ԱՐԱՐԱՏ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՏԸ


Արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ... մի խոսքով` ճշմարիտ ՄՏԱՎՈՐԱԿԱՆ Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԸ 70 տարեկան է: Նրա պարագայում տարիքը արժանապատվորեն ենք նշում, զի տասնամյակները Նրա կողքով չեն անցել ու Իրեն չեն առել իրենց տարերային հորձանուտը: Նա ի´նքն է «սանձել» տարիները` դրանք ծառայեցնելով հայրենասիրական իր մղումներին: Գրիգոր Ջանիկյանի ամեն տողից բարություն ու երկրին, պետությանն օգտակար լինելու վսեմ նպատակասլացություն է ծորում:

Հոբելյարի հետ հարցազույցի մեր ծրագրից հրաժարվեցինք` չկամենալով նրա կուռ խոսքն ընդմիջել «ինչ-որ» հարցերով: Ընդհակառակը, ուրախացանք, որ մեր ընթերցողը ջանիկյանական նոր խոսքով հայացքը կրկին կհառի դեպի իր հոգու խորքը` այնտեղից մի բուռ հայրենասիրություն պեղելու:

Շնորհավոր հոբելյանդ, սիրելի Գրիգոր Ջանիկյան: Երջանիկ ու առողջ եղիր, շատ երկար ապրիր` հոգուդ շռայլությունը նորից հայրենիքիդ ու հայրենակիցներիդ բաշխելով:

Մենք բոլորս մեր ծնված օրից Արարատ ենք բարձրանում: Ու եթե մեռնում ենք` մեռնում ենք Արարատի ճանապարհին: Բայց շարունակում ենք բարձրանալ, որովհետև հավատում ենք` մի օր հասնելու ենք լուսապսակ գագաթին:

Ես, քանի որ արևմտահայի, սփյուռքահայի, ապա նաև հայրենադարձի սերունդ եմ, չէի կարող Արարատ բարձրացողների երթում չլինել: Չդառնալ արդարամարտիկ: Միայն թե իմ զենքը գրիչն էր: Երբ նոր-նոր էի սկսել գրական գործունեությունս, մեր ժողովուրդը ոտքի էր ելել փրկելու Սևանը: Վանա լիճը կորցրել էինք, մեր միակ լեռնային մարգարտից զրկվելու իրավասությունը չունեինք: Սերունդները մեզ չէին ների: Ոչ ոք չթելադրեց, չհորդորեց, ինքս, ինքնակամ միացա համազգային գոտեմարտին:

«Գարուն» ամսագիրը չէր հասցնում տպագրել իմ բազմաբնույթ հրապարակումները, ջրատարի տարբեր տեղամասերում ասում էին, որ ես թունելախորշերում ավելի շատ եմ լինում, քան հորատանցողները: Դա, իհարկե, չափազանցություն էր, ուղղակի չէի կարողանում Երևանի սրճարաններում հանգիստ նստել, միայն տարիների մտերմուհու հետ համբուրվել, քանի որ գիտեի` նույն պահին անողոք ճակատամարտ է տեղի ունենում 700 մետր երկրի ընդերքում, 40 աստիճան հեղձուկ տապում:

Ու այդ ճակատամարտում մարդիկ են զոհվում:

Սևանի փրկության գոյապայքարը ակնկալվածից երկար տևեց, անհամեմատ շատ մարդկային կյանքեր խլեց, բայց հաղթանակով ավարտվեց:

Միայն թե ես Սևանի ցոլցլուն խայտանքով երկար զմայլվելու հնարավորություն չունեցա: Իր զինված պայքարն սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը: Բանակի արձակազենները` 20-22 տարեկան հայ պատանիները, հայտարարեցին, որ հիասթափվել են իրենց հայրերի ու պապերի աղերսագրերից, համոզվել են, որ գութ հայցելով պատմական արդարության հասնելն անհնար է: ԱՍԱԼԱ-ի մարտիկները յուրաքանչյուր զինված գործողությունից հետո ձերբակալվում էին, որպեսզի եվրոպական ատյաններում ճշմարտությունը բարձրաձայնեն Հայոց ցեղասպանության, հայերի անժամկետ իրավունքների, պահանջատիրության մասին: Ու հասնում էին իրենց նպատակին: «Վան» գործողության փարիզյան դատավարության ժամանակ, ինքը` ատյանի նախագահը արգելեց մեր տղաների հասցեին «ահաբեկիչ» բառն օգտագործել, իսկ ֆրանսիացի փաստաբանը հռետորական հարց տվեց` «Եթե հայ ժողովուրդը պետականություն չունի, բանակ ունենալո՞ւ էլ իրավունք չունի»:

Ես իմ համեստ գրչափորձերով ձգտում էի սատարել այդ տղաներին, նրանց արդարացի պայքարին, որ համայն հայ ժողովրդի պայքարն էր ու Հայաստանի հայությունն այդ մասին չգիտեր:

Ֆրանսիայի գրքի ազգային կենտրոնը ինձ միջոցներ էր հատկացնում Փարիզում բնակվելու, Ալբեր Կամյուի հետմահու հայտնաբերված վեպը հայերեն թարգմանելու համար, բայց ես, հարկ չկա վերհիշել, թե ինչպիսի հնարանքներով բանտ էի սողոսկում, տեսակցում ԱՍԱԼԱ-ի արդարամարտիկների հետ: Օրական մի քանի ժամ: Երբեմն մի շաբաթ շարունակ:

Որպեսզի Հայաստան վերադառնալուց հետո խորհրդային գրաքննության կաշկանդումներում սողանցք գտնեմ, իրողությունը տղաների մասին մամուլով, ձայնասփյուռով, տեսասփյուռով հայրենահայ ժողովրդին հասցնեմ, համազգային, թերևս նաև պետական աջակցության հասնեմ: Հիշեցեք ԱՍԱԼԱ-ին սատարող երևանյան` Թամանյան հրապարակից ընդհուպ Եղեռնի հուշահամալիր ձգվող քայլերթերը, ֆրանսիական դեսպանատան մատույցների ցույցերը, վերջապես Վարուժան Կարապետյանի ազատության համար հավաքված մեկ միլիոն ստորագրությունը:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի պայքարի զինված փուլը հաղթանակով ավարտվեց, քանի որ Միացյալ Ազգերի Կազմակերպության համապատասխան ենթաբաժինը, Եվրախորհրդարանը, Ժողովուրդների միջազգային ատյանը ոչ միայն ընդունեցին ցեղասպանության անհերքելիությունը, այլև դատապարտեցին թուրքական ուրացությունը, նույնիսկ հատուցման հարց հարուցեցին: ԱՍԱԼԱ-ի արձակազենները ազատվեցին բանտերից, Հայաստան վերադարձան, մարտախմբեր կազմավորեցին, փութացին Արցախ: Ես, դարձյալ գրչով, նրանց հետ:

Ինքս ինձ երջանիկ եմ համարում, որ մեր ժողովրդի վերջին երեք գոյամարտերը, որոնց աննշան, աննկատ մասնակիցն եմ եղել, հաղթանակով են ավարտվել, երջանիկ եմ այն բանի համար նաև, որ վիպագրության ահռելի նյութ եմ կուտակել, կենսափորձ ձեռք բերել:

Դրան, ինչ խոսք, մեծապես նպաստել են ֆրանսիացի դասական ու արդիական գրողների տասնյակից ավելի վեպերը, որ հայերեն թարգմանելու բախտավորությունն եմ ունեցել:

Մի առիթով իմ ավագ գրչընկերն ասում էր, որ իսկական վիպասանը յոթանասուն տարեկանից է սկսվում: Եթե այդպես է` շատ չեմ ուշացել: Չէի կարող չգրել ու արդեն ավարտել եմ եռագրության առաջին պրակը, որը պայմանականորեն կոչել եմ պատմավեպ ապագայի մասին: Եռավեպը, եթե կարելի է այդպես ասել` գրական պատգամ-պատվիրան է մեր երկրին ու ժողովրդին: Այնպես որ եթե իմ թոռները, ծոռները տաս, քսան, նույնիսկ հարյուր տարի հետո Արարատ բարձրանան, ես այնտեղ կլինեմ, նրանց կսպասեմ:

Կսպասեմ ձեզ բոլորիդ:                     ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ