Միշտ տոկուն եղե´ք, հայոց սպաներ


«Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել` Հայկ, Արամ, Տիգրան. որովհետև քաջերի սերունդները քաջերն են»: Մ. ԽՈՐԵՆԱՑԻ Դարեր շարունակ նոր արժեքներով համալրվելով, ամրապնդելով, հայ զինվորականների պատվո վարքականոնը փոխանցվել է սերնդեսերունդ` խորը կնիք դնելով հայ ժողովրդի հոգեկերտվածքի և աշխարհայացքի վրա: Տարբեր ուսումնասիրողներ վկայում են, որ հայ ռազմիկի պատվո վարքականոնը գույություն է ունեցել 4¬րդ դարից ավելի վաղ շրջանում: Ելնելով ժամանակի թելադրած արժեքներից և այսօրվա իրականությունից` ինչ ասել է «հայ սպայի պատիվ»: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` «Հրամանատարը` զինվորի ավագ ընկեր» հատուկ ուղերձում շեշտված է, որ ամուր, կայացած ու կազմակերպված բանակի հիմքը հրամանատար¬զինվոր, ղեկավար¬ենթակա փոխհարաբերությունների ճիշտ կառուցումն է, փոխադարձ վստահությունը, միմյանց օգնելու, միմյանց համար ամեն վայրկյան կյանքը տալու պատրաստակամությունը: - Սպան պետք է լինի զինվորի ընկերը, դառնա նրա համար օրինակ, ճիշտ ցուցումներ տա և միշտ լինի նրա կողքին: Զինվորը պետք է հավատա իր սպային,¬ հավելում է փոխգնդապետը: Մեր բոլոր հաղթանակների, հաջողությունների հիմքում ընկած են եղել միջանձնային հարաբերությունները: Այսօր մեր բանակում ղեկավար¬ենթակա փոխհարաբերութ յունները ճիշտ հենքի վրա են դրված և ավելի ու ավելի են ամրանում, կատարելագործվում: Այս հարցի շուրջ հետաքրքիր է փոխգնդապետ Արմեն Ազիբեկյանի տեսակետը. - Հայ սպայի պատվո վարքականոնը, ըստ իս, վերջնականապես ձևավորված չէ: Դա շարունակական գործընթաց է: Մենք ինքներս ենք կերտում սպայի կերպարը: Օրինակներ ենք վերցնում մեր նշանավոր զորավարների վարքականոնից: Կարելի է համեմատություն անցկացնել սամուրայի պատվո վարքականոնի հետ: Իհարկե, տարբերություններ կան: Ամենացայտունն այն է, որ սամուրայը ծառայում է իր տիրոջը, իսկ հայ սպան` իր հայրենիքին: Սպաները պետք է լինեն հասարակության ամենահայրենասեր շերտը, ինչ¬որ տեղ` նույնիսկ արտոնյալ խավը, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը: Դա ոչ թե սպային է անհրաժեշտ, այլ հասարակությանը` հետագայում բանակի հիմքերն ավելի ամրապնդելու համար: Սպայի ամենօրյա, խիստ պատասխանատու աշխատանքը չի սահմանափակվում սոսկ ծառայողական պարտականություններով և ամրագրված կանոններով: Նա իր կերպարով, պահվածքով օրինակ է յուրաքանչյուր զինվորի համար առաջին հերթին որպես մարդ, ընկեր, խորհրդատու, որի համար էլ կրում է պատասխանատվության ամենամեծ բաժինը: - Սպան պետք է զգացնել տա իր պատրաստակամությունը, նվիրվածությունն իր հայրենիքին: Ընտանիքի օրինակելի հայր լինի: Դա ևս չի վրիպում զինվորի աչքից: Ցավոք, լինում են դեպքեր, երբ սպան հոգնածության, լարվածության պատճառով վիրավորում է զինվորին: Նա պետք է մշտապես զբաղվի ինքնակատարելագործմամբ, հասկանա զինվորի հոգեբանությունը: Դրա համար անհրաժեշտ են գիտելիքներ, հմտություններ և փորձ,¬ ասում է փոխգնդապետը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ