Ուղեկցորդուհին կիսամերկ էր նկարվել

ԱՆՎԱՆԴԱՊԱՇՏՆԵՐՆ ՈՒ ՉԱՐԻՑ ԶԱՐԿՎԱԾՆԵՐԸ

Turkish Airlines ավիաընկերությունը 31-ամյա ուղեկցորդուհի Զուհալ Սենգուլին ազատել է աշխատանքից: Ընկերության ղեկավարությունը չի հանդուրժել նրա ներկայությունը` տեսնելով լողազգեստով ու էրոտիկ սպիտակեղենով լուսանկարները (տեղեկացրել է Metro-ն):

Թռիչքներից ազատ ժամանակ Զուհալը վաստակել է` որպես մոդել նկարահանվելով իտալական մի քանի ամսագրերի համար: Բարետես կինը նկարվել է նաև գովազդային ու երաժշտական տեսահոլովակներում: Կարևոր է նշել, որ նա ամբողջովին մերկ չի նկարահանվել: Այսուհանդերձ, ավիաընկերությունը նրան հեռացրել է աշխատանքից` «անվայել վարքի» համար:

Թուրքական խոշորագույն այս օդընկերության ներկայացուցիչները վերջին շրջանում հաճախ են շեշտում, որ ձգտում են ստեղծել «ավելի պահպանողական, հանգիստ և կրոնական կերպար»: Անգամ իրենց կանոնադրության մեջ լրացում են կատարել, որ աշխատակիցներն աշխատանքի պետք է ներկայանան «փակ հագուստով»: Նախկինում ուղեկցորդուհիներին նույնիսկ արգելել են շրթներկ օգտագործել:

Վերջին միջադեպը, սակայն, մեծ աղմուկ է բարձրացրել, և Turkish Airlines-ի ղեկավարությունը ստիպված է եղել արդարանալ հայտարարելով, թե լրագրողներն իրենց ճիշտ չեն հասկացել: