ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐԱՄՆԵՐ


Թոշակների վճարման ծառայության` գործազուրկ դարձած աշխատակիցների բողոքի գործողությունները դեռևս շարունակվում են: Եթե չլիներ մի քանի հարյուր մարդու պայքարը, միգուցե այս համակարգում ձևավորված կոռուպցիոն բուրգը քանդվելու նշաններ այդպես էլ ցույց չտար: Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարի հայտարարությունն այս առումով սենսացիոն կարելի է համարել: Վերջինս հրապարակավ արձանագրեց, թե. «Էլ ձեզանից էն 200 դրամները չենք ուզելու, որովհետև մեզանից էլ վերևից չեն ուզում»: Դատելով նախարարի մտքի սայթաքմա՞ն, թե՞ անսպասելի անկեղծության արգասիք դարձած հավաստիացումից` համակարգում ձևավորված կոռուպցիոն բուրգի մասին հայտարարությունները բոլորովին էլ չափազանցված չարժե համարել: Փաստորեն` միամիտներին է միայն թվացել, թե սոցծառայության աշխատակիցների կողմից ամեն ամիս գրպանվող 200-ական դրամները միայն վերջիններիս է պատկանում: Ավելին, մինչև այս մարդկանց գործազուրկ դառնալը թվում էր, թե թոշակ ստացողներից կորզվող մանրադրամներն ըստ էության նախատեսված են վերջիններիս վճարվող չափազանց համեստ աշխատավարձերն այս կերպ «համալրելու» համար: Մինչդեռ նախարարի ակնարկած բուրգի ամենաստորին հատվածում գործունեություն ծավալած թոշակ բաժանողները եթե անկեղծանան, կարող է պարզվել, որ 200¬ից իսկի 50 դրամը վերջիններիս գրպանում չի մնացել: Այսուհանդերձ, թեկուզ ցածր վարձատրությամբ, բայց մարդիկ աշխատել են ու հիմա էլ չեն ուզում (չե´ն կարող) գործազուրկ դառնալ: Եվ մյուս նախարարը խոստացել է սոցծառայության` գործազուրկ դարձած աշխատակիցների մի ստվար մասին շատ շուտով աշխատանքի տեղավորել, ինչն էլ արդեն իսկ լռության երաշխիքներ է ստեղծում: Երաշխիք` ոչ միայն բողոքների դադարեցման, այլև կոռուպցիոն բուրգի «խոհանոցային» մանրամասների բացահայտման առումով: Վերջին հաշվով` խոսքն, ինչպես ասում են, մանրադրամի մասին է` որքան էլ մատնանշվածը այն դեպքերից լինի, երբ «կոպեկը կոպեկի» վրա ժողովվելով` ամեն ամիս միլիոնավոր դրամներով հաշվվող կաշառքի է վերածվել: Եվ հետո, 1 դրամի «շեղումն» էլ է կաշառք: Այլ հարց է, թե կոռուպցիոն բուրգը քանդելու շահախնդրությունը տվյալ դեպքում մինչև ո՞ւր կարող է հասնել: