ԱՌԱՋՆԱԽԱՂԻՑ ՀԵՏՈ


Կարինե Խոդիկյանի թատերգությունն արդեն դարձել է կայացած իրողություն ազգային թատրոնում: Թատերագիրը ձևավորել է գեղարվեստաարտահայտչական այնպիսի սկզբունքներ, որոնք միայն իրեն են պատկանում: Հավերժական ու մշտնջենական թեմաները հարստանում են նոր թափանցումներով և երևակումներով, իմաստային նոր ընդգծումներով, անհատի գոյի առեղծվածի, նրա հոգեբանական տարուբերումների և արտասովոր հայտնությունների ինքնահատուկ շեշտավորումներով: Խաղն ու հոգեբանական «վարիացիան» ընտրելով որպես ինքնաարտահայտման ձև ու եղանակ` թատերագիրն ամենաբարդ, թեկուզև ողբերգական ծալքեր և հանգուցալուծումներ ունեցող պատմությունները մատուցում է զարմանալի թեթևությամբ` առաջնային ու գլխավոր դարձնելով չեխովյան բարի-կարեկցող հեգնանքի ներկայությունը: Կ. Խոդիկյանն իր հերոսներին նայում է ժպիտով, առավելապես ընդգծում քնարական-դրամատիկական երանգները` երբեք չհեռանալով խաղի ու նրա առաջադրած պայմանականության սահմաննե րից: Թատերագրական այս ինքնատիպություններն իրենց նոր դրսևորումներն են ստացել «Լույսը կբացվի» մենադրամայում, որը փշրում է արմատավորված շատ պատկերացումներ և կարծրատիպեր մենադրամաների մասին: Գիշերվա կեսին քաղաքի փողոցներից մեկում ոչ պատահաբար հայտնված կինը փնտրում է թիվ 13 շենքը, որում մի ժամանակ ինքը, իսկ հիմա իր ամուսինն է ապրում: Շենք, որը ներկա է և նախկին, և որի բակում ծավալում է իր ուրույն մենախոսությունը` մի ամբողջ կյանք ու տառապանք… Կնոջ երջանկության ու տառապանքի պատմությունն է ներկայացնում թատերագիրը` արտասովորն ու առտնին, պարզն ու բարդը միահյուսելով: Ուժեղ կին է Խոդիկյանի հերոսուհին. նա գիտե և համոզված է, որ լույսը բացվելու է: Պետական երաժշտական կամերային թատրոնում բեմադրված «Լույսը կբացվի» մենախաղի բեմադրիչ Արթուր Սահակյանը, փոքր-ինչ հեռանալով հեղինակից, բեմական պատմությունը հյուսել է որպես հեռուստաներկայացման փորձ: Կարինե Խոդիկյանի պիեսի ավարտն արդեն «կյանքի թատրոնն» է` իր կիսահեգնական-կիսագրոտեսկային, լաց լինելու աստիճան ծիծաղելի և միաժամանակ ողբերգակատակերգական արտացոլումներով; Բեմանկարիչ Վահագն Թևանյանը, ծառը դիտարկելով որպես փիլիսոփայական և բանաստեղծական մետաֆոր, հասել է բեմական միջավայրի հետաքրքիր և պլաստիկական ելակետերի վրա հենվող կառուցման` ընդգծելով-շեշտելով հենց այն պայմանականն ու թատերայինը, որոնք հեղինակի և բեմադրիչի համար գլխավոր արտահայտչաձևն են դարձել: Բեմադրիչը ճշգրտորեն և հոգեբանական ընդգծված հիմնավորումներով է օգտագործել բեմանկարչական միջավայրը` ստեղծելով հագեցած, իրենց ներքին բովանդակությունն ու հոգեբանական ճշմարիտ դրսևորումներն ունեցող բեմավիճակներ: Դրանցում ժամանակ առ ժամանակ մխրճվող երաժշտական «նշանները» ձեռք են բերում մեծ լիցք, նպաստում դրությունների, բեմավիճակների համակողմանի և խորքային պատկերումներին: Մենադրամայի հերոսուհու դերը կատարում է Կարինե Ջանջուղազյանը: Դերասանական իր նկարագրով նա հեռու է ազգային բեմարվեստից, նրա արտահայտչաձևերից: Ընտրելով բնավորության անսովոր մատուցման ձևերն ու միջոցները, դերասանուհին ինչպես իր մի շարք դերակատարումներում, այնպես էլ այստեղ ակնհայտորեն մղվում է դեպի ցայտուն թատերայինը` խաղը հագեցնելով արտակարգ հոգեբանական դրսևորումներով: Կարինե Ջանջուղազյանի դերակատարումը ներշնչանքի ու երևակայության, «ձևացման» ու զգացմունքների օտարման արտահայտությունն է. Ջանջուղազյան-Կինը բեմ է գալիս` միանգամից զգացնել տալով, որ ինքը հայտնվել է բեմական-պայմանա կան իրականության մեջ, որ այստեղ կյանքը չէ, այլ այդ կյանքի թատերային «մանրակերտը», որը պիտի «կենդանանա» և իմաստավորվի հույզերով և զգացմունքային պոռթկումներով: Դերասանուհու հերոսուհին և թատերագրի հերոսուհին նույն մարդն են, նույն կինը, ով «ակամայից» բացում է իր հոգին, «ակամայից» համադրում անցյալն ու ներկան` ներկայացնելով բացառիկ հոգենյութվածքի մի անձնավորության` աստիճանաբար գնալով դեպի հոգեմաքրումն ու թեթևացումը: Կարինե Ջանջուղազյանի խոսքը հեռու է «բեմական շեշտերից», մաներայնությունից: Կատարման ընթացքում խոսքն աստիճանաբար «բեռնավորվում» է ինքնատիպ գույներով, ներքին պրկումներով, ուստի մի շարք տեսարաններում կերպարը ձեռք է բերում ոչ միայն ամբողջականություն, հոգեբանական բացատրություն, այլև զարմանալի-ինքնատիպ վերելք: Հղանալով «խաղ խաղի մեջ» սկզբունքը, բեմադրիչ Ա. Սահակյանն անպայմանորեն կամեցել է որպես հիմնասկզբունք դիտարկել բրեխտյան «էպիկական թատրոնի» տարրը` Կ. Ջանջուղազյանի խաղային «որակների» մեջ առաջնային դարձնելով «օտարացման էֆեկտը»: Հենց բրեխտյան թատրոնի գեղագիտական դրույթներն էլ ընկած են Ջանջուղազյանի կատարման հիմքում: «Լույսը կբացվի» մենախաղով Կարինե Խոդիկյանն ու Կարինե Ջանջուղազյանը մի հրաշալի ու բացառիկ թատերական իրողություն են մեզ պարզում` երկուսն էլ իրենց ստեղծագործության մեջ հասնելով գեղարվեստական այնպիսի արդյունքների, որոնք հակազդեցություն են ձևավորում թատերագրական և դերասանական համահարթեցմանը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ