«Այգաբացի տասնօրյակը» «Աշխարհը` մարդկության մի փոքրիկ հյուղակ»


Մայրաքաղաքի տարեմուտի մշակութային կյանքում նորահաստատ ավանդույթի հայտով է ներկայանում Հայաստանում ԻԻՀ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի նշանավորումը խնամքով անցկացվող միջոցառումների շարքով: «Ազգաբացի տասնօրյակը», հանրահռչակելով ողջ տարածաշրջանի ժողովուրդների կյանքը 30 տարիների ընթացքում նկատելիորեն բարեփոխած հաղթական հեղափոխության ակնառու նվաճումները, հայ-իրանական բարեկամության ամրապնդման խթան ու հավաստիք է նաև դառնում տարեցտարի: Հոբելյանական տարեդարձին նվիրված «Այգաբացի տասնօրյակի» պաշտոնական մեկնարկին, բարենորոգված Նկարչի տան նախասրահում, Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և Հայաստանում ԻԻՀ մշակույթի խորհրդական Մոհամադ Ռեզա Շաքիբայի հնչեցրած հակիրճ գնահատականների պատկերավոր ջերմությունը ավելորդ է դարձնում այս փաստը հաստատող հավելյալ մեկնաբանությունները: Իշխանության բարձունքներին հասնելու ու ամրանալու վաղնջական ժամանակներից թեժացվող պայքարում շատերն են անցողիկ փառք վայելել ու մոռացվել` հանուր մարդկության հավաքական հուշամատյանում աննշան հետագիծ թողնելով: Նրանցից մնացել է այն, ինչ պահպանվում է պատմության թանգարաններում: Մինչդեռ մշակութային ժառանգությունը, փոխանցվելով սերնդեսերունդ, մնայուն կարևորություն է ձեռք բերում որպես անգերազանցելի արժեք: Ուստի միանգամայն իրավացի է պարոն Սաղայանը. «Այն, ինչ կարող է կատարել մշակույթի գործիչը, արվեստագետը, ի զորու չէ անելու որևէ քաղաքական գործիչ: Իրանի ժամանակակից կերպարվեստի 3 չքնաղ ներկայացուցիչների` Արեզու Աշթարի, Շադի Ղոմշեի և Այլար Շահբազիի տարաոճ աշխատանքներին անմիջականորեն հաղորդակցվելով, շատ ավելին կարելի է իմանալ հարևան իրանցու ներկայիս կյանքի ու զգացողությունների, մտածողության ու հետաքրքրությունների մասին: Մենք հպարտ և ուրախ ենք, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները հեղափոխությունից հետո հատկապես սերտացել ենք, քանզի միշտ էլ ջատագովն ենք եղել դրանց»: Այս միտքն ու տրամադրվածությունը զարգացնելով` տիկին Պողոսյանը արտահայտում է նաև մեր ողջ ժողովրդի երախտագիտությունը Իրանում եղած հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սրտացավության համար` ամենևին պատահական չհամարելով, որ տարվա խոշոր իրադարձություններից մեկին` հայ գրքի տպագրության 500-ամյակի տոնակատարությանը մասնակցության առաջին արձագանքը եղել է Իրանից: Պարոն Շաքիբայի` Մարշալի թևավոր խոսքերով համեմված խոսքը պատկերավոր ամփոփում է պաշտոնական բարձր գնահատականը. «Տեխնոլոգիաների և արվեստի մեր հազարամյակում վերջինս լավագույն միջոցն է դարձել ողջ աշխարհը մարդկության մի փոքրիկ խաղաղ հյուղակի վերածելու»: Նկարչի տան մեծ ցուցասրահում հավաքվածներին հյուրընկալում են իրենք` իրանցի նկարչուհիները, թարգմանաբար պարզաբանում կյանքի յուրատիպ արգանդում, բեկված դիմանկարներում, դեկորատիվ գործերում արտահայտած սեփական աշխարհընկալումը` խորհրդանշական-երգիծական շտրիխներով ներկայացված, ինչպես նաև` Սաբա պատկերասրահի 35 ցուցանմուշների թեական տպավորությունները: Այցելուներին ընծայված «Փարսիան» պարսից լեզվի և գրականության բարեկամների համանուն միության և «Միհր» հայ-իրանական ակումբի մշակութային-հասարակական հանդեսները, Հայաստանում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի տեղեկատվական թերթիկների ու ներկայացված մի քանի տասնյակ հրատարակությունների միջնորդությամբ վերահաստա տում են իրանական հեղափոխության ամենահիմնական նպատակի` իսլամական Իրանի մշակութային ինքնության հետևողական վերականգնման ձեռքբերումների անգնահատելի ներգործությունը երկրի հասարակական-քաղաքական-տնտեսական ակնհայտ վերելքի առաջընթացում: Պերճախոս թվերով ու փաստերով: Հաջորդ օրերի միջոցառումներն, իրենց հերթին, կլրացնեն ու կամրապնդեն հայաստանցիների իմացությունը դարակազմիկ հեղափոխության պատմական դերակատարության: Այցելությունը` մանկատուն, գրքի ցուցահանդեսը` ազգային գրադարանում, հեղափոխության նվաճումների քննարկումը` ԱՕԿՍ-ում: Այսօր Երևանի Կապույտ մզկիթում ամփոփվում են դպրոցական ամենամյա դարձած մրցույթի արդյունքները: Վաղը Հայաստանի գրողների միությունում կհնչեն իրանական պոեզիայի գոհարները` Ռուդաքիից մինչև Ղեյսար: Յուրաքանչյուր նոր միջոցառում իր նոր գույնը կհաղորդի «Այգաբացի տասնօրյակի» մշակութային խճանկարին` «վերջին խոսքի իրավունքը» թողնելով «Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 6-ի երեկոն յուրովի իմաստավորող իրանական ժողովրդական երաժշտության համերգով, որի մուտքն, ի դեպ, ազատ է: Այսինքն բոլոր ցանկացողներն էլ կարող են ունկնդրել առաջին անգամ Հայաստանում հանդես եկող կանանց երգչախմբի և նվագախմբի կատարումները: Հնարավորինս լիարժեք ճանաչենք ու հարգենք մեր հարևանների մշակութային հարստությունը: Նրանց որդեգրած մշակութային քաղաքականության գործնական յուրացումն էլ, կարծում եմ, նպաստավոր կլինի փորձարկված-իրենց արդարացրած սկզբունքներով ազգային մշակութային ինքնատիպությունը պատճաշ անխաթարությամբ պահպանելու առումով: Նրանց գրանցած երևելի նվաճումները միանգամայն հավատընծա են որպես գործողության ուղեցույց:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ