ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Դավոսի տնտեսական միջազգային համաժողովի շրջանակներում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն ի՞նչ տվեց կամ ի՞նչ ավելացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Մինսկի խմբի եռանախագահները, մասնավորապես ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր գոհունակությունը հայտնելով այս հանդիպման առնչությամբ, ասաց, որ… դե, մենք և ընդհանրապես, այս հակամարտությամբ, դրա կարգավորմամբ հետաքրքրվողներն արդեն սովորել և գրեթե անգիր ենք արել, թե ինչ են ասում Մինսկի խմբի համանախագահները երկու երկրների նախագահների հանդիպումների առիթով, եթե այդ հանդիպումները կայանում են միջազգային այդ հեղինակավոր կառույցի հովանու ներքո: Լրատվական հեռարձակումներին ուշադրությամբ հետևողները նկատած կլինեն, որ Մեդվեդևի, Ալիևի և Սարգսյանի կողմից մայնդորֆյան հռչակագիրն ստորագրելուց անմիջապես հետո Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները ինչպես լքեցին դահլիճը: Այսօր արդեն շատերի համար է հասկանալի, որ նախաձեռնելով մայնդորֆյան հանդիպումը, Ռուսաստանը նպատակ ուներ աշխարհին հասկացնելու, որ այստեղ` Կովկասում, խաղի կանոնները թելադրողն ու հարց լուծողն ինքն է: Իսկ դա եվրոպացի և հատկապես ամերիկացի համանախագահների ճաշակներին չէր համապատասխանում, ինչի պատճառով էլ նրանք սուսուփուս հեռացան դահլիճից: Իսկ Հաայստանի և Ադրբեջանի նախագահների ցյուրիխյան հանդիպումով Արևմուտքն իր գոյության մասին հիշեցնելու, միջազգային ասպարեզում իրեն կարևորելու խնդիր էր լուծում, թերևս: Եվ ընդհանրապես, աշխարհում շատ քիչ թվով հակամարտություններ են, որ լուծվել են խաղաղ ճանապարհով, առանց ռազմական բախման: Բալկաններում ծագած հակամարտությունը, որ ի վերջո լուծվեց աշխարհի հզորների գրած սցենարով, ազգամիջյան արյունահեղության օջախ էր դարձել: Պատերազմը շրջանցել չհաջողվեց նաև Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: Արցախում պատերազմն արդեն ավարտվել է: Չնայած հրադադարի ռեժիմի խախտումներին, այսօր կարելի է ասել` այստեղ ռազմական գործողութ յունների վերսկսումը, թերևս, բացառվում է: Կողմերի ռազմական կարողություններն այնքան են և աշխարհաքաղաքական իրավիճակն էլ այնպիսին է, որ պատերազմի դեպքում այն կարող է ընդգրկել նաև տարածաշրջանի մյուս երկրները, ինչն այսօր արդեն ոչ ոքի, այդ թվում նաև աշխարհի հզորների շահերից չի բխում: Աշխարհն ընդվզեց Գազայում Իսրայելի սանձազերծած ռազմական գործողությունների դեմ: Սակայն, արդեն Դավոսում Թուրքիայի վարչապետ Էրդողանին թույլ չտրվեց չափից ավելի երկար քննադատել Պերեսին: Այդպիսով, ըստ էության, Թուրքիային զրկեցին տարածաշրջանում մյուս երկրներից ավելի բարձր, կարևոր դիրք գրավելու հնարավորությունից: Մյուս կողմից, չի կարելի խաբվել աշխարհի այսօրվա խաղաղասիրությունից. տերությունները հարգում և օգնում են նրան, ով պայքարում է իր իրավունքների համար: Իսկ այդ պաքարի ձևերը բազմազան են: Վերջերս մեզանում հրատարակվել է Հայաստանի Ազգային Ատլասի մի մասը: Այնտեղ ներկայացված են նաև այն տարածքների ժողովրդագրական պատմամշակութային գործընթացները, որոնք ժամանակին կոչվել են Հայոց արևելից կողմանց հողեր: Դրանք ներառում են պատմական Հայաստանի Ուտիքը, ներկայիս հյուսիսային Արցախ կոչվող տարածքը, ողջ Արցախը: Հայաստանի Ազգային Ատլասի անգլերեն (և ոչ միայն անգլերեն) թարգմանությունը և աշխարհին ներկայացնելն այսօր առավել, քան կարևոր է: Նաև պատմական իրողությունները ի ցույց դնելով է հնարավոր միջազգային հանրությանը համոզել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանն արդեն զիջումներ կատարել է` չազատագրելով, օրինակ, Գանձակը… Թե չէ, ինչպե՞ս կարող ենք վերադարձնել Աղդամը` այդպիսով հրաժարվելով դրան հարող այն տարածքից, որտեղ արդեն պեղվել է Արցախ աշխարհի Տիգրանակերտը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ