Երգը մաքրագործելու ուժ ունի


Սիրիայի հյուսիսարևելյան սահմանագծում ծվարած Ղամիշլի քաղաքում է ծնվել երգիչ Արսեն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Ուներ մեծագույն երազանք` վերադառնալ հայրենիք: Դա հոգու վերադարձ էր. ճանապարհ, ուր հանդիպելու էր իր կյանքի ու արվեստի Մեծ ուսուցչին` հայ արվեստի քանքարավորներից մեկին` Հովհաննես Բադալյանին: ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը պատիվ է ունեցել միջազգային մի շարք փառատոններում ներկայացնել Հայաստանը, մեր երգարվեստը: Իսկ հետո լինելու էր վարպետի ուժգնությամբ բանաձևումը. «Երգը մաքրագործելու ուժ ունի, ում մեջ իսկական երգն է հոսում, նա «դատապարտված» է լինել պարզ ու ազնիվ»: - Ասում են` արվեստը փնտրտուք է, անսպառ որոնում: Գեղեցիկ արվեստն ընծայաբերման օրենքով է արարվում: Երգիչ Արսեն Գրիգորյանի համար որո՞նք են այն առաջնորդող սկզբունքները, որոնք նվիրվածությամբ ու ինքնատիպությամբ են շաղախված: - Ազնվությունը և անկեղծությունը հիմնարար սկզբունքներ են արվեստի մեջ, գեղարվեստական սինթեզ: Ամենակարևորը ներքին ազնվությունն է, սա նաև որպես կենսակերպ պետք է գիտակցվի: Ո՞վ է արվեստագետը... Նա, ով արվեստի նվիրյալ է... Եթե արվեստագետն ազնիվ է իր նկատմամբ, իր ցուցաբերած ծառայությունն ազնիվ կլինի: Յուրաքանչյուրիս ծնունդը Աստծո կողմից պարգև է, իսկ ամեն մեկիս տրված է շնորհ, որը պահանջում է ինքնամոռաց նվիրում: Խղճի առջև ազնվությունը սկիզբն է այն մեծ գործի, որն սկսվում ու շարունակվում է դրանից հետո: Պե°տք է ազնիվ լինել, պե°տք է մաքուր լինել հոգով, պե°տք է նվիրյալ լինել: Սա ընծայաբերում է, ինքնատիպություն: Հակառակ դեպքում` անազնվությունը կվնասի հենց նույն հասարակությանը: Ինքնատիպությամբ շաղախված առաքելությունը ուրույն հետագիծ է թողնում հասարակության մեջ և արվեստի մեջ: Տվյալ դեպքում արվեստագետը կդառնա գաղափարախոսության կրողը: - Այսինքն` սեր, հավատ, մարդասիրություն, այս հիմնարժեքներր զարկերա՞կ են այսօր արվեստագետի համար: - Եթե արվեստի մարդ է, նա չի կարող մարդասեր չլինել: Եթե մարդասեր չէ, ուրեմն տվածն էլ արվեստ չէ, խաբեբայություն է: Մեր կյանքում հանդիպում ենք մի երևույթի, ինչը «գիտակցվում» է արվեստի մի ճյուղ, իսկ իրականում, դա ընդամենը զվարճանք է, հաճույք պատճառելու եղանակ: Նրանց մատուցածը շատ ավելի վնասում է մեր հասարակությանը, մեր երեխաների հոգեբանութ յունն է աղավաղում: Իսկական արվեստագետը չի կարող աղավաղել ազգային երգը: Պիտի սիրով, հավատով ստեղծագործել: Հավատը խիստ կարևոր է: Երբեմն պետք է ինքներս մեզ հարց տանք` ի՞նչ առաքելություն ունենք, դեպի ու՞ր ենք ուզում գնալ: Յուրաքանչյուրն ի°ր եղանակը, ի°ր գույնը պիտի ունենա, որպեսզի իր կերտած սերը փոխանցի ունկնդրին: Ժողովրդին փոխանցելով մեր հոգու ամեն մի նոտան, որ մարմնավորվում, դառնում է երգ, արվեստ: - Երևի տեղին է ընթերցողին հիշեցնել Սևակի բանաձևումը արվեստի մասին. «Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով` նշանակում է չծառայել ժողովրդին, որովհետև արվեստագետը, որ նույն ժողովրդի զավակն է, ամենից առաջ ունի մեկ պարտավորություն` նրա ունեցած ճաշակը հղկել, նոր ճաշակ ներշնչել նրան...»: - Անշուշտ, այսօր մեր հիմնական մտահոգություններից մեկն էլ սա է: Արդյո՞ք երգիչը քարոզիչ չէ... Ժողովուրդը նրան է նայում: Նա պետք է հղկի ժողովրդի ունեցած ճաշակը: Միանգամայն մերժում եմ արվեստի մեջ պահանջ և առաջարկ ներմուծելը: Բոլոր այն երգերը, որ ստեղծվել են պատվերով, կարճ կյանք են ունեցել: Իսկ այն երգերը, որ արդյունք են կյանքի փիլիսոփայության... Ժողովրդի զավակը մեծ պարտավորություն ունի: Իսկ եթե կլինեն մարդիկ (խոսքն արվեստագետի մասին է), ովքեր կենթարկվեն հասարակության ճաշակին... Դա անընդունելի է, մեղադրանքի արժանի: Կազմակերպվող նախագծերը, մրցույթները կարևոր դեր են խաղացել: Շատերը կային, ովքեր կարող էին ավելի շուտ սկսել այս ամենը: 2004 թվականին, երբ ստանձնեցի ժողովրդական երգի դասավանդումը, ասացի` երանի նրան, ով սկսում է այս գործը, որովհետև հետո շատերը կասեն` ինչու՞ մենք չարեցինք... ...Մենք նվիրյալ սերունդ ունենք, մնում է` տեր կանգնենք: Տեր կանգնել տարիների փորձով, գաղափարով: Նրանք հպարտ են, որ ընտրել են ազգային երգարվեստը: Այսօր շարունակում ենք Հովհաննես Բադալյանի պատգամը փոխանցել մեր սերնդին: - Իսկական արվեստագետի կյանքն ու ստեղծագործական գործունեությունն ունենում են նույն ձայնն ու շնչառությունը ` զերծ այլածին երանգներից: Ի՞նչ կասեք այսօրվա մասին: - Կյանքն ու բեմը համահունչ պիտի լինեն: Եթե մարդը (երգիչը) բեմում և կյանքում տարբեր եղավ, ուրեմն մի տեղ խաբում է: Կյանքում արդեն երևում է բուն էությունը: Կերպարանք ունենալը, կերպար ունենալը, տարբեր երգերում դրսևորման ձևեր ունենալը կարևոր են: Կարևոր շեշտադրում է` ի՞նչ է ուզում ասել: Այսինքն` անկեղծ պիտի լինել ասելիքի մեջ: Բայց, ցավոք, այդպես չէ: Չխուսափել, շփվել, միանալ ժողովրդին, ոչ թե մեկուսանալ: Համերգների ժամանակ հաճախ իջնում եմ ժողովրդի մեջ, նստում ունկնդրի կողքին, որովհետև ուզում եմ ասել, որ ես մեկն եմ ձեզանից, ուղղակի Աստված ամեն մեկին տարբեր ձևով է շնորհ տվել: Սովորաբար, հանդիսատեսն ավելի զգայուն է, խորաթափանց: Նրան չես կարող խաբել: Խաբելով նրան` կխաբենք ինքներս մեզ: Ձևականություններից պետք է ձերբազատվել, օտարամոլութ յունից պիտի խուսափել: - Կարծում եմ` ձևականություններից ձերբազատումը տանում է պարզության, իսկ պարզության մեջ անթեղված է գեղեցկություն: Նարեկացու բնորոշումը Ձեր մտահոգության դեղատոմսն է. «Թող որ չանարգվի շուքը շնորհի, և հնությունը չքամահրվի»: - Իմ առաջին մենահամերգը 1997 թվականին էր` Երգի պետական թատրոնում. վարում էր Արթուր Գրիգորյանը: Նա ուներ հետաքրքիր հարցադրումներ, հիշում եմ դրանցից մեկը` «քո երազանքը»: Պատասխանեցի` մեր ազգային երգի համատարած լինելը մեր հասարակության մեջ, այսինքն` ամոթ է, որ ազգային երգը համատարած չէ մեր հասարակության մեջ: - Կարծում եմ` դա նույնն է, ինչպես մայրենի լեզվի չիմացությունը: - Այո°, և այսքան տարի աշխատել եմ դրա համար, դա իմ երազանքն է: Գնալով ավելացավ ժողովրդական երգի հանդեպ սերը, ուշադրությունը: 1997-ին սկսել եմ լուրջ գործընթաց այս ուղղությամբ. 2004-ին եղավ «Կանաչ գոտի» նախագիծը: Հավաքեցի երիտասարդների և կազմեցի «Հայ երգահաններ» խումբը: Ապա եղավ «Մենք ենք, մեր սարերը»: «Ժողովրդական երգիչ» նախագծի շրջանակներում հավաքեցի շատ ու շատ տաղանդավոր երիտասարդների: - Ի՞նչ ակնկալիք ունեք սփյուռքի երիտասարդներից: Էրգիրը թողած հայը ավելի ջերմեռա՞նդ է պեղում-պրպտում իր հարստությունը: - Սփյուռքն իր ամբողջականության մեջ ունի խիստ արմատացած հատկանիշներ, իրենց կայանատեղին մի քանի անգամ փոխած հայը հոգեբանորեն տարբերվում է իր էրգրին մոտ երկրում ծվարած հայությունից: Մենք ունենք ցեղասպանությունից հետո կազմավորված սփյուռք և ապա երկրորդ,երրորդ անգամ երկրից երկիր տեղափոխված սփյուռք, որոնք մի քիչ շատ են հեռանում ակունքներից: Այսօր Ամերիկայում մեծ խնդիր կա. լրջորեն մտահոգվենք այս առումով: Այնտեղ չկա ազգային խտրականություն, ինչը բարերար հող է ստեղծում անտարբերության համար: Ավելին ասեմ, ընդամենը մի քանի տարի այնտեղ ապրած հայը (անգան եթե Հայաստանից է մեկնել) դառնում է օտարամոլ (սա ոչ բոլորին է վերաբերում): Իսկ սփյուռքի այն երիտասարդները, որ հայկական ակունքներին են հենվել, հայի ոգին ամուր են պահում: Գուցե կոպիտ կհնչի, բայց նաև պետք է խոսել Հայաստանում ապրող, վտարանդիություն չտեսած, ազգային արժեքները ոտնահարող հայի մասին: Ավելի սարսափելի է, երբ այդ մտահոգությունը չունեն մերօրյա շատ «արվեստագետներ»: Հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ Հովհ. Բադալյանին հարցրել էին` ո՞վ է Հովհաննես Բադալյանը, նա պատասխանել էր` մի հասարակ, բայց ազնիվ մարդ է: Ես էլ եմ փորձում լինել հասարակ ու ազնիվ, իսկ մնացյալը ժողովուրդն է արժևորում:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ