ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Մշակութային ձմեռնամուտի երկխոսություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 66 տարի առաջ հիմնադրված Թատրոնի միջազգային ինստիտուտի (ԹՄԻ) երևանյան 34-րդ համաշխարհային կոնգրեսը Սյամենում (Չինաստան) տեղի ունեցած 33-րդին չզիջեց իր կառուցողական բովանդակությամբ: «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսին առավելապես հավատարիմ` յուրատիպ «մշակութային միջազգային բորսա» դարձավ` ՀՀ սահմաններից դուրս անմիջական փոխշփումների և ճանաչման կարոտ հայ անվանի ու նորահայտ թատերագործիչներից շատերի համար:

Փոթորկվեցին ազնիվ հոգիները` պատերազմական թոհուբոհում, բանտերում, ծերանոցներում և հոգեբուժարաններում կամա-ակամա հայտնված տարազգի մարդկանց մասնակցությամբ իտալացի դրամատուրգ-բեմադրիչ Ֆաբիո Տոլլեդիի սեփական և հին հունական ողբերգությունների բեմադրություններից: Ակնածանք ներշնչեցին երկրագնդի վտանգված գոտիներում` Կիպրոսում ու Չադում, Չիլիում ու Կորեայում, Հարավային Սուդանում և Պակիստանում, Սերբիայում և այլուր համանման փշոտ առաքելություն ստանձնած ԹՄԻ հարյուրավոր կենտրոններին անդամագրված անվանի բեմադրիչներ Թոմաս Օստերմայերի, Բրետ Բեյլիի, Ռոմեո Կաստելուչիի, Էյմունտաս Նյակրոշյուսի մարդասիրական մղումները: Նաև` մտորելու տեղիք տվեցին.

- Մեր «Ոսկե ծիրան»-ի խթանած միջազգային, մասնավորապես խնամքով զարգացվող «հայ-թուրքական պլատֆորմի» կինոնախագծերը երբևէ ի զորու կլինե՞ն խաղաղ երկխոսության տիրույթում ներառել հայ, թուրք, ադրբեջանցի քաղաքական գործիչներին և պատմականորեն կուտակվող կնճռոտ հիմնախնդիրները հնարավորինս անարյուն ու արդար հարթելուն էապես նպաստել:

Հայաստանի «նոր ձայները»

«Թատրոնի ուսուցչի նոր դիմագիծը» խորագրով Յուրի Ալշիցի (Գերմանիա) վարած զրույց-դասընթացների մասնակիցներին ակնհայտ դարձավ դերասաններ և ռեժիսորներ կրթող թատերական մանկավարժների վերապատրաստման նրա գլխավորած գիտամեթոդական հանրահայտ լաբորատորիայի երեսնամյա փորձի արդյունավետութ յունը: Ներկայացված երանելի հեռանկարով անմիջապես գայթակղվեցին հայաստանցի երիտասարդները, հատկապես ԵԹԿՊԻ ուսանողները: Անվերապահորեն արժևորեցին միջազգային շուկայում լայնորեն սպառվող ալշիցյան 7 ինքնատիպ դասագիրք-ինքնուսույցները: Շուտով էլ գլխիկոր կարկամեցին, երբ տեղեկացան, որ ալշիցյան բարձրագույն դասընթացների հինգ փուլերից յուրաքանչյուրի համար 1500 եվրո վարձավճար է սահմանված: Ինչպե՞ս հայթայթել աստղաբաշխական գումարը, ումի՞ց ակնկալել նյութական աջակցություն»... Պարզից էլ պարզ էր, որ ԹՄԻ-ին ի´նքը կարոտ է ֆինանսական սատարման: Հապա ինչո՞ւ է գլխավոր գրասենյակը Փարիզից Շանհայ տեղափոխվում:

«Նոր ձայները» մեծ խանդավառությամբ գտան հասակակից օտարներին, անբարդույթ մտերմացան, քննարկեցին ուշագրավ մտահղացումներ: Առերևույթ ստվերում մնացած գործունյաներն էլ դյուրությամբ գտան իրենք իրենց ներկայացնելու հնարը: Ավագներից առավել հաջողեցին, քանի որ փոխըմբռնման լեզվական պատնեշներ չունեին: Այցեքարտեր փոխանակեցին, բայց նույնիսկ քիչ թե շատ «բարեկեցիկները» հրաժեշտի պահին թոթվեցին ուսերը` ո՞վ պետք է համապատասխան միջոցներ ապահովի «նոր ձայների» արդիաշունչ գաղափարների բեմավորման համար... ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի բովանդակալից ուղերձում ևս անտեսված չէին տնտեսական գործոնները: Բայցև ուղենշված չէին նյութական իրատեսական լծակները, որոնց հիման վրա Կոնվենցիային հետամուտ երկրների կառավարությունները պիտի մշակեն ստեղծագործական գործընթացի աճի, հայրենի և միջազգային շուկաներ մուտքի ապահովման արդյունավետ քաղաքականություն: Հյուրեկներն էլ, իրենց երեկոներն իմաստավորելիս նախապատվությունը տալիս էին մայրաքաղաքային խաղացանկի երիտասարդական ներկայացումներին: Ավելին, շողշողում էին Փոքր թատրոնում Վահան Բադալյանի բեմադրած «Ինձ մի լքիր» և «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը», Տիկնիկայինում` Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը» և ԵԹԿՊԻ առաջին կուրսեցի ներով բեմ բարձրացրած «Թմկաբերդի առումը» ներկայացումների նուրբ ու նորաոճ գեղագիտական վայելքից: «Թռիչք քաղաքի վրայով» թատերախաղում հմայվելով Նարինե Գրիգորյանի դերասանական արվեստով, հաջորդ երեկոյան գերադասում էին նրա «Դզին» մենաներկայացմանն անպայման հաղորդակցվել: Աիդա Սիմոնի «Պրո Շամիրամ» պարային պլաստիկ ներկայացումն անմիջապես նկատեցին փառատոների հանդիսատես-տնօրենները: Արամ Խաչատրյանի հանրածանոթ «Գայանեի» անանցողիկ արժեքավորությունը համադաշն ամբողջացրել էին Օպերայինի սիմֆոնիկ նվագախումբն ու տաղանդավոր պարախումբը: Հայաստանյան ներուժի ամենօրյա բացահայտում ներից գոհ էին բոլոր պատվիրակները, նույնիսկ թատերաքննադատները:

«Աշխարհը թատրոն է, բայց... ի´նչ ապաշնորհ դերասանախումբ ունի»

- Այսօրվա աշխարհում մշակույթը արգասաբեր հող է ստեղծում ընդհանուր կայուն զարգացման համար,- պարգևառատ ամփոփիչ ելույթում ասաց ԹՄԻ գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն:- Ուստի մատաղ սերնդի գեղարվեստական վերապատրաստումը հանրակրթարաններում այսօր նույնքան կարևոր է, որքան համակողմանի աշխարհաճանաչողության գիտելիքների սերմանումը: 2012-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանը ամենայն լրջությամբ հավաստեց, որ հասունացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կատարողական արվեստների ամենամյա մայրաքաղաք հռչակելու անհրաժեշտությունը ևս: Այդպիսին նա ներկայացավ Երկիր մոլորակի տարբեր մասերից հնագույն քաղաքակրթության ամրոց Հայաստանում մեկ շաբաթ հյուրընկալված շուրջ 300 թատերագործիչների: Փաստորեն, ՀՀ իշխանությունների առատաձեռն բարյացակամությամբ, փայլուն կենսագործվեց 2008-ից ԹՄԻ հայաստանյան կենտրոնի նախագահ Հակոբ Ղազանչյանի փայփայած ցանկությունը: Հավատացած եմ, որ Ադրբեջանում անկարելի կլիներ ապահովել համարժեք աշխատանքային, իսկապես դեմոկրատական միջավայր:

- Աշխարհի կատարողական արվեստների ամենամեծ ցանցի երևանյան համաժողովը, համակարգված և ոչ պաշտոնական երկու մակարդակներում էլ, ժամանակի մարտահրավերներին հարիր առավել արդյունավետ գործունեության ռազմավարություն մշակելու հնարավորություն ընձեռեց բոլոր նրանց, ովքեր ստեղծագործ մտքի միջոցով ցանկանում են կառուցել իրապես քաղաքակիրթ աշխարհ,- բարձրաձայնեց իր անկեղծությամբ առաջին իսկ երեկոյից ամենքիս հարազատացած ԹՄԻ բազմամյա նախագահ, ծագումով բանգլադեշցի Ռամենդու Մաջումդարը:- Դեռևս 18-րդ դարի սկզբին հայ առևտրականները եկան Բանգլադեշ: Մի մեծահարուստ հայ հիմնադրեց առաջին մասնավոր կրթօջախը մեր երկրում` Պողոսի դպրոցը: Այսօր, բացի դպրոցից, նաև հայկական եկեղեցին և «Արմանիտոլա» բնակավայրն են փաստում մեր դարավոր կապը հայերի հետ: 2015-ը մեզ համար համաշխարհային պատշաճ ճանաչման չարժանացած Հայոց Եղեռնը հիշելու և ամեն տեղ ու ամեն պահի ցեղասպանությանը «ո´չ» ասելու տարի է:

- Հասարակական խոշոր կառույցները, իմ համոզմամբ, բյուրոկրատական ճահճուտ են,- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թատերական դեսպանի իր լիազորագիրը ստանալիս անկեղծացավ համաշխարհային հռչակ վայելող վրացի բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան:- Ասենք, անհոգի չինովնիկներն ու բյուրոկրատներն ամենուր կարող են տաքուկ բնավորվել: Բայց ոչ երբեք թատրոնում: Տասնամյակների իմ բեմական փորձով վստահեցնում եմ, որ թատրոնը կենդանի ստեղծագործություն է և չի հանդուրժում բյուրոկրատիա: Իմ իրավասությունների շրջանակներում կջանամ, իհարկե, օգտակար լինել միջազգային բեմարվեստին, չնայած չեմ պատկերացնում, թե միայնակ ի՞նչ կարող եմ անել: Համակարծիք եմ մնում շեքսպիրյան հայտնի թևավոր արտահայտության Օսկար Ուայլդի վերաձևակերպմանը. «Շեքսպիրն իրավացի էր` աշխարհը թատրոն է, բայց, Տեր Աստված, ի˜նչ ապաշնորհ դերասանախումբ ունի»:

Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերետի դրվագների խաղարկման հենքով տպավորված հրաժեշտի երեկոն թանձրացրեց առաջին անգամ Հայաստանում գտնվող պատվիրակների հետաքրքրությունը մեր ազգային թատրոնի, առհասարակ մշակույթի համակողմանի ճանաչողության հանդեպ: Նրանցից շատերն անհրաժեշտություն զգացին լիարժեքացնելու Կոմիտասի ու Թումանյանի, Սիրանույշի ու Ադամյանի, Շանթի ու Աղասի Այվազյանի, առհասարակ հայկական մշակույթի իրենց իմացությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ