Պարտադիր չէ, որ բոլորը ճանաչեն ԼՂՀ անկախությունը


Արցախյան հիմնախնդրի վրա գերտերությունների փոխհարաբերությունների ազդեցության մասին է զրույցը քաղաքագետ Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ - Մեթյու Բրայզան Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում իր գործունեության առաջնահերթությունը համարել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արագ լուծմանը նպաստելը: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Բրայզայի նշանակումը` Ղարաբաղյան խնդրի վրա: - Չպետք է պատահականություն համարել այն, որ Ադրբեջանում հենց Բրայզան է դեսպան նշանակվել: Նա երկար ժամանակ եղել է ԱՄՆ¬ի կողմից Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, բազմիցս այցելել է Հայաստան և ԼՂՀ: Մեթյու Բրայզայի նման դիվանագետը դժվար թե նշանակված լինի այդ պաշտոնում, որպեսզի Ղարաբաղյան խնդիրն արագ լուծվի: Ավելի ճիշտ կլինի սպասել, որ նա այդ պաշտոնում կշարունակի այն, ինչը կատարում էր, երբ ՄԽ համանախագահն էր: Այսինքն, ավելի շեշտադրված են լինելու Միացյալ Նահանգների քաղաքական նպատակները հակամարտության կարգավորման շրջանակներում: ԱՄՆ-ը միշտ ջանացել է ամրապնդել իր դիրքերն Անդրկովկա սում` ընդհանուր առմամբ, ոչ թե միայն Ղարաբաղում, Ադրբեջանում կամ Հայաստանում: Անդրկովկասի տարածաշրջանի վերաբերյալ Ամերիկայի գլխավոր նպատակը, այսպես ասած, ներքին սահմանները բացելն ու տարածաշրջանն իր դաշնակիցը կամ կցորդը դարձնելն է: - Այդ դեպքում կարելի է բացառել Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումը, քանի որ ԱՄՆ-ին տարածաշրջանում պատերազմ, կարծես թե, հարկավոր չի: - Հարցը երկակի իմաստ ունի: Հասկանալի է, որ մեծ ծրագրերին պատերազմն, իրոք, խանգարում է: Բայց իմանալով 2008թ. օգոստոսյան իրադարձությունների մանրամասները, կարող ենք նաև չբացառել, որ ամերիկացիները փորձեն մի դրդումով մոտեցնել, այսպես ասած, եզրափակման փուլը: Համաձայնենք, որ Հարավային Օսիայի դեմ Սահակաշվիլիի վարչախմբի ագրեսիան հանգեցրել է այն իրողությանը, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները փակված են: Այլ հարց է, որ ինչ-որ մեկն ասի, թե չի ճանաչում այդ երկրների անկախությունը: Բայց ագրեսիայի դրդելով Վրաստանին, հասունացրել է այն պահը, երբ Վրաստանի կազմում այլևս անհնար կլինի Աբխազիայի և Օսիայի հայտնվելը: Երկարատև բանակցային գործընթացն ամերիկացիների պլաններում չկար. տեսնելով, որ այն երկարում է, չեմ բացառում` համաձայնեցնելով Ռուսաստանի հետ, որոշել են ագրեսիայի մղել Վրաստանին: Չեմ բացառում նաև, որ ձանձրանալով Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումից, ԱՄՆ-ը Բաքվի իշխանություններին պատերազմական կարճատև գործողությունների կարող է դրդել: Իհարկե, հավատարիմ մնալով PR տեխնոլոգիաներին, Վաշինգտոնը միշտ կասի, թե դեմ է պատերազմական գործողությունների վերսկսմանը: Եթե նման կերպ վարվել է Վրաստանում, ապա ինչու բացառել, որ նույնը չի անի Ադրբեջանում` Ղարաբաղյան կարգավորման հարցում: Հիշենք` Աստանայում Դմիտրի Մեդվեդևն Արևմուտքին շատ կտրուկ առաջարկեց ընդհանուր մոտեցում գծագրել նման կարգի բոլոր հակամարտությունների կարգավոր ման համար: Իհարկե, ԱՄՆ պատվիրակությունը հստակ չարձագանքեց ՌԴ նախագահի առաջարկությանը, բայց կարելի է կարծել, որ ԱՄՆ-ՌԴ բանակցությունները շարունակ վում են: Գուցե կշարունակվեն նաև սակարկությունները: Հնարավոր է` Ռուսաստանն արդեն առաջարկել է ճանաչել Մերձդնեստրի և ԼՂՀ անկախությունները: Մերձդնեստրում ՌԴ-ն ռազմական ներկայություն ունի խաղաղապահների տեսքով, Ղարաբաղում կարելի է պայքարել: Նահանգները դեռևս չի պատասխանել հենց այս հարցին, թե ԼՂ-ում ինչ կարգի խաղաղարար ուժեր կարող են տեղակայվել: Ինձ թվում է` տարաձայնություններն այդ խնդրի շուրջն են: Բրայզայի նշանակմամբ այդ վեճը կամ կսրվի կամ կաշխուժանա: - Այսինքն, Ղարաբաղյան հարցում հիմնական վեճը Ռուսաստանի և Արևմուտքի միջև է` խաղաղարար ուժերի կազմի շուրջ: - Այո: Ավելի խորքային է այն հարցը, թե ո՞վ կվերահսկի Ղարաբաղ-Իրան սահմանը: Զանգելանից մինչև Ֆիզուլի համարվում է հակամարտության գոտի: Ո՞վ կվերահսկի հայ-իրանական սահմանը: Այն հակամարտության գոտու հետ բավական մեծ սահման կլինի` գրեթե հավասար հայ-թուրքական սահմանին: Իսկ վերջինը ռուսական զորքերն են հսկում` ՌԴ ռազմաբազայի ներկայությամբ: Ուրեմն ինչո՞ւ Ռուսաստանը պետք է հրաժարվի նաև հայ-իրանական սահմանը վերահսկելուց: - Բայց Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանում օտարերկրյա ուժեր չպետք է լինեն: - Հասկանալի է, որ Իրանը չի համաձայնի, որպեսզի իր սահմանի մոտ օտարերկրյա ուժեր լինեն: Նաև` Թեհրանն անվտանգությանը սպառնալիք չի համարում ռուսական ուժերի ներկայությունը: Եվ եթե ՌԴ-ն այդպիսի մտադրություններ ունի, ապա պետք է որ փոխհամաձայնեցրած լինի Իրանի հետ: Հիշենք` անցյալ տարի Բաքվում կասպյան երկրների գագաթնաժողովում Մեդվեդևը և Ահմեդինեջադը առանձնացան ու շատ հարցերում համաձայնության հանգեցին: Նրանք տարածաշրջանում բացառում են արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը: Իսկ այդպիսիք են Թուրքիան և ՆԱՏՕ-ն: Տարածաշրջանում բոլոր հարցերը փոխկապակցված են, և ամեն ինչ կախված է մեծ տերությունների փոխհարաբերությունից, այլ ոչ թե որևէ կոնկրետ հակամարտությու նից: Կարևոր հարց է, թե որքանո՞վ էր ճիշտ դիտարկվել Անդրկովկասն` իբրև երեք պետությունների տարածաշրջան: Գուցե վեց, կամ հինգ, կամ էլ 5+1, այսինքն` հինգը ճանաչված, իսկ մեկը ոչ լրիվ ճանաչված: Այդպիսի պետություններ շատ կան: Չպետք է սպասենք, որ վաղը կամ մյուս օրը բոլորը ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Բավական է` տասը երկիր ճանաչեն: Դա բավարար է, որպեսզի պահանջենք, որ հայկական երկրորդ պետությունն ունենա ՄԱԿ-ին անդամակցության իրավունքը:

Ա. ԴՈԽՈԼՅԱՆ