Ո՞րն է սիբիրյան ջրերի գաղտնիքը


Երևի թե հիրավի, Երկիր մոլորակն իր տարբեր անկյուններում հանելուկներ է պահում, որոնք բացատրելի դարձնել անկարող է զարգացող գիտությունն անգամ: Սիբիրյան հինգ լճերի ջրերն, օրինակ (որոնց ջրերի հրաշագործության մասին լեգենդներ են հյուսվել), շատերի վկայությամբ` իսկապես բուժիչ հատկություններ ունեն, ինչով էլ առեղծվածային այդ վայրերը դեպի իրենց են ձգում բյուրավոր ուխտավորների: Ոմանք այս տեղերում ֆիզիկական ապաքինումն են որոնում, ոմանք` հոգեկան առողջություն… Ոմանց էլ, իհարկե, հրաշքների որոնումն է այստեղ բերում, և հավաստողներ կան, թե իբր կարելի է թռչող ափսեներ ու ջրահարսեր տեսնել, զանգվածային հիպնոսների ու անբացատրելի այլ երևույթների ականատեսը լինել: Առեղծվածները` առեղծված, սակայն սիբիրյան հռչակավոր 5 լճերի ջրերն, իրոք, տարբերվում են սովորականից: Գիտնականների ուշադրությունը նախ գրավել է դրանց ակտիվությունը. այն բարձրացնում է բջիջների կենսունակությունն ու կայունությունը` արտաքին ազդեցությունների հանդեպ: Բացի այդ, 5 լճերը պարունակում են այնքան արծաթ, որ տարիներով պահելու դեպքում էլ դրանց ջրերը չեն կորցնում իրենց որակական հատկանիշները: Եվ պատահական չէ, որ հազարավոր կիլոմետրեր հեռվից այստեղ եկողներն իրենց հետ ջուր են տանում` գոնե 1 տարի այն որպես բուժամիջոց օգտագործելու: Գիտնականների համար, սակայն, մինչ օրս անբացատրելի է մնում լճերի ծագումը. դրանց գոյությունը չի «տեղավորվում» ժամանակակից երկրաբանական տեսությունների շրջանակներում: Լճերի` իրարից խիստ հավասարաչափ հեռավորության վրա տեղադրվածությունն արդեն իսկ անբացատրելի առեղծված է: Սարքերն արձանագրում են դրանցից մեկի հատակում մեծածավալ դատարկություն. ասել է թե` անհիմն չեն տարածված այն զրույցները, որ 5 «երկվորյակներից» մեկի ընդերքում գոյություն ունի հնադարյան քաղաքակրթության ստորգետնյա տաճար: Անհիմն չեն նաև արտասովոր երևույթներն ուսումնասիրողների այն պնդումները, որ լճերը Տիեզերքի ծնունդ են, և ջրերը հենց տիեզերքից էլ ստանում են իրենց անգյուտ էներգետիկան: Մի խոսքով, արդեն քանի հարյուրամյակ գիտնականներն ապարդյուն ջանքեր են թափում` սուրբ ջրերի հանելուկը լուծելու: Եվ ժամանակակից գիտական նվաճումներն անգամ չեն օգնում` բախվող տեսակետները վերջնական եզրահանգում դարձնել: Միայն դրանցից մեկի արտասովոր հատկություններն է հաջողվել ուսումնասիրել, սակայն առայժմ անհայտ է մնում, թե որտեղից է դրանում պարունակվող այդչափ կենսական ուժը: