«ԻՄ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՅՍՏԵՂ Է` ԻՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՏԱՆԸ»…


Հայրենիքում` արևելահայերեն, լույս են տեսել բեյրութահայ ականավոր թատերագիր, «աբսուրդի դրամայի» ներկայացուցիչ ԱՐԱ ԱՐԾՈՒՆՈՒ երկու հատորով ամփոփված դրամատիկական երկերը: Հենց այդ իրադարձությունն էլ առիթ դարձավ մեր հանդիպման: - Վերջապես Ձեր պիեսները, որոնք գրված են արևմտահայերենով և ձևավորում են ազգային թատերգության մեջ պոստմոդեռնիստական դրսևորումները, հասանելի դարձան նաև արևելահայերենով կարդացող ընթերցողներին: Ի՞նչ զգացում ունեցաք, երբ ներկայացաք հայաստանյան ընթերցողին: - Ես տասնինը տարեկանից հետաքրքրվել եմ թատրոնով, ապրել թատրոնական ուրախություններով: Բեմ եմ բարձրացել Աշոտ Մադաթյանի, Ժորժ Սարգսյանի և Տիրան Աճեմյանի թատերախմբերում, ապրել բեյրութահայ թատրոնի հաջողություններով… Նրանք իմ մթնոլորտն էին ձևավորել, լեզվամտածողության իմ հանգրվանը: Ու ես իմ բոլոր ստեղծագործությունները` վիպակներ ու վեպեր, դրամատիկական երկեր` գրել եմ արևմտահայերենով: Սակայն այսօր հայրենիքի գրական ու թատերական շրջանակներին մերձ լինելու համար հարկավոր էր ներկայանալ արևելահայ գրական հայերենով` առավել դյուրին դարձնելու համար իմ և գրասերների ու թատերասերների միջև ձգվող անջրպետը: Բնականաբար, ուրախացա, հրճվեցի… Պետք է ասել, որ բանասեր ու սփյուռքագետ Արթուր Անդրանիկյանը հրաշալի թարգմանություններ է կատարել, լավ է զգացել իմ գրի ու բառի առանձնահատկություները: Հայրենիքում տպագրվելն իմ վաղեմի ու նվիրական երազանքն է եղել: - Դուք այն բացառիկ ու եզակի մտավորականներից եք, ովքեր, Բեյրութում ապրելով, բախտավորություն են ունեցել շփվել մեր գրականության մի քանի մեծերի` Լևոն Շանթի, Մուշեղ Իշխանի, Նիկոլ Աղբալյանի, մյուսների հետ: Կպատմե՞ք Ձեր հանդիպումների մասին: - Լևոն Շանթը շատ մռայլ ու սակավախոս մարդ էր: Ես անգամ վախենում էի նրանից: Գրեթե պատանի էի, ամաչում էի գրական հավաքույթներին նրան մոտ նստել, սակայն նրա տեսքն արդեն պատկառանք ու երկյուղ էր ծնում: Քիչ էր ներքաշվում գրական բանավեճերին: Այնպիսի տպավորությունն ունեի, թե «Հին աստվածների» Վանահայրն ինքն էր` ներամփոփ ու ներսույզ: Ուրիշ էր Նիկոլ Աղբալյանը` զրուցասեր, ժպտադեմ, բոլորի հետ շփվող: Ես նստում էի նրա կողքին և ժամերով լսում նրան: Հրաշալի էր խոսում, ծանոթ էր անգամ նոր լույս տեսած ստեղծագործություններին… Նրանք երկուսն էլ հզոր անհատականություններ էին, ովքեր մի տեսակ խեղճացած էին ապրում սփյուռքում, որովհետև ծնված էին այլ միջավայրում լինելու և արժեքների հետ շփվելու համար… Ճակատագիրն այդպես հաճախ է մարդուն կտրում իր ճշմարիտ միջավայրից ու տեղափոխում մի տեղ, ուր նա կարող է հյուր կոչվել, բայց ոչ երբեք` տանտեր: Սա մեր ազգային ողբերգության դրսևորումներից մեկն է: - Դուք Բեյրութի նշանավոր մտավորականներից մեկն եք, ազգային արժեքներով և խնդիրներով ապրող մարդ: Այսօր «ծանր վարագույրը» հետ է գնացել, սերտացել են Հայրենիք-Սփյուռք կապերը: Արդյո՞ք հնարավոր է հայկական այս երկու շրջանների վերջնական միաձուլումը: - Շատ բարդ խնդիր է: Սփյուռքի, մասնավորաբար Բեյրութի, ոչ բոլոր մարդիկ են լիովին գնահատում և հասկանում պատմական պահը: Այո, սա պատմական պահ է, քանի որ վերջապես տեսլականից եկանք դեպի իրողություն: Վերջապես մեր երազանքը դարձել է իրականություն… Ոմանք տակավին թյուրըմբռնումներ ունեն, ավանդական ընդդիմադիր մոտեցումներ, անգամ մերժելի կեցվածք: Հրաշալի գործ է նախաձեռնել Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանը` իր սփյուռքյան այցերով ձգտելով մերձեցնել հայության երկու հատվածներին: Սակայն Սփյուռքը միատարր չէ, միատարր չեն քաղաքական կեցվածքները, ուստի երբեմն, իրապես, պատնեշվում են շատ մտահղացումներ ու ցանկություններ: Բայց, համոզված եմ, վերջիվերջո, բոլորը պիտի հայացքները հառեն դեպի հայրենիք: Սա մեզ համար ամենաճշմարիտ հանգրվանն է: - Ձեր զավակները Հայաստանում են, Դուք արդեն հաճախակի եք գալիս Երևան… - Փոքրիկ թոռնիկս, որ հայաստանցի է և երևանցի, մի քանի օր առաջ հարցրեց. «Պապիկ, ինչու՞ հայերեն չես խոսում»: Ես պատասխանեցի, որ հայերեն եմ խոսում: Նա առարկեց. «Չէ, իսկական հայերենով ես եմ խոսում»: Նա արևելահայերեն է խոսում: Ես ուրիշ իմաստ տեսա նրա խոսքի մեջ. ճշմարիտ հայեցին այստեղ է` Հայաստանում, մեր երկրում, ուրեմն բոլորս պիտի գանք այստեղ և խոսենք հայրենիքի լեզվով: Ես նաև առևտրական եմ, ունեմ սեփական բիզնես, սակայն իմ բոլոր միջոցները տեղափոխել եմ Հայաստան, այստեղ պիտի գործունեություն ծավալեն իմ զավակները. ժամանակն է, որ մեր աշխատածը մեր հայրենիքին պետք գա, հայրենիքի տնտեսությունը զարգանա: - Վերադառնանք Ձեր ստեղծագործություններին: Ձեր բոլոր 9 պիեսները շնչում են արդիականությամբ, նորարարական շունչ են բերում, ձևավորում են նոր գեղարվեստա կան դրույթներ: Ի՞նչ եք կարծում, նրանք կհետաքրքրե՞ն թատրոններին: - Արդեն իսկ իմ «Անավարտ վեպը» և «Մժեղը» պիեսները Երևանում բեմադրվել են, բեմադրիչն էր Արմեն Մեհրաբյանը: «Մժեղը» բեմադրվել էր նաև Գյումրիում: Օրերս տեղեկացա, որ Գյումրիում դարձյալ սկսել են «Մժեղի» բեմադրման աշխատանքները: Գիտեմ նաև, որ «Պահածոյի տուփերը» պիեսը հետաքրքրել է հայ ժամանակակից թատրոնի ամենանշանավոր բեմադրիչներից մեկին` Վահե Շահվերդյանին: Պիտի հուսամ, որ տասնամյակների իմ բաժանումը հայ արևելյան թատրոնից պիտի փարատվի, իմ ստեղծագործությունները պիտի տեղ գտնեն նաև հայաստանյան բեմերում: Ես նրանց գեղարվեստական արժանիքների մասին չեմ խոսում. դա անում են թատերագետներն ու գրականագետները: Ես ստեղծել եմ իմ թատրոնը, գեղագիտական իմ համակարգը, ուստի շատ պիտի ցանկանամ, որ իմ պիեսներով նպաստեմ հայ ժամանակակից թատրոնի զարգացումին: - Պարոն Արծրունի, անշուշտ շատ կուզենայի երկար զրուցել, շատ հարցեր հղել, սակայն թերթի հնարավորությունները սուղ են: Բայց այս հարցն անպայման ուզում եմ հնչեցնել. այսօր երեկոյան Դուք վերադառնում եք Բեյրութ: Շա՞տ կուշանա Ձեր հաջորդ այցը Հայաստան: - Կարծում եմ, որ գարնանը կվերադառնամ: Հիմա իմ կյանքում ամեն ինչ խառնվել է. Բեյրութն ու Երևանը միաձուլվել են իրար, առանց նրանց չեմ կարողանում ապրել: Բայց կարծում եմ, որ հաջորդ այցից հետո վերադարձի մասին չեմ մտածելու: Իմ վերադարձն այստեղ է, իմ երևանյան տանը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ