Նամակը զինվորի համար...


Ամերիկացի հոգեբան, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Նորման Քոուփլենդը 1942-ին առաջին անգամ լույս տեսած իր «Հոգեբանությունը և զինվորը» գրքում անդրադառնում է ռազմական հոգեբանության մի շարք կարևոր տեսակետների: Դրանցից մեկը զինվորի հոգեբանական պատրաստվածությունն է, որի բացակայության դեպքում նույնիսկ ամենալավ ֆիզիկապես պատրաստված զորաբանակը ի սկզբանե պարտության է դատապարտված: Աշխարհի հզորներից մեկը` Նապոլեոնը հաճախ էր շեշտում, որ Ոգու ուժը ֆիզիկականին հարաբերվում է

ինչպես երեքը` մեկին:

Իսկ իրականում ինչի՞ պակաս է զգում զինվորը, ի՞նչը կարող է խորը ազդեցություն թողնել զինվորի հոգեբանության վրա, ի՞նչը կարող է ոգևորել ու ներշնչել զինվորին: Իհարկե, այդ գործոնները կարող են տարբեր լինել` հանգամանքներից կախված և ամեն տարածքի համար սուբյեկտիվ: Սակայն մի բան ակնհայտ է` հայրենի օջախից բազում կիլոմետրեր հեռու մարտական ծառայություն իրականացնող զինվորների դեպքում. մի հանգամանք, որը ընդհանուր է բոլոր սահմանապահ զինծառայողների համար: Նամա´կը: Սովորական նամակը, որը ստանում է զինվորը ծնողից, հարազատներից, սիրած աղջկանից: Նամակը, որի մեջ սակայն այնքան ջերմություն ու սեր կա, որը բավականացնում է խրամատում կանգնած զինվորի սառած մարմինը ջերմացնելու, մտքերի մեջ խճճված մարտիկին սթափեցնելու և ոգևորելու համար: Հոգ չէ, երբ զինվորը կորցնում է մի իր, հագուստ կամ կոշիկ, երբեք այնքան չի տխրի, ինչքան այն դեպքում, երբ կորցնի իրեն ուղարկված նամակը, որը աչքի լույսի պես պահպանում է ամեն մի զինվոր: Հիասթափության պահերին, իսկ այդպիսիք հաստատ լինում են, կարոտի ծանր ապրումների ժամանակ սովորական նամակն է, որ փոխում է ամեն ինչ, բարձրացնում տրամադրությունը, ստիպում պայքարել մինչև վերջ:

Ամերիկյան բանակում կա մի հետաքրքիր սովորույթ. նորակոչիկների ծնողներին բանակի հրամանատարության կողմից ուղարկվում էր գրություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ձեր որդին ` այսինչը, հաջողությամբ Ժամանեց մեր ճամբար: Որոշ ժամանակ նա այստեղ է գտնվելու, որպեսզի ընտելանա բանակային կյանքին և ստանա այն առաջին տարրական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են մեր զինվորներին: Բանակը նրան ապահովում է համազգեստով, լավ սննդով, հարմարավետ կացարանով և բժշկական ծառայությամբ: Բայց ձեր օգնությունը ևս շատ ցանկալի է: Օժանդակեք նրան ձեր հավատով և ուշադրությամբ: Գրեք նրան` որքան հնարավոր է հաճախ: Նամակ ստանալը զինվորի համար մեծ իրադարձություն է, իսկ նամակների բացակայությունը իրապես հիասթափեցնող է: Եթե տանը հաճելի իրադարձություն է տեղի ունենում, անպայման գրեք այդ մասին: Եթե դուք հպարտանում եք ձեր զինվորով, գրեք նրան այդ մասին: Թող նա վստահ լինի, որ միշտ իր հետ եք: Չնեղանաք, եթե ձեր առաջին նամակները ուշ տեղ հասնեն: Երբեմն այդպես էլ է պատահում: Գրեք, ինչպես առաջ էիք գրում, և դուք կհամոզվեք, որ նա կստանա ձեր գրած բոլոր նամակները, եթե նույնիսկ դրա համար որոշ ժամանակ պահանջվի: Միշտ հիշեք, որ դուք նույնպես ամերիկյան բանակի մի մասն եք կազմում, դուք ոգեշնչման և խանդավառության բանակն եք: Ձեր զինվորին այդ զգացումներով տոգորված նամակներ ուղարկեք, և դրանով դուք կօգնեք և´ նրան, և´ մեզ»:

Այս ամենը համառոտ կարելի է ձևակերպել մի քանի բառով, հարգելի´ ընթերցող, գրեք զինվորին, պահպանեք մեր` բոլոր զինվորներիս թիկունքը և մնացածը թողեք մեզ: Մենք պատրաստ ենք ամեն վայրկյան, ամեն ակնթարթ: Իսկ դրա վկայությունը վերջին իրադարձություններն էին: Դրա վառ ապացույցն է հերոսաբար մարտիրոսված ավագ լեյտենանտ Զորիկ Գևորգյանը, և բոլոր այն տղաները, ովքեր իրենց արյան գնով պաշտպանեցին ու ազատագրեցին մեր հողերը: Հավերժ փառք նրանց:

Արա ԲԱՂՈՒՄՅԱՆ