Միայնակ` արտադրություն-իրացում ճանապարհին 


Գործող և արտադրական ծանրակշիռ հնարավորություններ ունեցող ձեռնարկություն է փակվում: Ձեռնարկություն, որը երևի թե միակն է Հանրապետությունում, որ արևածաղիկ է ներկրում, կարող էր Հայաստանի շուկան հագեցնել ձեթով, յուղով, օճառով ու նաև բիովառելիք մատակարարել: Նույնիսկ հարևան հանրապետություններ կարող էր այդ ամենն արտահանել: Կարո´ղ էր, եթե միայնակ չմնար հումքի ներկրում-արտադրություն-իրացում ճանապարհին: Ահա այս հանգամանքն է, որ բազմաթիվ հարցեր է ծնում: Հարցեր, որոնք մեկ բառով կարելի է ձևակերպել` ԻՆՉՈ՞Ւ:

Այո, մեր տնտեսությունն ազատականացված է: Պետական ձեռնարկություններ չունենք: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ պետական ատյանները չպետք է աջակցեն տնտեսվարողին: Այդ դեպքում ինչի՞ համար են շուրջ 2 տասնյակ նախարարությունները, բազմաթիվ պետական այլ գերատեսչությունները, որոնք սնվում են պետական բյուջեից: Դեմ չենք, թող լինեն. մանավանդ` դրանց աշխատակիցների չափով նվազում է գործազուրկների քանակը: Բայց դրանց գործունեությունը պե՞տք է արդարացվի: Մանավանդ` մեր պետբյուջեն ձևավորվում է հարկերից. եթե ոչ ամբողջապես, ապա` գերազանցապես: Հարկերից, ասել է թե` հարկատուների հաշվին: Իսկ տնտեսվարող սուբյեկտը նույն ինքը` հարկատուն է, ում օգնելը պե´տք է որ բավական ուռճացած գերատեսչությունների պարտականությունը լիներ:

Ունենք Գյուղատնտեսության նախարարություն, որի մասին հիմնականում լսում ենք գյուղացուն պատուհասած տարերային ավերածությունների ժամանակ միայն: Այն էլ` շուկայականից էժան գնով պարարտանյութ տրամադրելով, պարբերաբար գյուղ-մթերքների տոնավաճառներ կազմակերպելով: Գյուղացիական տնտեսությունները, այսինքն, փոքր հողակտորները դրանց սեփականատերերի ցանկությամբ միավորելը շարունակում է մնալ ապագայի խնդիր: Ո՞ր ապագայի: Երբ հողերն իսպառ կկորցնե՞ն բերրիությունը... Դիցուք, նույն «Շող» ընկերության օրինակով. ձեռնարկատերերը հեռատեսություն են ունեցել արևածաղկի վերամշակման պայմաններ ստեղծել և ունեն շուրջ 20 հազար տոննա պահեստային բազա: Լուրջ թիվ է: Գոնե այդ փաստը չէ՞ր հուշում Գյուղնախարարությանը` տարերայնորեն, աչքաչափով մշակաբույսեր աճեցնող գյուղացուն նպատակամղել ու պայմաններ ստեղծել, որպեսզի մեր դաշտերում արևածաղիկ մշակվեր: Մշակաբույս, որի ամեն մասնիկը կարող էր օգտագործվել` առանց թափոնների. ընդհուպ մինչև ցողունն ու սերմի կեղևը:

«Շող» ընկերության արտադրանք «Արև» ձեթն օգտագործողները միաբերան գոհունակություն էին հայտնում դրանից: Սակայն այդ սպառողներին միայն «Երևան Սիթի» ցանցի և մի քանի փոքր խանութներում հանդիպեցինք: Մեր այցելած մյուս խոշոր խանութներում «Արևի» գնորդներին հանդիպել չէինք կարող, որովհետև այդ վաճառօբյեկտներում... «Արև» չկար: Մասնավորաբար խոսքը «ՍԱՍ» և «Պարմա» ցանցերի խանութների մասին է: Մեզ որպես գնորդ ընդունելով, երկու խանութներում էլ աշխատակիցներն ասացին, որ իրենց ղեկավարները հրաժարվում են ընդունել այդ արտադրատեսակը: Խանութներից մեկի երիտասարդ աշխատակիցը նույնիսկ բացատրեց, որ իրենք չեն ընդունում «Երևան սիթի»-ի ապրանքը: Իսկ երբ խնդրեցինք ուղեկցել որևէ պատասխանատուի մոտ, հրաժարվեցին` ասելով, թե կենտրոն պիտի գնանք: Մենք վերահսկող մարմնից չէինք, և փորձը ցույց է տվել, որ անակնկալ այցելուների առջև ամուր փակվում են բոլոր դռները: Բայց մեզ կոնկրետ մատակարարման խնդիրներով զբաղվող որևէ պատասխանատուի հեռախոսահամար էլ չհուշեցին: Վախեցա՞ծ էին երիտասարդ վաճառողները, թե՞ այդքա˜ն անտեղյակ: Աստված, ավելի ճիշտ` իրենց ղեկավարներն իրենց հետ. թող շարունակեն հաճոյանալ միմյանց, կամ` ճնշել ու ճնշվել: Այս պարագայում մեզ դա´ չէր հետաքրքրում:

Մեր թերթի վերջին համարներից մեկում մտահոգություն էինք հայտնել, որ արևածաղկի յուղ արտադրող «Շող» ընկերությունը այլևս դժվարանում է գոյատևել: Պատճառը սպառման ծավալների անբավարարությունն է: Հայաստանաբնակ սպառողը նախընտրում է ներկրված արտադրանքը, բայց արդյո՞ք այդ նախընտրանքը նաև սուբյեկտիվ պատճառներով չի պայմանավորված:

Կամ, տեղական արտադրողը Հայաստանում շուկա չունի: Շուկա կա´, իհարկե, բայց ներկրողները երևի ավելի հզոր են, կամ ներկրումն ավելի շահավետ է, քան արտադրելը:

Առկա է նաև սպառողի վերաբերմունքը. նա վարժվել է օտարանուն ապրանքներին: Այս պարագայում առաջարկն է պահանջարկ ծնում: Երբ մի քանի խանութներում գնորդներից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են արտասահմանյանը գնում, պատասխանները գրեթե նույնն էին.

- Կարծում եք մենք տեղական արտադրա՞նք ունենք:

- Ո՞ւր է մեզ մոտ գործարան (կոմբինատ), որ արտադրանք լինի:

- Աստված գիտե, թե որ նկուղում կամ ավտոտնակում են շշալցնում...

Եթե անկեղծ, ապա այս անվստահությունը վերջին հաշվով ոչ թե արտադրողի, այլ պետական այն օղակների հանդեպ է, որոնք պետք է վերահսկեին և սպառողին հավատ ներշնչեին, որ թեկուզ մասնավոր խանութում ու ոչ պետական ձեռնարկության արտադրանքը չի´ կարող կեղծ ու խոտան լինել:

«Շող» կոմբինատի կոմերցիոն տնօրեն Արմեն Ենգիբարյանի խոսքը հակիրճ էր, թեև զգացվում էր, որ ասելիքը շատ է.

- Գործարանը փակելու պատճառները շատ են. և´ օբյեկտիվ, և´ սուբյեկտիվ: Սուբյեկտիվին չեմ անդրադառնա: Օբյեկտիվ պատճառներից գլխավորը, որ Հայաստանում գազի, հոսանքի գինը շատ բարձր է, քան, օրինակ, Ռուսաստանում, որն այսօր դրանց ներմուծողն է Հայաստանում: Ու էլի հոսանքի, գազի հետևանքները. պիտակ է արտադրվում, շիշ է արտադրվում... Արտադրությունները, որոնք Հայաստանում են, թանկ են, և մեր արտադրանքի ինքնարժեքը դրանից բարձրանում է` նույն Ռուսաստանի հետ համեմատած: Բացի դրանից, Հայաստանում ժամանակին կիրառվել է դեյպինգի քաղաքականությունը, երբ արտադրողներին օգնում են, աջակցում են, մաքսային մարմինների կողմից համապատասխան գին է դրվում, որից պակաս մաքսազերծում չի կատարվում: Մեր պարագայում դա չի արվում: Չեն օգնում տեղական արտադրողին: Տրանսպորտային ծախսերը ևս որոշակի խոչընդոտ են: Լավ կլիներ, որ Գյուղնախարարությունը աջակցեր մարդկանց, որպեսզի նրանք մեծ քանակով արևածաղիկ մշակեին:

Խանութները ապրանքն ընդունում են շատ սուբյեկտիվորեն. նրանց համար կարևորը գինն է: Շատ կարևոր է, որ խանութում լինի էժան. կապ չունի` լավ որակ է, թե ոչ. խանութի տիրոջ մտածելակերպն այն է, որ ինքը էժան առնի, թանկ ծախի:

Վերջին խոսքերն հիշեցնում են «Երևան սիթիի» վաճառողուհիներից մեկի կարծիքը.

- Մեր խանութում «Արև» ձեթը և նույն կոմբինատի մյուս արտադրատեսակները լավ են իրացվում, որովհետև և´ գներն են մատչելի, և´ որակն է բարձր:

Այսինքն, այս ցանցում քմահաճույքի ուղեփակոց չի դրվում տեղական արտադրանքի ու մասնավորապես «Շող»-ի տեսականու հանդեպ: Արդյունքն էլ ակնհայտ է:

Ձեռնարկության ղեկավարությունը, մտահոգ տանտիրոջ հոգածությամբ ջանքեր է գործադրում, որպեսզի գոնե մինչև տարեվերջ աշխատակիցները չզրկվեն ապրուստի միջոցից, կարողանան թեկուզ համեստ սեղաններով դիմավորել Նոր տարին: Այդուհանդերձ, ընկճվածությունն ակնհայտ է: Ոմանք արդեն օտար երկրներ մեկնելու «սողանցքներ» են որոնում, ոմանք մտածում են, թե ոնց են ընտանիք պահելու: Բայց բոլորն էլ գիտակցում են, որ կոմբինատի ղեկավարությունն անում է առավելագույնը, սակայն միայնակ չի կարող ճեղքել օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունների ուղեփակոցը: Չէ՞ որ աշխատավարձից բացի անշրջանցելի բազմաթիվ այլ ծախսեր էլ կան` տարածքը ջեռուցել է պետք (իսկ գազի և էլեկտրաէներգիայի աստղաբաշխական գներով մեկ աշխատասենյակ տաքացնելն էլ այսօր հերոսություն է), հարկային վճարներ կան...

- Իսկ նման դեպքերում պետական լրավճար` դոտացիա չի՞ տրվում,- հարցնում ենք:

- Եթե տրվեր...,- երանությամբ ասում են աշխատակիցները:- Եթե տրվեր, գոնե 5-6 ամիս էլ կգոյատևեինք:

Ի դեպ, Հանրապետությունում գործել է 4 նմանատիպ ձեռնարկություն, որոնցից 3-ն արդեն փակվել են: «Շող»-ը կարողացել է դիմակայել, սակայն այլևս անկարող է: Պետության միջամտությունն է անհրաժեշտ, և ոչ միայն «Շող»-ի պարագայում: Այլապես ստացվում է, որ նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մեր մասնագետները, աշխատավոր հայը արտերկիր մեկնի, շենացնի օտար երկրները ու նաև նրա մասնակցությամբ արտադրվող բարիքը ներկրվի նրա իսկ հայրենիք: Ու ոչի՞նչ, որ միայն սփյուռքահայը չէ, որ կարոտում է երկիրը. երկիրն էլ իր հեռացած-հեռացող զավակների կարոտից է պապակվում:

Մերի ՂԱԶԱՐՅԱՆ, Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ