմ հայտնում, որ այն կարևոր ազդակ կդառնա Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ստեղծագործական ներուժի բարձրարվեստ զարգացման` ինքնատիպության հնարամիտ պահպանմամբ£ Հավատ է ներշնչում պետական բարյացակամ աջակցության հաստատուն առկայությունը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ