Կստեղծվի՞ նոր տանդեմ


Ընթացիկ շաբաթվա սկզբին տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումը չէր կարող լրատվամիջոցներին զերծ պահել տարատեսակ ենթադրություններից:

Ընթերցողը հիշում է, անշուշտ, մեր թերթում թարգմանաբար ներկայացված գերմանական Focus պարբերականի այն հրապարակումը, որի հեղինակը գրել էր Պուտինի և Էրդողանի ընդհանրությունների մասին: Հիմա նույն հեղինակը (Լինդա Վուրստերը) փորձում է հիմնավորումներ կատարել, թե հնարավոր ինչ զարգացումներ կարող են հետևել այս երկու մեծ տերությունների ղեկավարների բարեկամության սերտացմանը:

Թուրքիայի հարցերով փորձագետ Ուդո Շտայնբայխի կարծիքով` «թուրքական ու ռուսաստանյան առաջնորդները միմյանց բողոքելու են Արևմուտքից»: Օրեր առաջ Էրդողանը հստակ հասկացրել էր, որ ինքը հակաարևմտյան հայացքների կրող է` հիշեցրել է քաղաքագետը` մեջբերելով Թուրքիո նորընծա ղեկավարի խոսքերը.

- Նրանք բարեկամ են թվում, նրանք նվաճում են մեր վստահությունը, բայց իրականում նրանք փափագում են տեսնել, թե ինչպես են մեռնում մեր երեխաները (մահմեդականների երեխաները-խմբ.),- հայտարարել է Էրդողանը Իսլամական համագործակցության կազմակերպության առևտրի մշտական կոմիտեի բացման ժամանակ:

Պուտինն էլ, իր հերթին զայրացած է իր երկրի տնտեսությանը մեծ վնաս հասցնող պատժամիջոցներից:

Արդ`

- Պուտինն ու Էրդողանը կկազմե՞ն հակաարևմտյան դաշինք,- հարցնում է Վուրստերը:

Հօգուտ այս վարկածի որոշ փաստեր համադրելով, վերլուծաբանը հիշեցնում է մեկ այլ քաղաքագետի այն կարծիքը, որ ՌԴ նախագահը «ինչ-որ առումով կուռք է թուրքական առաջնորդի համար».

- Արդեն բավական ժամանակ է` Էրդողանը պատճենում է ռուսաստանյան նախագահին` սկսած վարքագծից ու ժեստերից և վերջացրած երկրի ներսում միապետական ղեկավարման ոճով ու Արևմուտքի հանդեպ թերահավատությամբ:

Իհարկե, եթե իսկապես սերտաճեն Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները, ապա կընդարձակվի նրանց ազդեցության ոլորտը: Բնականաբար, այդ պարագայում Հայաստանը նույնպես անհանգստանալու նոր առիթներ կունենա: Սակայն պակաս իրատեսական չէ նաև թյուրքագետ Այդընի կարծիքն առ այն, որ շատ փոքր է հավանականությունը, թե այդ երկու երկրները քաղաքական սերտ միություն կստեղծեն.

- Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ է, և այդ պատճառով նրան չի հաջողվի հեշտորեն անցնել ուրիշ կողմ: Առավել ևս` Ռուսաստանի ու Թուրքիայի միջև գոյություն ունեն հետաքրքրությունների բախումներ:

Բախվող այդ հետաքրքրություններից մեկն էլ, թերևս Հայաստանն է. եթե ոչ ժողովրդագրական նկարագրի, ապա գոնե ներկայիս տարածքի, աշխարհագրական դիրքի հանդեպ երկու տերություններն էլ չեն կարող անտարբեր մնալ: