ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՆՔ...


Հարյուրամյակներ առաջ, երբ մեր պատմահայրերը, խցերում տքնելով, թշնամու սրից մազապուրծ կամ նույնիսկ պատերազմի դաշտում Հայոց պատմություն էին գրի առնում, դժվար թե ենթադրեին անգամ, որ գալու է սերունդ, որը գրական¬մշակութային այդ ժառանգությունը, մեղմ ասած, անտեսելու է: Իսկ այդպիսի սերունդ, ցավոք, եկավ: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ քաղաքացուն ինչ¬որ կինոաստղի 9¬րդ ամուսնության պատմությունն ուսումնասիրելն առավել հետաքրքրական է, քան Հայոց պատմության որևէ դրվագի ծանոթանալը: Եվ, առհասարակ, երիտասարդների շրջանում արդեն շատերի համար ամենամեծ, ամենահրապուրիչ տեքստն օրվա աստղագուշակն է, իսկ ամենապահանջված գրականությունը` ցածրարժեք (բայց` նկարազարդ) ամսագրերը: Ինչ կլիներ, եթե այս ամենին ականատես կամ ականջալուր լինեին, ասենք, «Ճանաչել զիմաստություն և զխրատ»¬ի թարգմանիչները… Անխոս, նրանք մեծ ողբերգություն կապրեին: Եվ ոչ միայն նրանք. պատկերն այսօր տխրեցնում է հայոց գրական-մշակութային ժառանգությունն արժևորող ցանկացած հայի: Համենայնդեպս, երկրի մշակութային պայծառ ապագայի մասին վկայող` ոչ մի ոգևորիչ փաստ. բազմահազարանոց գրքեր ունեցող գրադարաններ այցելում է ուսանողների մի ստվար խումբ` քննություններին նախապատրաստվելու համար ընդամենը: Թանգարաններ այցելում են մեծամասամբ զբոսաշրջիկները` շատ անգամ Հայաստանի մասին գաղափար անգամ չունեցող: Իսկ մշակութային այլ կենտրոններ եթե այցելում են էլ, ուրեմն` այնտեղ մարմնավորված կամ էկրանավորված են, հիմնականում, դեղին մամուլին արժանի «գլուխգործոցներ»: Այս պարագայում գեղագիտական ճաշակի մասին խոսելն անգամ ավելորդ է, որովհետև այն ուղղակի գոյություն չունի: Մերոնք հավանում են այն, ինչը հրամցվում է իրենց` լինի դա ցածրորակ հումոր, թե նույն կարգի հեռուստաշոու: Սփյուռքում էլ կարծում են, թե իրենք են հայրենիքից հեռու… Հայրենիքի ներսում, սակայն հայրենիքից այնքա˜ն հեռու են հենց մեծաթիվ հայաստանցիներ: Այս ամենի պատճառներից մեկն էլ գուցե այն է, որ շատերը հայեցին ու ժամանակակիցը չեն ընկալել ու համադրել… Գուցե աղջիկներից շատերը ձգտում են արևմտյան վարքուբարքի` կարծելով, թե ազգայինին հավատարիմ մնալը նշանակում է մազերն 2 հյուս արած շրջե՞լ… Զավեշտալի է, սակայն` հնարավոր: Փոխարենն ընդհանրապես զավեշտալի չէ Հայաստանում ազգային մշակույթի ընկալման ու գնահատման ներկա իրավիճակը: Ավելին` տխուր է ու ազգային ինքնասիրությունը վիրավորող: Հայերն այդպիսին չեն եղել: Նրանք ուրիշ էին: Սակայն, այսօր ցավալիորեն քիչ են տարբերվում անազգություն, անմշակույթ, անհայրենիք «տիեզերաքաղաքացիներից»:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ