Ամենակարևորը հավատն է


Հայրենիքի նկատմամբ սերը ցանկացած ազգի լինելիության գրավականն է:

Հայրենասերն այն մարդն է, ով ճանաչում է իր երկրի թշնամուն, պաշտպանում է իր պետության շահերը, պատրաստ է կյանքը զոհել հանուն Հայրենիքի: Ճշմարիտ հայրենասիրության մասին է զրույցը երաժիշտ կատարող Վարուժ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ:

- Մի քանի խոսք` Ձեր մասին:

- Ամենակարևորը... ծնվել եմ Ժամանակին: Այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր ծառայել երկրիս:

- Հայրենասեր մարդու Ձեր բնորոշումը: Մենք ունե՞նք լավ հայրենասերներ:

- Այսօր ով չալարի` կխոսի հայրենասիրությունից: Ես գերադասում եմ հայրենատերը և ինձ համարում այդպիսին: Հայրենասերները լավ կամ վատ չեն լինում: Հայրենիքը կամ սիրում են, կամ չեն սիրում: Դրա վառ ապացույցն է Եռաբլուրը և Եռաբլուրին չարժանացած, բայց Հայաստանի մյուս գերեզմանատներում հանգչող մեր ընկերները:

- Ի՞նչը կարող է միավորել հայրենասերներին:

- Հայրենասերներին միավորում է մի միասնական հայրենիք ունենալու գաղափարը, և հանուն այդ գաղափարի մենք պատրաստ ենք տալ մեր կյանքը ու... նաև` խլելու թշնամու բազում կյանքեր: Ես չեմ համարում, որ հնարավոր է ինչ-ինչ պատճառներով կոտրել միասնականությունը ռազմի դաշտում. գնդակը հավասար է դիպչում բոլորին:

- Հավատու՞մ եք, որ կգա մեր ժողովրդի համախմբման ժամանակը:

- Ես մի բան հաստատ գիտեմ, որ վտանգի պահին բոլորս մի մարդու նման զենք կվերցնենք:

- Ի՞նչ հասարա-կական պահանջ է դրված հայրենասեր մարդու առջև:

- Ոչ միայն հայրենասերը, այլ ամեն ՀԱՅ պարտավոր է գիտակցել, որ ինքը հասարակության հարազատ մասնիկն է` սկսած երկրի նախագահից վերջացրած այդ նախագահից նեղացած քաղաքացուց:

Ամենից շատ ինձ անհանգստացնում է երկրի շատ իշխանավորների արհամարհանքը և ատելությունը սեփական ժողովրդի հանդեպ: Ինձ անհանգստացնում է Եռաբլուրից եկող աղաղակները, որոնք լսելի չեն որոշ իշխանավորների:

- Ի՞նչ խոսք կուղղեք հայ մտավորականներին ու երիտասարդներին:

- Նայած թե ով ինչ է հասկանում` մտավորական ասելով: Եթե բեմերի վրա տկլորացողներին ի նկատի ունեք` ես լռում եմ: Փոխում են բարքերը, այլանդակում մեր նկարագիրը` բառիս բուն իմաստով, աղավաղում ամեն ինչ, աղջիկները դադարել են հանելուկ լինել...

- Եթե կարողանայիք ժամանակը հետ տալ, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

- Ես երբեք ժամանակի տերը չեմ լինի, իսկ իմ կյանքում ամեն ինչ ճիշտ է:

- Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:

- Այո կա. չեմ կարող չասել, որ սիրում եմ ընտանիքս, երեխաներիս, կնոջս, աշխատանքս և այս խենթ ու խելառ արվես-տագետի իմ կյանքը:

- Ձեր հորդորը` մեր ընթերցողին:

- Երբեք մի կորցրեք լավի նկատմամբ ձեր հավատը, նայեք երեք, հինգ, տասը հազար տարի ետ ու մտածեք` ո՞վ եք եղել, ո՞վ եք և ի՞նչ եք լինելու: Ամենակարևորը` ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ