Առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին և ռազմական կցորդ Ռիստո Լումիին: Ս.Օհանյանը նախ ողջունեց հյուրերին` ՊՆ վարչական համալիրում, ապա հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների աշխուժացմանը: Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը նշեց, որ թեև երկու երկրները գտնվում են աշխարհաքաղաքական տարբեր տարածաշրջաններում, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր և հետաքրքրություններ` զարգացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական և պաշտպանության բնագավառներում: Կողմերը քննարկեցին նաև ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր` փաստելով, որ երկու պետությունների միջև հաստատված բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունը լավ նախադրյալներ են ստեղծել հարաբերությունների` առավել լայն շրջանակ ընդգրկելու համար: Հանդիպման ավարտին Ս. Օհանյանն ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է բոլոր շահագրգիռ երկրների հետ պաշտպանության և անվտանգության բնագավառում համագործակցություն հաստատելու ուղեգիծ, իսկ Էստոնիայի, և ընդհանրապես, Բալթյան երկրների կողմից տարածաշրջանում իրականացվող հավասարակշռված քաղաքականությունը հնարավորություն է ընձեռում այդ բնագավառում համագործակցություն իրականացնելու: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Մանրամասները ճշգրտվում են Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը, 1983թ.-ի ծնված քաղաքացիական անձ Բադ Վաչագանի Թադևոսյանը, որը համաձայն նախնական տվյալների` տառապում էր հոգեկան հիվանդությամբ, եղել է անսթափ վիճակում և Աղդամ բնակավայրի ուղղությամբ փորձ է արել շարժվել ադրբեջանական հենակետերի կողմ: Մարտական հենակետի պայմանագրային զինծառայողների փորձը` կասեցնել նրա առաջխաղացումը դեպի հակառակորդը, հաջողություն չի ունեցել: Ստեղծված իրավիճակում հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել են վերոնշյալ Բադ Թադևոսյանը և պայմանագ րային զինծառայող, 1983թ.-ի ծնված, շարքային Արկադի Շմավոնի Հակոբյանը: Նախնական տվյալներով` հակառակորդի կողմից ևս կան զոհեր և վիրավորներ: Ըստ նույն տեղեկությունների` Բ. Թադևոսյանի դին գտնվում է ադրբեջանական կողմում: Մանրամասները հետաքննվում են: ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության բաժնի պետ, փոխգնդապետ Ս. Հասրաթյան