Մայր տաճարից ծավալվող թանգարանային զրույցներ


Տեխնոլոգիաների գերիշխանության մեր ժամանակներում դյուրին չէ մարդկանց ուշագրավ նախաձեռնություններով գայթակղելը: Հանրային հետաքրքրությունը նվաճելու համար միջոցների միջև խտրություն չեն դնում խոշոր դրամագլուխ ունեցող մասնավոր ընկերությունները: Ցածրարվեստ գեղարվեստական արտադրանքը, հեղեղելով արդի մշակութային շուկան, հանրային գիտակցության մեջ արմատավորում է նեղմիտ քաղքենիական սպառողական հոգեբանություն, պատվաստում հոգևոր-բարոյական սին արժեհամակարգ:

-Միջազգային վիճակագրության տվյալներով, մշակութային հաստատություններից ամենապահանջվածներն այսօր, դատելով այցելուների հարաճուն թվաքանակից, թանգարաններն են, - հավաստում է Գլինկայի անվան երաժշտական մշակույթի համառուսաստանյան թանգարանային միավորման (ԵՄՀԹՄ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Լիսենկոն: - Այդուհանդերձ, օրավուր դժվարանում է «մշակութային խառնածին հաշիշի» անսահմանափակ ներարկումների մարդավերության վնասազերծումը: Նույնիսկ պետական անվտանգության տեսակետից է օրվա հրամայական դառնում 21-րդ դարի քաղաքացու հոգեկերտվածքի բարեփոխումը, համատարած զոմբիացման կասեցումը: Այս իրողությունների հստակ գիտակցությամբ վերստին իրար ձեռք մեկնեցին ԱՊՀ երկրների իշխանությունները: Ունենալով խորհրդային խաղաղ ու ստեղծագործ համակեցության 70-ամյա փորձառություն, անհամեմատ արագ և արդյունավետ փոխըմբռնման հասան` անկախական թոհուբոհով անջրպետված սերունդներին մտերմացնելու միջմշակութային համագործակցության սերտացման խելամիտ մարտավարությամբ: ՀՀ և ՌԴ մշակույթների նախարարությունների անմիջական նախաձեռնությամբ «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» համաժողովն էլ այդ անթաքույց ակնկալությամբ էր կազմակերպվել:

Փարիսեցիության համաճարակի մեր օրերում անվրեպ էր ընտրվել մեկնակետը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան և երկնահաճո օրհնության առաջին խոսնակը` Մայր աթոռի թանգարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:

Այնուհետև թանգարանային ժառանգության պահպանության, նորովի լիարժեք հանրաճանաչման շուրջ ծայր առած հայ-ռուսական բազմամարդ զրույցները Մայր տաճարից ծավալվեցին դեպի Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Այստեղ հայ և ռուս մտավորականների թանգարանային զրույցին միացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ ԵՄՀԹՄ պահոցների եզակի նմուշներով ձևավորված «Երկու հսկա. հայացք 21-րդ դարից» ցուցադրությանը: Ամենքի հետ գոհունակություն ապրեց. նույն 1873-ին ծնված և 40-ամյա ստեղծագործական և անձնական բարեկամությամբ ռուս երաժշտարվեստը փառավորած կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Սերգեյ Ռախմանինովի և մեծատաղանդ օպերային երգիչ Ֆեոդոր Շալյապինի անխամրելի արվեստն ապրեցվում է: Այն էլ` իր էությամբ հայ և ռուս ժողովուրդների մշակույթների զուլալ ակունքների նույնքան տաղանդավոր միահյուսմամբ 20-րդ դարի համաշխարհային երաժշտության անշփոթելի անհատականության իրավունքը նվաճած Արամ Խաչատրյանի հյուրընկալ տանը: Եվ, Շալյապինի երգեցողության ու Ռախմանինովի դաշնամուրային նվագի հնամենի ձայնագրությունների անակնկալ պտույտով, «Արամ Խաչատրյան» տրիոյի կենդանի կատարումներով մի սքանչելի երաժշտական գոբելեն ձևավորվեց այս 3 հանճարների արվեստը նորօրյա երաժիշտներով պանծացնող համերգային ծրագրով: Հոգևոր-բարոյական անհրաժեշտ խթաններով հաջորդիվ կառուցողական աննախադեպ ընթացք ստացան Մատենադարանի հրաշակառույցի` նոր մասնաշենքի կամարների ներքո ծավալված թանգարանային զրույցները:

-Արդյո՞ք երկուստեք իրենց լավագույն ցուցամնուշներն են ներկայացնելու համատեղ ցուցադրություններում:

Պատասխանելով «Ավանգարդի» այս հարցին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մանրամասնեց.

Ներկա համաձայնագրում ներգրավված բոլոր թանգարաններն, անշուշտ, միայն իրենց հավաքածուների ընտրանիով պիտի ներկայանան թե´ Հայաստանի, թե´ Ռուսաստանի արվեստասեր հանրությանը: Հայ-ռուսական 9 խոշորագույն թանգարանների միջև են կնքվում համագործակցության դաշնագրեր: Միայն Էրմիտաժը չկա, քանի որ իր կազմավորման 250-ամյակին է պատրաստվում, բայց, գիտեք, մեր Հովսեփ Օրբելու մեծ ավանդը կա Մեծ Հայրենականի հայտնի «բլոկադայի» ժամանակ պետերբուրգյան այդ շքեղ թանգարանի հարստության պահպանման դժվարին գործում: Անկախական գոյատևման 25 տարիների ընթացքում առաջին անգամ է այսպիսի ծավալի միջպետական ծանրակշիռ համաձայնագիր ստորագրվում ՀՀ և ՌԴ միջև:

-Մինչ հայկական կողմից առաջարկ ստանալը, մենք արդեն 2 տարի է, ինչ ձեռնարկել էինք Գեորգի Յակուլովի անհատական ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքները , - ասում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցության պայմանագիրը ստորագրած մոսկովյան Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Իրինա Լեբեդևան: - Դեռ խորհրդային տարիներին մեր պահոցները պարբերաբար համալրվել են ներկայիս ԱՊՀ երկրների կերպարվեստի լավագույն նմուշներով: Մենք նաև Մարտիրոս Սարյանի մի կտավ ունենք, որի մասին նույնիսկ չգիտեին շատերը: Փոխադարձ գործնական կապեր միշտ ենք ունեցել: Այս համաձայնագիրը պարզապես նորովի ամրագրում է դրանց հեռանկարները, նոր ձևաչափ հաղորդում հայ-ռուսական «թանգարանային երկխոսությանը»: ՀՀ նախագահի հետ ունեցած զրույցներում էլ մենք կարևորեցինք մասնագիտական համակողմանի, լրջագույն իմաստավորումը նոր հունի մեջ դրվող տասնամյակների համագործակցության: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հրաշալի վերականգնողական կենտրոն ունենք, որի աշխատակիցները էապես կխթանեն ձեր պատկերասրահի հավաքածուի պահպանման գործընթացը:

Խնամքով քննարկվեցին և ճշգրտվեցին մարդկության մշակութային ժառանգության հայ-ռուսական 9 խոշորագույն պահոցների բազմաշերտ փոխշահավետ համագործակցության միջպետական երաշխիքները: Երկամյա աշխատանքային ծրագրի արդյունքները կամփոփվեն ռուսական համաժողովում: Հուսանք, երկուստեք ջանք ու եռանդ չեն խնայի հայ-ռուսական միջմշակութային բազմամարդ այս երկխոսության հարկավոր արգասաբերությունն ապահովելու համար:

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ