$ 45 միլիոն` միայն գլխագին


Ինքնակոչ իրենց պետության բյուջեն ու սեփական գրպանները լցնելու արյունարբու մեթոդ է որդեգրել «Իսլամական պետությունը»: Գրավյալ տարածքներում առկա նավթի պաշարները ևս շուկայում իրացնելով, ըստ որոշ աղբյուրների` ԻՊ-ն օրական 3 միլիոն դոլար է ստանում: Սակայն դա չի բավարարում խաչակրաց արշավորդներին: Մարդկանց առևանգելով և նրանց կյանքի դիմաց գլխագին պահանջելով` դրա կնքահայրերն է´լ ավելի մեծ եկամուտներ են ստանում:

Սիրիայի և Իրաքի արդեն մեծ մասն իր վերահսկողության տակ առած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը անցնող տարում իր բյուջեն հարստացրել է 35-45 միլիոն դոլարով` միայն պատանդների գլխագին ստանալու հաշվին: Այս մասին անցյալ շաբաթ հայտարարել է ՄԱԿ-ի փորձագետը (հաղորդել է AssociΖted Press գործակալությունը):

- Ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեի նիստում հաղորդել է Յոտսնա Լալջին` 2004-ից մինչև 2012 թվականը ահաբեկչական կազմակերպություններին վճարվել է ընդհանուր առմամբ 120 միլիոն դոլար գումար,- գրել է գործակալությունը:

Փորձագետի հավաստմամբ վերջին տարիներին «Ալ-Քաիդան» և դրա հետ կապված կազմակերպությունները մարդիկ են հափշտակել` եկամուտ ստանալու նպատակով: Փորձագետը հիշեցրել է 2012 թ. հոկտեմբեր ամսին տարածված այն տեսագրությունը, որով «ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ-Ջավահիրին իրենց գրոհայիններին կոչ էր անում Արևմուտքից մարդիկ առևանգել:

Շատ կառավարություններ վճարում են իրենց քաղաքացիների փրկության գլխագինը: Սակայն ԻՊ-ի գրոհայինների ձեռքով մահապատժի ենթարկված ամերիկացի գերյալների հարազատները դժգոհել են, որ ԱՄՆ-ը բավարար չափով չի գործել, որպեսզի փրկի իրենց հարազատներին: