ՍԵՎՈՎ` ՍՊԻՏԱԿԻՆ Հեյդարօղլին` կլանակառույց


Ադրբեջանական քարոզչամեքենան կանխավ դատապարտված հերթական փորձն է ձեռնարկում` Ալիևների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնող Ադրբեջանի որոշ հարևանների քարոզչությունն իբր հակադարձելու ուղղությամբ (ինչպես «Թուրան» գործակալության հաղորդագրությունում է նշվում): Միլի մեջլիսի վերջին նիստերից մեկի ընթացքում պատգամավորը հանդես է եկել նախաձեռնությամբ` առաջարկելով Իլհամ Ալիևի իմիջի և պատվի, արժանապատվության վերաբերյալ օրենք ընդունել: «Խնդիրը» օրենքով կարգավորելու ձեռնարկումն ինքնին վկայում է, որ թե´ երկրի ներսում ու թե´ ընդհանրապես հեյդարօղլու վարկանիշն աննկարագրելիորեն ցածր է: Հակառակ պարագայում` այս երկրի խորհրդարանն ստիպված չէր լինի հիմա էլ փորձել օրենսդրության ուժին ապավինել` երկրի նախագահի վարկը փոքր¬ինչ բարվոքելու հույսով… «Թուրանը» հավելում է նաև, որ Իլհամ Ալիևի վերաբերյալ ոչ միանշանակ գնահատականները հաճախակիացել են ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև հարևան Թուրքիայում: Իսկ Ռուսաստանում նրա անունն սկսել են հիշատակել որպես տոտալիտար ռեժիմի գաղտնի ծառայության գործակալ: Դիցուք, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը վերջերս հրապարակել է մի գիրք, որտեղ Ալիևին ներկայացվում են մեղադրանքներ` կլանային, ավտորիտար պետություն կառուցելու և ժողովրդավարական ազատությունները ոտնահարելու համար: Նշենք` հեյդարօղլու կերպարն ու գործունեությունն ամբողջացնող հրապարակումներն այնքան շատ են, որ դրանց վերաբերյալ ճշգրիտ թիվ դժվար է մատնանշել: